Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրյալ դատավորի անհատական դիմումը ՍԴ-ն մերժեց

Հունիս 02,2023 13:00

ՍԴ-ն նույն օրը մերժեց մեկ այլ դատավորի դիմումը նույնպես

2023 թվականի ապրիլի 21-ին Սահմանադրական դատարան դիմած մեղադրյալ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը հայտնել էր, որ իր կողմից վկայակոչված Բարձրագույն դատական խորհրդի որոշումներից հետեւում է, որ ինքը հանդիսացել է մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննող պատշաճ կամ օրենքի հիման վրա ստեղծված կամ օրինական լիազորություն ունեցող դատարան:

Ըստ դիմումատու դատավորի՝ ի կատարումն դատարանի նախագահի պաշտոնակատարի հանձնարարության, ինքը լիազորված չէր վերոհիշյալ միջնորդությունը փոխանցել դատավոր Արմեն Շիրոյանին, ուստի, նշված միջնորդությունը դատավոր Արմեն Շիրոյանին չփոխանցելով՝ ինքը դուրս չի եկել իր լիազորությունների շրջանակից: Դիմողը խնդրել էր. «ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված անձնական ազատության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասը եւ 288-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ թիվ ԵԴ/1240/06/22 դատական վարույթով առաջին ատյանի, վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների կողմից տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ այնքան ժամանակ, քանի դեռ արարքում հանցակազմի բացակայության կամ արարքի նկարագրության եւ քրեական հետապնդման մարմնի կողմից անձի արարքին տրված իրավական որակման միջեւ ակնհայտ անհամապատասխանության հարցը կայացրած դատավճռով չի գնահատել գործն ըստ էության քննող դատարանը, մեղադրյալը չի կարող ակնկալել արարքում հանցակազմի բացակայության կամ արարքի նկարագրության եւ քրեական հետապնդման մարմնի կողմից անձի արարքին տրված իրավական որակման միջեւ ակնհայտ անհամապատասխանության պատճառաբանությամբ իր ազատության իրավունքի իրացում՝ չնայած նրան, որ արարքում հանցակազմի բացակայությունը կամ արարքի նկարագրության եւ քրեական հետապնդման մարմնի կողմից անձի արարքին տրված իրավական որակման միջեւ ակնհայտ անհամապատասխանությունն արդեն իսկ ակնհայտ են ավելի վաղ փուլում, մասնավորապես՝ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթում, կալանքի կիրառման կամ կալանքի ժամկետի երկարաձգման հարցի քննության ընթացքում»:

Դիմողը նշել էր, որ Վճռաբեկ դատարանի 2023 թվականի մարտի 29-ի որոշման մեջ անմիջականորեն չեն վկայակոչվել վիճարկվող դրույթները, սակայն իր համար իրավական հետեւանքներ է առաջացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի եւ 288-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կիրառումը՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական ազատության իրավունքին հակասող մեկնաբանությամբ: Դիմողն ընդգծում է, որ թիվ ԵԴ/1240/06/22 դատական գործի շրջանակներում դատարանները չեն վերլուծել եւ չեն գնահատել իր պաշտպան Ա. Մանուկյանի այն փաստարկը, որ իր արարքում բացակայում է քրեական հետապնդում հարուցելու մասին որոշմամբ իրեն մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ու 5-րդ կետերով նախատեսված հանցակազմը:

Մայիսի 16-ին ՍԴԱՈ-48 որոշմամբ մերժվեց դատավորի անհատական դիմումը քննության առնել. «Սույն դիմումով ներկայացված դիրքորոշումներով բարձրացվում է ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերով դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթների կիրառման իրավաչափությանն առնչվող հարց, որի քննարկումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից»: Ի դեպ, նույն օրը ՍԴ-ն մերժել է Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը նույնպես: Նա դատարան էր դիմել 2023 թվականի ապրիլի 13-ին:

Դիմողի պնդմամբ՝ «Անառարկելիորեն սահմանափակվել է իր մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, մասնավորապես, մի դեպքում` դադարեցվել է իր մասնագիտական գործունեությունը, իսկ մյուս դեպքում՝ քրեական հետապնդումն արդարացնող հիմքով դադարեցվելուց հետո ինքը ձեռք է բերում ավելի ցածր կարգավիճակ, քան ուներ մինչ այդ»: Դիմողը նշում է, որ սույն դիմումով վիճարկվող նորմերի՝ Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 8-ի թիվ ԲԴԽ-18-Ո-63 որոշմամբ կիրառման արդյունքում ինքը՝ «… հանդիսանալով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական դատարանի դատավոր, այլ կերպ զբաղեցնելով պաշտոն եւ համապատասխան կարգավիճակ, այլեւս այն չի զբաղեցնում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Ըստ նրա՝ կիրառված նորմի արդյունքում՝ իր կամքից անկախ հանգամանքներում քրեական հետապնդումը չի ավարտվել մեկ ամսվա ընթացքում, իսկ իր կարգավիճակն անգամ արդարացման դեպքում կրկին վատթարանալու է՝ վերածվելով «ռեզերվային դատավորի», այսինքն՝ ցանկացած պարագայում անհնարին է նախկին կարգավիճակի վերականգնումը:

Ըստ դիմողի՝ որոշակիացված չէ, թե ինչ է սպասվում այն դատավորին, որի նկատմամբ արդարացման դատավճիռ կկայացվի:

«Առավոտ» օրաթերթ
01.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930