Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուղեղի և ողնաշարի միջև «թվային կամուրջ» ստեղծող նոր սարքավորումը թույլ է տալիս անդամալույծ մարդուն քայլել՝ օգտագործելով իր մտքերը

Հունիս 02,2023 09:30

12 տարի առաջ հեծանվային վթարի հետևանքով 40-ամյա Գերտ-Ջան Օսկամի ոտքերն ամբողջությամբ ու ձեռքերը մասնակիորեն պարալիզացվել են՝ պարանոցի շրջանում ողնուղեղի վնասվածքի պատճառով։ Մեր օրերում Օսկամը կրկին ոտքի կանգնելու և քայլելու հնարավորություն է ստացել նորարարական սարքի միջոցով, որը «թվային կամուրջ» է ստեղծում նրա գլխուղեղի և վնասվածքի տակ գտնվող նյարդերի միջև։

Իմպլանտը փոխել է կյանքս՝ ասում է Օսկամը․ «Նախորդ շաբաթ պետք էր ինչ-որ բան ներկել, իսկ ես օգնող չունեի։ Ուստի վերցրեցի քայլակն ու ներկը և ինքս ներկեցի՝ կանգնած», -պատմում է նա։

Սարքը, որը կոչվել է «գլխուղեղ-ողնաշար օղակ», հիմնված է Լոզանում Շվեյցարիայի Դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի նյարդաբան Գրեգուար Քորթինի և նրա գործընկերների նախորդ աշխատանքի վրա, որը ներկայացվել էր 2018 թ․-ին, երբ գիտնականները հայտնեցին, որ ինտենսիվ մարզումների հետ միասին էլեկտրական ազդակներով ողնաշարի ստորին հատվածը խթանող տեխնոլոգիան կարող է օգնել ողնուղեղի վնասվածք ունեցող մարդկանց կրկին քայլելու հարցում։

Օսկամն այդ փորձարկման առաջին մասնակիցներից մեկն էր, սակայն երեք տարի անց նրա առաջընթացը կանգ էր առել։ Նոր համակարգում օգտագործվում է ողնաշարի իմպլանտ, որը կապվում է նրա գանգում տեղադրված երկու սկավառակաձև իմպլանտների հետ, և երբ Օսկամը մտածում է քայլելու մասին, գանգի իմպլանտները բացահայտում են էլեկտրական ակտիվություն գլխուղեղի կեղևում, այդ ազդակը փոխանցվում է անլար կապի միջոցով և վերծանվում համակարգչում, որն Օսկամը կրում է իր ուսապարկում։ Համակարգիչն այնուհետև փոխանցում է տեղեկատվությունը ողնաշարի ազդակների գեներատորին։

Քորթինի խոսքով` Գերտ-Ջանն ամբողջությամբ կառավարում է խթանման պարամետրերը, իսկ դա նշանակում է, որ նա կարող է կանգ առնել, քայլել, աստիճաններ բարձրանալ։

«Նախկինում խթանումը կառավարում էր ինձ, իսկ այժմ ես եմ կառավարում խթանումն իմ մտքերով։ Երբ ես որոշեմ քայլ անել, խթանումն աշխատում է հենց ես սկսում եմ մտածել այդ մասին»։

Գլխուղեղ-ողնաշար օղակի օգտագործմամբ ռեաբիլիտացիայի 40 սեանսներից հետո Օսկամը վերականգնել է ոտքերն ու թաթերը ինքնակամ շարժելու ունակությունը։ Իսկ սա թույլ է տալիս ենթադրել, որ նոր սարքավորման օգնությամբ մարզումները նպաստում են նյարդային բջիջների վերականգնմանը, որոնք ամբողջությամբ չէին վնասվել տրավմայի ժամանակ։

Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանի նյարդաբան Բրյուս Հարլանդն ասում է, որ այս սարքավորման ստեղծումը հրաշալի նորություն է նրանց համար, որոնք ողնուղեղի վնասվածքներ են ստացել։

«Դա, անխոս, հսկայական ցատկ է ողնուղեղի վնասվածք ունեցող մարդկանց վիճակի բարելավման համար։ Սակայն դեռ այդ ուղղությամբ աշխատելու տեղ կա, քանի որ թեև «գլխուղեղ-ողնաշար օղակը» վերականգնում է քայլելու ունակությունը, սարքավորումը դեռ չի կարողանում վերահսկել միզապարկն ու աղիների գործունեությունը»։

Քորթինի հետազոտողների խումբն այս պահին երեք մարդու է պատրաստվում ներգրավվել, հասկանալու համար՝ կկարողանա՞ արդյոք նման սարքավորումը վերականգնել ձեռքերի շարժը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Nature

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930