Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյան. Ցանկացած գումար, որ ներդրվում է շինարարության մեջ, պետք է վերահսկվի բանկային համակարգի կողմից

Հունիս 01,2023 23:59

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային քննարկում է կազմակերպել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ

 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած եւ առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հունիսի 1-ին խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում:

Օրենքի նախագծով առաջարկվում է կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով արգելել մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի, շինության շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցումը:

Օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն է կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների տնօրինման հնարավորության սահմանափակումը եւ մինչեւ շինարարության ավարտը կառուցապատողների համար հատուկ հաշվի միջոցների հասանելիության վերացումը:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ օրինագծով փորձ է արվում մեղմել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ՝ կապված շինարարության հետ: Երբեմն լինում են դեպքեր, երբ շինարարությունը ինչ-որ փուլում կարող է կանգնել, եւ չկան ֆինանսական միջոցներ, որոնք կբավարարեն, որպեսզի շինարարությունն ավարտվի: Քաղաքացիներն ունենում են բնակարան ստանալու խնդիրներ:

Նշվել է, որ փոփոխությունները կարող են ունենալ որոշակի բացասական հետեւանքներ, բայց նաեւ ակնհայտ են դրանց դրական կողմերը, որոնք կհանգեցնեն ռիսկերի մեղմմանը:

«Օրենքի նախագիծը ռիսկերը նվազեցնելու մասին է»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Ըստ Գեւորգ Պապոյանի՝ ներկայումս կա երկու իրավիճակ: Առաջինը, երբ հիպոտեկային վարկավորման միջոցով է գնվում բնակարանի գնման իրավունքը: Այս դեպքում բանկերի մի մասը դնում է սահմանափակում: Օրինակ՝ պայմանագրում նշվում է, որ 70 տոկոսը սառեցվում է, 30-ը կարող է օգտագործվել, կա նաեւ 50/50 տոկոսի տարբերակ, կա պայմանագիր, որ 80 տոկոսը սառեցվում է, 20-ը՝ մնում: Բայց կա նաեւ հնարավորություն պայմանագիրը կնքել 90-100 տոկոս հասանելիությամբ: Եթե նման հնարավորություն լինում է, կարող են ռիսկեր առաջանալ:

Երկրորդ իրավիճակն այն է, երբ բանկը ներառված չէ այդ գործընթացում, եւ քաղաքացին վճարում է 50 տոկոսը նախապես, հետո՝ մյուս 50 տոկոսը: Այս դեպքում ռիսկը նույնպես մեծ է:

Նշվել է, որ անհրաժեշտ է որոշակի կարգավորումներով ռիսկերը կանխել եւ չեզոքացնել:

Կառուցապատողներն առաջարկել են օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետի փոփոխություն: 2024 թվականի հունվարի մեկից, բայց ոչ թե կնքվող պայմանագրերի, այլ շինթույլտվությունների համար:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կարծիքով հնարավոր է, որ այս դեպքում որոշ մասնակիցներ շուկայից դուրս մնան:

Ըստ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ ցանկացած գումար, որ ներդրվում է շինարարության մեջ, պետք է վերահսկվի բանկային համակարգի կողմից:

Մինչեւ երկրորդ ընթերցում կքննարկվեն բոլոր խնդրահարույց դրույթներն ու ներկայացված բոլոր առաջարկությունները, եւ խորհրդարանի լիագումար նիստում կներկայացվի օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:

Քննարկմանը մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ, Կառավարության, բանկերի ներկայացուցիչներ եւ շահագրգիռ կառուցապատողներ:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930