Լրահոս
Օրվա լրահոսը

16 տարեկան տղային հյուրանոցում ծեծի ենթարկած պաշտոնյան եղել է հարբած. անչափահասի հարազատները մերժել են պաշտոնյայի հետ հաշտվելու բոլոր առաջարկները

Հունիս 01,2023 20:45

Aravot.am-ի տեղեկություններով՝«Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի մատուցող Ա. Ա-ին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը (լուսանկարում) անչափահասին ծեծելու ժամանակ եղել է ալկոհոլի ազդեցության տակ, լավ հարբած: Մեր տեղեկություններով՝ անչափահաս տղան պաշտոնյայի կողմից ծեծի է ենթարկվել հենց իր աշխատանքային առաջին օրը՝ ապրիլի 10-ին՝  23.30-ի սահմաններում:

Անչափահաս աշխատակիցը  գտնվել է խոհանոցում, երբ հյուրանոց է  այցելել Ղայթմազյանը, բացել խոհանոցի դուռը, հարցրել՝ ազատ հյուրասենյակ առկա է թե ոչ: Անչափահաս տղան նրան է հանձնել հյուրասենյակներից մեկի բանալին, որից հետո հյուրասենյակի վարձավճարի վճարելու ժամանակահատվածի կապակցությամբ խոսակցություն է առաջացել վերջինիս և Ղայթմազյանի միջև, որի ընթացքում Ղայթմազյանը  հրել է անչափահաս աշխատակցին, ձեռքերով հարվածներ է հասցրել նրա  գլխին, մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում տղան  զգացել է ուժեղ ցավ, մարմնական վնասվածքներ չի ստացել, պատռվել է նրա կարճաթև բաճկոնը:

Մեր տեղեկություններով՝ Ղայթմազյանի լիազորությունները դեպքից երեք օր անց՝ ապրիլի 13-ից կասեցվել են, այս պահին նրա նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ տուժած պատանու ծնողները Ղայթմազյանի ու նրա ընտանիքի անդամների կողմից հաշտության որեւէ առաջարկ չեն ընդունել:

Անչափահաս տղայի ներկայացուցիչը լրատվամիջոցներից է տեղեկացել, որ քրեական վարույթով հսկող դատախազին քրեական հետապնդում չհարուցելու մասին միջնորդությունը բավարարվել է: Նա Aravot. am-ի հետ զրույցում ասաց, որ որոշումը դեռ չեն ստացել, ստանալուն պես կբողոքարկեն: Տղայի հարազատներն ու ներկայացուցիչը գտնում են, որ Ղայթմազյանը պետք է կրի պատասխանատվություն ու այդ դեպքով լինի մեղադրական ակտ:

«Ղայթմազյանի կողմից հաշտության տարբեր առաջարկներ են եղել, բոլորն էլ մերժվել են, քանի որ ինչպես անչափահաս տղան, այնպես էլ իր ընտանիքի անդամները չեն ցանկանում որեւէ կերպ հաշտվել»,- ասաց անչափահաս տղայի ներկայացուցիչը: Նա նաեւ ասաց, որ հավանաբար հենց Ղայթմազյանն իր կապերն է օգտագործել պատասխանատվությունից խուսափելու հարցում, այլապես որեւէ այլ դեպքում անչափահասին ծեծի ենթարկողի նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում չիրականացվել եւ մեղադրանք չառաջադրվեր:

Ի դեպ, այս դեպքն ու պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը սոցցանցերում դատապարտում են ոչ միայն իրավապաշտպաններ, այլեւս սովորական քաղաքացիներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը վաղն առավոտյան գրություններ է պատրաստվում ուղարկել  դատախազություն, ՄԻՊ-ին, քննչական կոմիտե և ՆԳՆ։

«Կփորձենք հասկանալ, թե ինչու է մատուցող անչափահասին ծեծող ոստիկանը ազատվել քրեական հետապնդումից, որքանով է դա իրավաչափ, արդյո՞ք այդ անձը դեռևս աշխատում է ոստիկանության համակարգում և ինչ կարելի է անել` իր նկատմամբ քրեական հետապնդումը վերսկսելու համար»,- Facebook-ում գրել է Իոաննիսյանը ։

Ռուբեն Մելիքյանը գրել է՝ վստահ է՝ երեխայի բարեկամների մեջ կգտնվեն մարդիկ, որ կմտածեն՝ «Ինչու՞ են սրանք հարցը քաղաքականացնում. չէ՞ որ սա սովորական իրավական հարց է»։ Ըստ իրավապաշտպանի՝  այդ մարդիկ գուցե երբեք էլ չհասկանան, որ երբ ոստիկանը իրեն պահում է ամենավերջին լկտիի պես, ապա դրա հիմքում միայն ու միայն քաղաքականությունն է՝ այն է, որ քաղաքական բարձրագույն իշխանությունը, իր աթոռը պահելու համար, իր հլու-հնազանդ կամակատարներին պարգևատրում է անպատժելիությամբ։ Էդքան բան»։

https://www.youtube.com/watch?v=VVntwAMYWYI&ab_channel=ArmLurTV

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930