Լրահոս
Օրվա լրահոսը

Հոլանդացիները կերգեն հայերեն

Հունիս 02,2023 13:30

Հոկտեմբերին Երեւանում, Գյումրիում եւ Էջմիածնում համերգներով հանդես կգա հոլանդացիներից կազմված «Ծիրանի ծառ» երգչախումբը

Մի յուրահատուկ համերգ է սպասվում առաջիկայում հայ հանդիսատեսին: Հոլանդիայում կազմավորված, գլխավորապես հոլանդացիներից բաղկացած «Ծիրանի ծառ» քառաձայն երգչախումբը աշնանը՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա բարեգործական համերգով: Համերգներ կլինեն նաեւ Գյումրիում եւ Էջմիածնում: Երկացանկում ընդգրկված են հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Վլադիլեն Բալյանի, Խաչատուր Ավետիսյանի, գուսան Շերամի, գուսան Աշոտի եւ այլոց գործերը:

Իսկ թե ինչպե՞ս հոլանդացիները որոշեցին երգել հայերեն՝ պատմում է երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ հիմնադիր, քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը: Ռուզաննան ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան, համերգներով հանդես է եկել Եվրոպայում, եւ արդեն 23 տարի է, բնակվում է Հոլանդիայում, որտեղ հիմնել է իր դաշնամուրի դպրոցը` Ruzanna Muziek Piano school-ը: Այս տարիների ընթացքում Հոլանդիայում համագործակցել է տարբեր նվագախմբերի եւ երգչախմբերի հետ՝ հանդես եկել որպես մենակատար քանոնահարուհի: Օրինակ, վերջերս բավականին հետաքրքիր ձեւաչափով անցավ Հոլանդիայում դասական երաժշտության սիրահարների շրջանակում շատ հայտնի «Con Secuenza» կամերային նվագախմբի հետ համերգը, որի ընթացքում քանոնը գլխավոր դերում էր՝ դասական հայտնի ստեղծագործությունների ներկայացմամբ, հնչել են նաեւ հայ կոմպոզիտորների՝ Խաչատուր Ավետիսյանի եւ Մանվել Բեգլարյանի գործերը:

Con sequenza-ի հետ համերգին:

Ռուզաննա Հակոբյանը՝ հոլանդացի երաժիշտների կվինտետի կազմում պարբերաբար մասնակցում է նաեւ Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան կազմակերպած տարբեր միջոցառումներին, ինչպես նաեւ՝ Նիդերլանդների հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին:

Երբ 2019 թվականին հոլանդական «Սլավույ» երգչախմբի հետ եկան Հայաստան բարեգործական համերգների՝ կրկին հայ կոմպոզիտորների գործերի կատարմամբ, այնքան հաջող անցան համերգները, որ դիրիժորը՝ Իվո Բոսվայկը, առաջարկեց Ռուզաննային ստեղծել մի խումբ, որը կերգի միայն հայկական երգեր: 25 հոգանոց երգչախմբին նվագակցում է պրոֆեսիոնալ երաժիշտներից կազմված կվինտետը: Խմբի դիրիժորը, գործիքավորողը եւ կիթառահարը Իվո Բոսվայկն է, որն ավարտել է Ալկմարի կոնսերվատորիան եւ մի քանի երգչախմբերի խմբավար է, այդ թվում՝ «Սլավույի»:

Դիրիժոր Իվո Բոսվայկը

Խմբի անունը Ռուզաննան է դրել, նրանք անգամ ունեն իրենց կայքը՝ www.tsiranitsar.nl : Այս խումբն արդեն մի քանի համերգներ է ունեցել Հոլանդիայում, առաջիկայում նախատեսվում է հերթական համերգը՝ հունիսի 11-ին Ամստերդամում: Պատրաստվում են հայաստանյան համերգներից հետո նաեւ եվրոպական այլ երկրներում համերգներով հանդես գալ: Խմբի անդամները հայերենին չեն տիրապետում, սակայն շատ լավ երգում են հայերեն:

Քանոնահարուհի, «Ծիրանի ծառ» խմբի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Հակոբյանը

Ռուզաննայից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ միջոցներով են գալու Հայաստան՝ համերգների, առավել եւս, որ համերգները լինելու են բարեգործական: Նա ասաց, որ խմբի անդամներն իրենք են հոգում իրենց ծախսերը, համարում են, որ մշակութային շրջայց են կատարում մի հինավուրց եւ յուրահատուկ մշակույթով լի երկիր՝ Հայաստան, ընթացքում նաեւ իրենց համերգներով օգտակար են լինելու այդ երկրին: «Հուսով եմ, որ այս անգամ էլ ինչպես մեր համերգները մեծ հաջողություն կունենան, այնպես էլ մեր խմբի մշակութային-ճանաչողական այցը կանցնի բարձր մակարդակով, եւ հայ երգ-երաժշտությանը սիրահարված երգիչները նաեւ Հայաստանը կսիրեն: Չէ՞ որ խմբի երեսուն անդամներից յուրաքանչյուրը, վերադառնալով տուն, պատմելու է իր ընկերներին, հարազատներին իր տեսածների, զգացածների մասին, դրանով իսկ՝ նրանց նույնպես հետաքրքրելով Հայաստանով»:

Մելանյա Բարսեղյան

«Առավոտ» օրաթերթ
01.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930