«Քիչ առաջ ավարտվեց հնգակողմ հանդիպումը ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Շոլցի, Ադրբեջանի նախագահի եւ իմ մասնակցությամբ: Գործնականում էնտեղից դուրս եմ եկել եւ եկել այստեղ: Ինձ թվում է՝ այսօր բոլորի մտքում եւ բոլորին ամենաշատ հետաքրքրողը այն է, թե ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում եւ ինչ է լինելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Մանուկ Բեյի պալատում Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով. «Ամենամեծ Հայաստանում եւ հանրության շրջանում անորոշությունն է, մեր խնդիրն է այդ անորոշությունը հնարավորինս շուտ դարձնել որոշակիություն, տեսնել՝ ինչ կոնկրետության մեջ ենք: Խնդիրը պետք է լուծել, բայց նաեւ չպետք է կոնտեքստից կտրել, այսօր ամբողջ աշխարհն է անորոշության մեջ: Եվրոպական ավելի քան 40 երկրների ղեկավարներ այսօր հավաքվել են Քիշնեւում նաեւ այդ անորոշության պատճառով: Անորոշությունն է հենց այս ֆորմատը ստեղծել»:
Փաշինյանն ասաց, որ հանդիպման մասին ինչ էլ որ ասի, նախնական է. «Ընդհանուր առմամբ քննարկումը պիտի համարեմ օգտակար, ասեմ՝ ինչ եմ խոսել, որոնք են եղել թեմաները: Առաջինը դուք գիտեք, որ Պրահայում պայմանավորվեցինք, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Բրյուսելում մի քայլ էլ առաջ գնացինք, եկանք այն ըմբռնման, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազ 800քառ.կմ տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանը Ադրբեջանի 86.6 հազար քառ.կմ տարածքային ամբողջականությունը:
Մեր ըմբռնումն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով, որը պետք է գործի կամ տեղի ունենա միջազգային մեխանիզմի շրջանակներում կամ միջազգային ներգրավվածությամբ»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է Մոլդովայում կայացած հանդիպմանը, նրա ձեւակերպմամբ նախնական մի դետալ կա. «Ինչու նախնական, որովհետեւ դեռ պետք է ստուգենք այդ հայտարարությանը նաեւ Ադրբեջանի արձագանքը: Այսօրվա հանդիպմանը կողմերն ընդգծեցին, որ կարծես թե դեմ չեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975թ քարտեզները: Սա նշանակում է եւս մեկ քայլ՝ վերահաստատելու Հայաստանի 29 հազ 800քառ.կմ տարածքային ամբողջականությունը եւ Ադրբեջանի 86.6 հազար քառ.կմ տարածքային ամբողջականությունը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ