Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «գործով տեղի է ունեցել արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ»

Հունիս 02,2023 14:00

Այս տարեսկզբին «Առավոտը» բարձրաձայնեց մի խնդրի մասին, որին տարբեր դիտարկումներով արձագանքեցին մի քանի փաստաբաններ: Մասնավորապես, «Առավոտ» օրաթերթում «Վտանգված արդարադատություն» հրապարակումը վերաբերում էր մի վարչական գործի, որով հարկադիր կատարողի որոշումների անհարկի կասեցմամբ մինչ օրս ի կատար չի ածվում երեխային մյուս ծնողին հանձնելու՝ դատական ակտի պահանջը: Մեր դատական պրակտիկայում կարծես նորմ էր դառնում արատավոր մի երեւույթ, երբ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հարկադիր կատարողի կողմից կատարողական գործողությունները բացահայտ չէին կատարվում, քաղաքացիները, նրանց շահերը ներկայացնող փաստաբանները բարձրացնում էին օրենսդրությունը վերանայելու հարցը: Փաստաբաններից շատերը մեր զրույցների ժամանակ հավելում էին, որ հիշյալ վարչական գործով դատարանների թույլ տրված խախտումները հաստատապես առիթ են դառնալու Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած հերթական որոշման համար, այն դեպքում, եթե օր առաջ չվերականգնվեն վարչական գործով երրորդ անձի, այն է՝ վարչական վարույթով պահանջատիրոջ՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ եւ 8-րդ հոդվածներով երաշխավորվող հիմնարար իրավունքները։ «Այլեքս» փաստաբանական գրասենյակի փաստաբան Հասմիկ Օհնիկյանն այս տարեսզբին բարձրաձայնել էր, որ ընտանեկան գործերից մեկով չի կատարվում օրինական ուժ ստացած դատական ակտն այն պատճառով, որ վարչական դատարանը կասեցրել է դրա կատարմանն ուղղված հարկադիր կատարողի որոշումների կատարումը («Առավոտ», «Պարտապանները նպատակ են հետապնդում ձախողել իրենց դեմ կայացված դատական ակտերի կատարումը» 07.02.2023): Երեկ զրուցել ենք «Այլեքս» փաստաբանական գրասենյակի փաստաբան Հասմիկ Օհնիկյանի հետ, ում գործով նոր զարգացումներ կան:

– Տարեսկզբին անդրադարձել էիք արհեստածին վարչական գործերի հարուցմամբ օրինական ուժ ստացած դատական ակտերի կատարմանը խոչընդոտելու պարտապանների գործելակերպին եւ դատական պրակտիկայում նման գործելակերպի տարածմանը նպաստող՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի սխալ կիրառությանը։ Հրապարակման համար հիմք էր ծառայել մի վարչական գործ, որով ըստ Ձեզ, անհարկի կասեցվել էր հարկադիր կատարողի որոշումների կատարումը՝ այդ կերպ անկատար մնալով ընտանեկան իրավահարաբերություններին առնչվող օրինական ուժ ստացած դատական ակտը։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մայիսի 26-ին բավարարել է Ձեր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը՝ վերացնելով հարկադիր կատարողի որոշումների կատարումը կասեցնող ստորադաս դատարանի որոշումը։ Ինչ է արձանագրել Վճռաբեկ դատարանը տվյալ գործով։

– Ինչպես նշեցիք, օրինական ուժ ստացած դատական ակտը, որը ենթակա էր անհապաղ կատարման, բայց եւ չէր կատարվում ՀՀ վարչական դատարանի կողմից հարկադիր կատարողի որոշումների կատարումն անհարկի կասեցվելու արդյունքում, վերաբերում էր ընտանեկան իրավահարաբերություններին։ Այն ոչ միայն վերաբերում էր երեխային մյուս ծնողին հանձնելուն, այն է՝ հիմնական բնակության վայր վերադարձնելուն, այլեւ Հայաստանի Հանրապետությունում երեխայի գտնվելու ժամանակաշրջանում ծնողի հետ կանոնավոր շփումներին։ Ստեղծված իրավիճակից օգտվելով, երեխային հանձնելու պարտավորություն կրող ծնողն այս ժամանակահատվածում ուղղակի դիտավորությամբ խոչընդոտել է երեխայի եւ ծնողի փոխադարձ շփմանը՝ այդ կերպ ոտնահարելով ոչ միայն առանձին ապրող ծնողի, այլեւ հենց անչափահասի իրավունքները։ Հաշվի առնելով երեք ատյաններում վարչական գործի քննության հնարավոր ժամկետները՝ ծնողի նման արատավոր վարքագիծն առաջիկա տարիներին եւս կշարունակվեր, եթե ՀՀ վճռաբեկ դատարանը չվերացներ խախտումը։ Վճռաբեկ դատարանն օրեր առաջ քննարկվող վարչական գործով արձանագրել է, որ տեղի է ունեցել մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի սխալ կիրառման հետեւանքով թույլ է տրվել արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ։ Արդյունքում՝ վերացվել են օրինական ուժ ստացած դատական ակտի կատարմանը խոչընդոտող որոշումները։

– Ինչով է արժեքավոր Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը խնդրի համակարգային լուծման տեսակետից։

– ՀՀ վճռաբեկ դատարանի տված մեկնաբանություններն արժեքավոր են հատկապես յուրաքանչյուր գործով հարկադիր կատարողի որոշումների կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը օրինական ուժ ստացած դատական ակտերի պարտադիրության սկզբունքին համահունչ գնահատելու կարեւորությունն ընդգծելու առումով։

Ինչպես հայտնի է՝ պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող վարչական ակտերի ընդունմամբ հարկադիր կատարողը օրենքի պահանջով պարտապանի վրա է դնում դատական ակտով սահմանված այս կամ այն գործողությունը կոնկրետ ժամկետում կամովին կատարելու պարտավորությունը, ինչից խուսափելու նպատակով էլ անբարեխիղճ պարտապանները փորձում են արհեստածին վարչական գործի հարուցմամբ եւ դրա շրջանակներում հարկադիր կատարողի որոշումների կասեցմամբ խուսափել օրինական ուժ ստացած դատական ակտի պահանջների կատարումից։ Վերահաստատելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կիրառության շուրջ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանը միաժամանակ հավելել է, որ դատական ակտի անհապաղ կատարումը կարող է կասեցվել բացառապես ծանրակշիռ փաստարկների առկայության պայմաններում, քանի որ դատական ակտի անկատար մնալու հանգամանքը խաթարում է պետության իրավական համակարգի ողջ բնականոն ընթացքը։

Վճռաբեկ դատարանն անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակին, փաստել է, որ այն վերջին հաշվով, խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է, ուստի առանց բավարար փաստական հանգամանքների առկայության, կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու պայմաններում հարկադիր կատարման գործողություններն անհարկի կձգձգվեն, ինչը կարող է կասկածի տակ դնել դրան նախորդած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, ինչը պարզապես անթույլատրելի է։

Կարծում եմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի մեջբերված իրավական դիրքորոշումը կնպաստի, որպեսզի դատարաններն այսուհետ դատական ակտերի կատարմանն ուղղված հարկադիր կատարողի որոշումների կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատեն բացառապես տվյալ գործով առկա փաստական հանգամանքները, գործի առանձնահատկությունները, վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հայցվորի միջնորդությունը հիմնավորող փաստարկները եւ ներկայացված ապացույցները հաշվի առնելով։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «Գործով տեղի է ունեցել արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ»:

Հարցազրույցը՝

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
01.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930