Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների տոն Գյումրիում ՝ կավճանկարչությամբ, շատրվանների բացման հանդիսավոր միջոցառումներով (Ֆոտոշարք)

Հունիս 01,2023 20:15

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային տոնը Գյումրիում նշվեց  տարբեր մշակութային  միջոցառումներով՝  երաժշտական կատարումներով, պարերով, ընդհուպ քաղաքի պատմական կենտրոնում՝  Վարդանանց հրապարակի քարե գորգի վրա կավճանկարչությամբ։  Քաղաքի ամենահին փողոցներից մեկում էլ՝  Աբովյան, կամ ինչպես գյումրեցիներն են սիրում ասել՝ Ալեքսանդրովսկի ճեմափողոցում  երեխաները նկարեցին «Խաղաղությունը»։

Միջոցառումներ անցկացվեցին  նաև Գյումրու Տիկնիկային թատրոնում ու 100 տարվա պատմություն ունեցող «Պիոներ պալատում»։

Ի դեպ, այս տարվա միջոցառումները  միայն քաղաքի կենտրոնական հատվածներում չէին, այլ  ներառված էին նաև ծայրամասային թաղամասերը։

Գյումրու նորաբաց կամերային երաժշտական դահլիճում տեղի ունեցավ մանկապարտեզների երգչախմբերի համերգը, որի ժամանակ էլ  քաղաքային իշխանության կողմից պատվոգրեր հանձնվեցին մանկապարտեզների երաժշտական ղեկավարներին։

Համերգն, ըստ էության, հաշվետվություն է այն մասին, թե ինչ որակի երաժշտական կրթություն են ապահովում  մանկապարտեզներում, ինչ աշխատանքներ են տանում երաժշտական ղեկավարները։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը՝ երեխաների երաժշտական կատարումների ազդեցության ներքո, հուզիչ ելույթ ունեցավ՝  ցանկանալով, որ հեքիաթները դառնան իրականություն,  խաղաղությունն անպակաս լինի հայ մանուկներից։

«Երեխաների բառերը, որ նրանք մեզ փոխանցեցին երգի տեսքով՝ թող իրականություն դառնա, հեքիաթային ցանկությունը թող իրականություն դառնա և խաղաղություն տիրի ամբողջ աշխարհում: Մենք էլ մեր հերթին կարողանանք երեխաների համար ստեղծել պայմաններ, որ ժպտան, ուրախանան, անամպ երկինք լինի, որ կարողանանք շենացնել մեր քաղաքը, մեր երկիրը»,-ասաց քաղաքապետը։

Մանկական տոնի ամենակարևոր պահը Գյումրու երկու ծայրամասային թաղամասերում՝  Կայարանամերձ հրապարակում  և  «Մուշ» թաղամասում շատրվանների գործարկումն էր՝ համերգային ծրագրերի ներքո։

Պաշտոնական այս միջոցառումները լրիվ այլ  տրամադրություն ու գույն հաղորդեցին տոնին։ Շատրվանների կառուցմամբ ժամանցի նոր վայրեր ստեղծվեցին  այդ թաղամասերի բնակիչների համար, դրանցով կենդանություն հաղորդվեց  քաղաքի կենտրոնից կտրված տեղանքներին։ Առավոտյան ժամը 10․00-ին սկսված միջոցառումները մինչ այս պահն էլ շարունակվում են։

Տոնակատարությունն ավարտվելու է ուշ ժամի քաղաքի սրտում՝ Աբովյան ճեմափողոցում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930