Եվրամիության կայքում հրապարակվել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ հանդիպումից հետո: Հայտարարության մեջ ասվում է.
«Մենք քիչ առաջ շատ լավ հանդիպում ունեցանք նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր այն թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում՝ կապ, անվտանգություն և իրավունքներ, սահմանազատում, խաղաղության պայմանագիր:
Այս հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպման համար, որը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին։ Դա նշանակում է, որ մենք քրտնաջան աշխատում ենք, և մենք մտադիր ենք աջակցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բոլոր դրական ջանքերին։ Ես նաև հայտարարեցի, որ մտադիր եմ կրկին հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին՝ Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպման շրջանակում։ Դա նշանակում է, որ մենք ԵՄ կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի օգնենք, աջակցություն ցուցաբերենք, ավելի շատ առաջընթաց գրանցենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ