Լրահոս
Օրվա լրահոսը

100 տոկոսանոց կործանո՞ւմ, թե՞ 50 տոկոսանոց շանս

Հունիս 02,2023 10:00

Հայաստանի ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքացիները հաճախ են բողոքում այն հանգամանքից, որ «չկա մի հատ կարգին լիդեր, որ կարողանա էս երկիրը կարգի բերել»: Առաջնորդի տենդագին փնտրտուքը հետեւանք է մեր քաղաքական մշակույթի հայտնի ավանդույթի, որի համաձայն՝ հասարակության ակտիվ մասը համախմբվում է ինչ-որ մեկի շուրջ կամ, ավելի հաճախ՝ ինչ-որ մեկի դեմ: Այդպես էր 1996, 2003, 2008 եւ 2013 թվականների ընտրությունների, ինչպես նաեւ 2018 թվականի հեղափոխության ժամանակ, երբ որոշակի զանգված (գուցե՝ մեծամասնությունը) համախմբվել էր իշխանության ներկայացուցչի դեմ:

Հիմա, սակայն, իրականությունը շատ ավելի ծանր է, քան թվարկած բոլոր դեպքերում, եւ անձամբ ինձ համար առաջնահերթ նշանակություն ունի, ոչ թե Ո՞Վ է ղեկավարելու «հակաէլիտան», այլ՝ Ի՞ՆՉ է նա ասելու:

Իմ կարծիքով՝ ընդդիմության առաջնորդը պետք է ասի հետեւյալը. «Ես չեմ կարող ձեզ խոստանալ, որ դուք իմ ղեկավարությամբ ավելի լավ եք ապրելու: Հակառակը՝ ես վստահ եմ, որ նյութական առումով մենք էապես ավելի վատ ենք ապրելու, եթե ես գամ իշխանության. լինելու են զրկանքներ, զոհեր, ռազմական բախումներ, հնարավոր է՝ պատերազմ: Կրթությունը, գիտությունը, տնտեսությունը, ամբողջ հանրային կյանքը ես տանելու եմ ռազմականացման ուղղությամբ: Յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինի ցանկացած պահի զոհվելու՝ գիտակցելով, սակայն, որ իր կյանքն արժե թշնամու առնվազն 5 կյանք: Ես վստահ չեմ, որ մենք կհաղթենք, բայց եթե գնանք այդ ճանապարհով, որը ես եմ առաջարկում, հայկական պետությունը պահելու, մեր՝ հայերիս այստեղ ապրելու շանս կա: Այն ճանապարհը, որով գնում է ներկայիս իշխանությունը, 100 տոկոսով տանում է դեպի պետության կործանում եւ այս տարածքի հայաթափում: Ընտրեք՝ 100 տոկոսանոց կործանո՞ւմ, թե՞ 50 տոկոսանոց շանս»:

Եթե հայտնվի մի առաջնորդ, որը նման բան կասի, մեր քաղաքացիների առնվազն կեսին դա դուր չի գա: Նրանք հաստատ չեն ցանկանա ապրել այն երկրում, որն ունի իմ նկարագրած հեռանկարը: Նրանք պատրաստ են «ապրել» այս խորտակվող նավի մեջ, իսկ երբ գա անխուսափելի վտանգի վերջնական պահը, պարզապես փախչել այստեղից: Բայց եթե հանրության շոշափելի հատվածը համաձայն լինի պայքարելու, մենք իսկապես փրկվելու շանս ունենք:

Կրկնեմ՝ կարեւոր չի, թե ով է դա ասում: Տեսականորեն դա կարող է լինել նաեւ Փաշինյանը: Բայց գործնականում Հայաստանի ներկայիս վարչապետը նման բան չի ասի, որովհետեւ

1/ նա արդեն պարտվել է մի պատերազմում,

2/ նա կարծում է (կամ ձեւ է անում, որ կարծում է), թե հիմա, այս վիճակում հնարավոր է խաղաղություն հաստատել,

3/ նրա քաղաքականությունը հիմնված է մարդկանց դուր գալու ցանկության վրա: Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ կա՞ն աշխարհում քաղաքական գործիչներ, որոնք զանգվածներին դուր գալու ցանկություն չունեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ես լիովին ընդունում եմ ընդդիմության առաջնորդի Խոսքը եւ պատրաստ եմ ենթարկվել Խոսքին:
    Ով համաձայն է Խոսքին, միավորվենք Խոսքի շուրջ եւ առաջարկենք ընդդիմության առաջնորդի թեկնածություն եւ ով հաղթի, նրա հրամաններին պատրաստ ենք ենթարկվելու եւ միասին Խոսքը վերածենք Գործի:

  2. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Սբրահամյան
    Կան, բայց այդ մարդկանց հետևից քչերը գնացին։
    Ցավոք 70 տոկոսը պատրաստ չէ Ձեր ասած սցենարին։ Ավելի լավ է ստրուկի պես ապրեն, քան ունենան ուժեղ լիդեր։
    Իմ կարծիքով ներկայիս այսպես կոչված իշխանավորների ֆենոմենը նրանում է, որ շատերն իրենց են տեսնում նրանց մեջ՝ սուտասան, բանսարկու, առանց անցած ճանապարհի, կարճ ասած՝ Քաջ Նազարներ
    Ինչպես մի զրույցում ինձ ասաց պատկառելի տարիքով սյունեցի՝ <>
    Իսկ ուժեղին ղեկավար տեսնելիս մենք միշտ նախանձել ենք։
    Ցավոք սա է իրականությունը

  3. Հայ says:

    Ինձ ամենաշատը դուր եկավ ,էն մեռնելու պահը։
    Եթե իմ կյանքին հիմա ավելացնեն նոր զրկանքներ, ես շատ մեծ հաճույքով կյանքս կտամ հայրենիքին։

  4. Հ.Շ. says:

    . Նախ, ընդհանրապէս եւ ամէն դէպքում, համայն աշխարհի որեւէ երկրին մէջ, քուէարկողների համար, նշանակալից կարեւորութիւն ունին՝ կուսակցութիւնների պետերը: Որպէս անձ:

    Հայաստանի նման երկիրների մէջ, դա աւելի շեշտակի իրականութիւն է: Տուեալ անձին կապուած կարեւորութիւնը՝ առաջնահերթ է: Որովհետեւ երկիրը կայացած չէ: Պետական համակարգ, չկայ: Ամէն բոան կախեալ է՝ այդ մէկ անձէն:

    Այսինքն, սա «քաղաքական մշակույթի ավանդույթ» չէ, այլ իսկական, գործնական, շօշափելի իրականութիւն: Եւ քուէարկողները՝ խելքը ունին, սա լաւապէս հասկանալու:
     
     . «կա՞ն, աշխարհում քաղաքական գործիչներ, որոնք զանգվածներին դուր գալու ցանկություն չունեն»
     
    Այս «հռետորական հարցում»ին հետ, լիովին համաձայն եմ: Չկա՛ն:

    Նոյնիսկ եթէ պատահի որ, պահ մը, այդ բացառեալ ցանկութեամբ չառաջնորդուի քաղաքական գործիչ մը, ուշ կամ կանուխ, կը դառնայ այդպէս: Կամ էլ, դուրս կու գայ քաղաքական գործունէութիւնից:
     
    Եւ այս պատճառով է, որ աշխարհը այսքան վատ վիճակի մէչ է: Միշտ ու տեւապէս: Երեւի արդէն, յաւերժապէս…

    Մ. Հայդուկ Շամլեան

  5. Հայ says:

    Պարոն Աբրահամյան,էդ 50% և 100% թվերն ինչպես եք ստացել,ինչ տեսություն եք օգտագործել,ինչ թվային գնահատականներ եք տվել մեր և Ադրբեջանի ռեսուրսներին,ինչ ռիսկեր եք տեսել,ինչ գործակիցներով եք գնահատել այդ ռիսկերը։ Միգուցե մեր հաղթելու հավանականությունը 50 Չէ այլ 25 Է,իսկ կարող է 48 Է և շատ կարճ ժամանակում այն կարող ենք հասցնել 76.453 ի ու նոր սկսել զրկանքների և մեռնելու գործընթացը։ Սակայն, ինձ թվում է ,ոչ միհետազոտություն չեք արել, հենց էնպես թվեր եք վերցրել,որ հոդված գրեք։
    Մեզ այնպիսի ղեկավար է պետք,որ հենց էնպես ոչինչ չխոսի ու չանի այլ ամեն բան խելացի և հաշվարկված անի։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930