Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենասիրությունն» աշխատավարձով չի լինում

Հունիս 02,2023 12:00

Պարտվում ենք նաեւ մեր քաղաքական ապաշնորհ դաշտի պատճառով

«Առաջին Հանրապետությունը չունեցավ ժամանակ. մենք դեռեւս ունենք: Առաջին Հանրապետությունը չկարողացավ կանգուն մնալ 20 թվականի պատերազմից հետո, մենք կանգուն ենք 20 թվականի պատերազմից հետո եւ կառուցում ենք մի հայրենիք-պետություն, որն այստեղ է եւ հիմա է, եւ մենք այլեւս չենք գնալու նոր հայրենիք փնտրելու, որովհետեւ մեր հայրենիքը մեր պետությունն է», սա Սարդարապատում՝ Հանրապետության տոնի առիթով մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձից մեկ հատված է: Նա շարունակել է. «Այդ պետությունը եւ նպատակ է, եւ միջոց: Նպատակ է, որովհետեւ հենց պետությունը կարող է լավագույնս արտահայտել իր հիմնադրի՝ ժողովրդի շահը, միջոց է, որովհետեւ հենց պետությունը կարող է լավագույնս արտահայտել իր հիմնադրի՝ ժողովրդի շահը: Իսկ այդ շահը պարտադրում է ունենալ անվտանգություն, բարեկեցություն եւ երջանկություն՝ մեր բազմաչարչար ժողովրդի համար, իսկ դա հնարավոր է՝ հարեւանների հետ կարգավորված հարաբերությունների պայմաններում, միայն ու միայն խաղաղության պայմաններում, մի բան, որ չունեցավ Առաջին Հանրապետությունը, մի բան, որ, ցավոք, դեռեւս չունի Երրորդ Հանրապետությունը: Հենց այս է պատճառը, որ մենք որդեգրել եւ հետեւողական իրագործում ենք խաղաղության օրակարգը, որովհետեւ մեր բոլոր նահատակներն ընկել են հանուն սեփական ժողովրդի երջանկության եւ ոչ տառապանքի, ու բարեկեցիկ, զարգացած, ապրող ու անվտանգ Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստան պետությո՛ւնը, որ պիտի հավերժ խաղաղություն բերի մեր բոլոր նահատակների հոգիներին»:

Նույն օրը Հանրապետության տոնի առիթով Արամ Մանուկյանի արձանի մոտ Հայ Հեղափոխական Դաշնակցության կազմակերպած «Տեր ենք մեր հայրենիքին» միջոցառման ժամանակ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը վստահեցրել է, պայքարելու են՝ «թույլ չտալու համար, որ օրվա իշխանությունը երկիրը հանձնի թշնամուն»։ «Հանձնվելու օրակարգը մեր ժողովրդի օրակարգը չէ, հետեւաբար, հայ ժողովուրդը պայքարելու է իր հայրենիքի համար, եւ ցանկացած փաստաթուղթ, որն ընդունվելու է այս իշխանությունների կողմից, որով Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, առ ոչինչ է, լեգիտիմություն չունի, եւ մեր ժողովուրդը դա չի ընդունելու։ Ջրբաժանը հստակ է. ջրբաժանի մի կողմում մարդիկ են, ովքեր պատրաստ են պայքարել հայրենիքի համար, ում համար մեր հայրենիքի յուրաքանչյուր թիզը սուրբ է եւ պատրաստ են անձնազոհությամբ պահել եւ պաշտպանել այն, իսկ ջրբաժանի մյուս կողմում իրենց երկրում տնվորի կարգավիճակով ապրող այս իշխանություններն են, ովքեր իրենց հայրենիքի համար «կադաստրի վկայական» են աղերսում թշնամուց, ովքեր իրենց հայրենիքում ապրելու իրավունքն աղերսում են թշնամուց: Ջրբաժանը հստակ է. կամ օրվա իշխանության վարած օրակարգի, այսինքն՝ հանձնվելու եւ ստրկության ճանապարհն է, կամ պայքարի։ Ես հստակ ասում եմ՝ շատ ժամանակ չունենք, դանակը վաղուց հասել է ոսկորին։ Օրվա իշխանությունը շատ հստակ հրապարակել է երկիրը հանձնելու ճանապարհային քարտեզը եւ ժամանակացույցը։ 2023թ. հայ ժողովրդի եւ հայ մարդու համար ճակատագրական տարի է։ Ես այսօր՝ այս խորհրդանշական վայրում կասեմ հետեւյալը, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով ու միջոցներով պայքարելու է մինչեւ վերջին շունչը, մեր ժողովրդին ոտքի է հանելու եւ առաջնորդելու է պայքարը եւ ներքին ու արտաքին թշնամուն դուրս է վռնդելու մեր երկրից։ Այո, նոր Սարդարապատ լինելու է, եւ այդ Սարդարապատում մենք հաղթելու ենք», ասել է Իշխան Սաղաթելյանը։

Հայաստանի վարչապետի եւ խորհրդարանական ընդդիմության առաջնորդի վերոնշյալ ելույթները հնչել են մեկ այլ ելույթի ֆոնին: Ճիշտ նույն օրը Ալիեւն էլ Լաչինից սպառնալիքների տարափով հանդես է եկել ընդդեմ Հայաստանի ու Արցախի, այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները շարունակ հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Որոշ դրվագներ էլ Ալիեւի ելույթից մեջբերենք. «Սահմանների դելիմիտացիան իրականացվելու է Ադրբեջանի պայմաններով», «Թող բոլորը տեսնեն, որ մենք այսօր այստեղ ենք ու այստեղ ենք միշտ լինելու: Թող իմանան, որ հայկական գյուղերն այստեղից տեսանելի են: Թող այդ մասին չմոռանան»:

Թեեւ Ալիեւը նկատել է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետեւաբար` «Խաղաղության պայմանագրի ստորագրման համար չի մնացել որեւէ լուրջ խոչընդոտ», այնուամենայնիվ, նա հավելել է` «խաղաղության պայմանագիրը» կարող է կնքվել մոտ ապագայում, եթե, նրա ձեւակերպմամբ` «Հայաստանը կրկին չխաբի ու կրկին չփոխի իր դիրքորոշումը»։ Նա հավելել է. «Կստորագրվի՝ շատ լավ, չի ստորագրվի՝ ցանկացած դեպքում, ադրբեջանական պետությունը դրա պատճառով ոչ մի խնդրի չի բախվի, քանի որ մենք ուժեղ կողմն ենք, մենք ամուր դիրք ունենք բանակցային սեղանի շուրջ, ամուր դիրքեր ունենք սահմանին։ Առանց խաղաղության պայմանագրի ստորագրման էլ մենք հանգիստ կապրենք՝ անվտանգության մեջ»։

Ապա, նա խոսքն ուղղել է Արցախին: «Այսօր ոչ ոք չի խոսում ո՛չ անկախության, ո՛չ ինքնավարության մասին։ Ուղերձները, որոնք մենք վերջին ժամանակներս ստանում ենք, այսպիսին են. «Իսկ ի՞նչ կլինի այնտեղի ղեկավարության հետ, նրանց նկատմամբ համաներում կտարածվի՞»։ Ես պատասխանում եմ՝ դրա շուրջ պետք է մտածել»,- ասել է Ալիեւը, ապա հնչեցրել է, իր իսկ ձեւակերպմամբ, այն «պայմանները», որոնց դեպքում Արցախի իշխանությունների նկատմամբ իրենք «զիջումների կգնան»։ «Բոլորը գիտեն, որ այսօր Ղարաբաղում մենք ցանկացած հնարավորություն ունենք՝ գործողություններ իրականացնելու համար։ Այդ պատճառով խորհրդարանը պետք է ցրվի, իսկ նա, ով իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները պետք է հեռացվեն պաշտոններից։ Միայն այդ դեպքում մենք նրանց նկատմամբ զիջումների կգնանք։ Միայն այդ դեպքում խոսք կարող է գնալ համաներման մասին»։ Ալիեւը հավելել է նաեւ, որ ԼՂ-ի ներկայացուցիչները երկու անգամ հրաժարվել են Բաքվում երկխոսությունից, երրորդ առաջարկ չի լինելու։ «Իմ ներկայացուցիչը գնաց եւ նրանց հետ առաջին հանդիպումը անցկացրեց (2023թ. մարտի 1-ին), որից հետո նրանց հրավիրեցինք Բաքու՝ երկխոսության, նրանք հրաժարվեցին, դրանից հետո երկրորդ անգամ հրավիրեցինք Բաքու, նրանք էլ մերժեցին: Երրորդ հրավեր չի լինելու, կամ իրենք կգան գլուխները կախ, կամ իրադարձություններն այլ կերպ կզարգանան»։

Համարժե՞ք են հայաստանյան իշխանության ու ընդդիմության ելույթները, կեցվածքը, քայլերը Հայաստանի ու Արցախի գոյությունը որպես սպառնալիք համարող թշնամի պետության ղեկավարի ելույթների ֆոնին: Ամեն մեկը խոսում է իր օրակարգին համապատասխան, կարծես անտեսելով անհերքելի իրողություններ:

Ընդդիմադիրների «փորացավը» սա էր` «դո՛ւրս քշենք ԵՄ դիտորդներին Հայաստանի տարածքից», «ՀԱՊԿ-ի կոնտինգենտը բերե՛նք Հայաստան…»: Համեստաբար չեն ասում` «որպեսզի Պուտինը գոհ լինի մեզանից»: Կամ, մեր ընդդիմադիրների նշյալ մտքերը` «ՀԱՊԿ զորավարժությունը լեգիտիմ հնարավորություն է Հայաստան նոր զենք-զինամթերք բերելու…»: Այս մասին հայտարարողները, սակայն, մինչեւ հիմա որեւէ հոդաբաշխ բացատրություն չունեն, հարկ չեն համարում անդրադառնալ հարցին, ինչո՞ւ ռուսական կողմը վճարված գործարքով զենք չի տալիս Հայաստանին, կամ` եթե ՌԴ-ն պատերազմական իրավիճակում անհրաժեշտ քանակությամբ սպառազինություն չունի` ինչո՞ւ չի վերադարձնում Հայաստանին վճարված գումարները: Մեկ այլ ընդդիմադիրի միտք` «Զանգեզուրի միջանցքով շահագրգռված է Արեւմուտքը. այդ կերպ փակվում է դեպի Իրան ճանապարհը»: Վե՛րջ, իսկ ռուսական կողմի հայտարարություններին, ակնարկներին նեղություն էլ չեն քաշում ծանոթանալ, վերլուծել, կարեւոր «ուղերձն» ասացին, վերջակետը դրեցին:

Ընդամենը մի քանի օր առաջ Մոսկվայից հայտնեցին, որ հայ-ադրբեջանական Խաղաղության պայմանագրի մաս հանդիսացող հաղորդակցությունների ապաշրջափակման փաստաթուղթը գրեթե պատրաստ է… Սակայն հայաստանյան որեւէ «ընդդիմադիրի» այս հարցը վստահաբար չի անհանգստացնում:

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը «Հայաստանի եւ Ռուսաստանի պատկերների փոխադարձ ընկալումը» կլոր սեղանի ընթացքում ասել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մաս հանդիսացող հաղորդակցությունների ապաշրջափակման փաստաթուղթը գրեթե պատրաստ է, նրա խոսքով` «մնացել են տեխնիկական հարցեր», փաստաթուղթը գրեթե պատրաստ է եւ չնչին փոփոխություններ են արվում։ Պալտովը նշել է, որ վերջին քայլն է մնացել, որ կողմերը պետք է անեն։ Նա նաեւ հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-9-ը Մոսկվայում կընդունի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Ես ներկա եմ եղել Փաշինյանի հետ մեր նախագահի հանդիպմանը: Նրանք տետ-ա-տետ հանդիպում են ունեցել։ Ինձ թվում է, որ նրանք երկու ժամից ավելի խոսեցին», պատմել է Պալտովը։

Իրականում, ցավալի է արձանագրել, որ մենք պարտվում ենք նաեւ մեր քաղաքական ապաշնորհ դաշտի գոյության պատճառով: Նրանք սերտել են բացառապես մեկ դաս` ինչպես քաղաքական դաշտում մնալ «ջրի երեսին»: Այս մասին ոչ ոք չի խոսում, կամ` ընդունված չէ խոսել:

Քաղաքական որոշ ուժերի ու քաղաքական որոշ «գործիչների» համար հայրենիքի մասին «մտահոգվելը» ինչ-որ պահից սկսած դարձել է «աշխատավարձով» գործ: Այո՛, Հայաստանում «հայրենասիրությունը» վճարովի աշխատանք է: Մարդիկ ակտիվ կլինեն, կվազեն մամուլի մի ակումբից մյուսը` շաբաթը 5 օր, Ֆեյսբուքում «լայվի» կոճակ կսեղմեն, ամենօրյա ռեժիմով «ստատուսներ կգրեն» ամեն ինչի մասին` միայն այն դեպքում, երբ ինչ-որ մեկը կգնահատի նրանց «անձնուրաց» կեցվածքն ու «տաղանդը»:

Սա է նաեւ պատճառը, որ մենք պարտվել ենք ու շարունակում ենք պարտվել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930