Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի ծննդյան 100-ամյակին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԿ գիտական գծով պրոռեկտոր, արվ. թեկնածու, դոցենտ Ծովինար Մովսիսյանը՝ նշելով Էդուարդ Փաշինյանի անգնահատելի վաստակը երաժշտագիտության զարգացման գործում:
Իր Ուսուցչի մասին խոսքով ելույթ ունեցավ ԵՊԿ Երաժշտության տեսության ամբիոնի վարիչ, արվ. թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ստեփանյանը: Ընդգծվում էր Էդուարդ Փաշինյանի հավասար պրոֆեսիոնալիզմը ե՛ւ որպես երաժշտագետ, ե՛ւ որպես կոմպոզիտոր, ե՛ւ որպես մանկավարժ: Իր նորարարություններով նա բարձրացրեց հայ երաժշտական միտքը համաշխարհային մակարդակի: Հատկապես իր կողմից առաջարկված Ունիվերսալ գերլադային տոնայնական համակարգը կարող է պատվավոր տեղ զբաղեցնել 20-րդ դարի համաշխարհային երաժշտագիտութան ամենահայտնի տեսությունների կողքին: Է. Փաշինյանի կողմից ստեղծված Հարմոնիայի եւ Պոլիֆոնիայի դասագրքերն այդ ոլորտի առաջին եւ միակ հայալեզու դասագրքերն են:
Որպես մանկավարժ նա աչքի էր ընկնում իր խստապահանջությամբ, միեւնույն ժամանակ օբյեկտիվությամբ, բարությամբ, հոգատարությամբ: Նրա մեթոդաբանությունն ուղղված էր նախ եւ առաջ ուսանողի՝ որպես անհատ զարգացնելու, սեփական ուժերին հավատալու եւ նպատակներին ինքնուրույն հասնելու ունակության բացահայտմանը:
Կարդացեք նաև
Հայ երաժիշտների բազմաթիվ սերունդներ դարձել են արվեստի հայտնի գործիչներ եւ առաջատար մասնագետներ իրենց ուսուցչի՝ Էդուարդ Ռուբենի Փաշինյանի շնորհիվ:
Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի արվեստի բուհերի եւ երաժշտական քոլեջների ուսանողները: Նրանք անդրադարձան ինչպես Էդուարդ Փաշինյանի բազմաոլորտ գործունեությանը, այնպես էլ այլ թեմաների:
«Առավոտ» օրաթերթ
01.06.2023