Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ Ռեմբոյի տեղն են դրել և որոշակի վախեր ունեն». Նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Վահե Դոլմազյանին զգուշացրեց՝ «լավությունը» չի գնահատվելու

Հունիս 01,2023 19:55

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեցին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատալսումները։

Բարձրագույն դատական խորհուրդը, հիշեցնենք, 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան կալանավորելու համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանն այսօր դատարանին միջնորդեց դատալսումները հետաձգել և դիմել Սահմանադրական դատարան։ Փաստաբանի խոսքով՝ Հակակոռուպցիոն դատարանը, Քրեական դատավարության օրենսգրքի նորմերով, լիազորված չէ մեղադրյալի նկատմամբ «կալանք» խափանման միջոցը կիրառել կամ դրա ժամկետը երկարաձգել։ Նա վկայակոչեց ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածը, ըստ որի, ամբաստանյալին կալանավորելու մասին որոշման մեջ, դատարանին իրավասություն չի տալիս կալանքը խափանման միջոց կիրառելու։ Փաստաբանի պնդմամբ, իր նշած հոդվածը նախատեսում է՝ մինչդատական վարույթում ընտրված խափանման միջոցի հարցի հետ կապված հարցի քննարկում կամ նոր խափանման միջոցի ընտրություն, ուստի ինքը գտնում է, որ տվյալ պարագայում, առկա է ՍԴ դիմելու հրատապ անհրաժեշտություն։

Արուսյակ Ալեքսանյանը միացավ պաշտպանի միջնորդությանը, նաեւ հավելեց, որ օրենքի բացը միայն իրեն չի առնչվում, այն կարող է վերաբերել յուրաքանչյուր մեղադրյալի, ուստի լուծումը պետք է տա ՍԴ-ն:

«Իսկ ո՞վ ասաց, որ նախնական դատական լսումների ժամանակ կալանքի տակ պահելը նորմալ է: Արդյոք նախնական դատական լսումների 5-6 ամիս տևողությունը նորմալ համարելը Ձեր կողմից նպատակ չի հետապնդում որքան հնարավոր է արհեստականորեն երկարաձգել իմ կալանքի տակ գտնվելու տևողությունը։ Ըստ իս, հենց այդ նպատակն էլ հետապնդում է»,- դատարանին դիմեց Արուսյակ Ալեքսանյանը՝ հավելելով, որ գործը 2023 թվականի հունվարի 4-ից դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում է և այդ ընթացքում նա հասցրել է՝ «ապականել իմ անմեղության կանխավարկածը, կոպտորեն խախտել իմ պաշտպանության իրավունքը, երկու անգամ ապօրինի կալանավորել եք, մերժել եք պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները. մի՞թե այս հինգ ամսվա ընթացքում որևէ պաշտպան հիմնավոր միջնորդություն չի ներկայացրել։ Ձեզ համար պաշտպանները միշտ սխալ են, հանրային մեղադրողը միշտ ճիշտ է»:

Արուսյակ Ալեքսանյանը տպավորություն ունի, որ որոշ պաշտոնատար անձինք վախենում են իր ազատության մեջ հայտնվելու հեռանկարից եւ դատավորի առջեւ իրեն «փակի տակ պահելու» խնդիր է դրված: Նաեւ, հասկանալով, որ միջնորդությունը բավարարելու դեպքում դատավորը կարող է խնդիրներ ունենալ, նա այնուամենայնիվ հորդորեց՝ բավարարել միջնորդությունը եւ ՍԴ դիմել: Արուսյակ Ալեքսանյանը Վահե Դոլմազյանին հորդորեց՝ «այդքան շատ հարվածներ Ձեզ վրա մի վերցրեց, Ձեզ որեւէ մեկը դրա համար շնորհակալություն չի հայտնելու եւ հարկ եղած պարագայում, դատավորի կարգավիճակից կարող եք սահուն անցնել մեղադրյալի կարգավիճակի»: Ինքը նաեւ գիտե, որ այժմ կան պաշտոնատար անձինք, որ քաջալերում են Վահե Դոլմազյանին, որպեսզի իրեն կալանավորված պահի, ասում են՝ «հասնում է, այ էդպես, տեմպը պահիր» եւ զգուշացնում է, որ այդ մարդիկ շատ շուտ են մոռանալու իր «լավությունները»: Իսկ այս ամենի մասին Արուսյակ Ալեքսանյանն իրեն իրավունք է պահում բարձրաձայնելու, քանի որ «ուղիղ մեկ տարի տրորել եմ այն ճանապարհը, որով Դուք հիմա անցնում եք»:

Մտավախություններ ունենալով, որ դատավորը կմերժի միջնորդությունը եւ ոչ այն պատճառով, որ օրենքի բացի խնդիր չկա, այլ որ ինքը ազատության մեջ չհայտնվի, Արուսյակ Ալեքսանյանը հավելեց. «Ես իհարկե զգացված եմ, որ այդքան կարևորում են իմ անձը, մեղմ ասած, ինձ Ռեմբոյի տեղն են դրել և որոշակի վախեր ունեն իմ ազատության մեջ հայտնվելու հետ կապված: Չգիտեմ, միգուցե այդ անձինք ճիշտ են, որ որոշակի վտանգներ են տեսնում՝ որոշ հանգամանքների բացահայտման հետ կապված, բայց այդ անձինք հեռատես չեն, քանի որ ոչինչ այս կյանքում հավերժ չէ: Բայց կարող են հանգիստ լինել, քանի որ ես այդ որակների մարդ չեմ»։ Նա դատավորին հորդորեց՝ բավարարել միջնորդությունը, եթե «կաշկանդվածություն, թաքնված վախեր» չունի այս գործի հետ կապված։

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն էլ հայտարարեց՝ զերծ մնալ «ահազանգերից ու զգուշացումներից», քանի որ դատարանն էլ անցած ճանապարհ եւ փորձառություն ունի եւ քաջ գիտակցում է իր գործողությունների բնույթը, իր կողմից կայացված յուրաքանչյուր որոշման նշանակությունը։

Հանրային մեղադրող Արմեն Գևորգյանն առարկեց միջնորդության դեմ, քանի որ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման արդյունքում Վերաքննիչ դատարանը մեկնաբանություններ տվել է. «Սահմանադրաիրավական վեճ առկա չէ, իսկ պաշտպանության կողմի դիտարկումները՝ կապված անձնական իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման հետ, կարող են առերևույթ համապատասխանել ՔՕ 362-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի խախտմանը»:

Արդյունքում, Վահե Դոլմազյանը մերժեց միջնորդությունը՝ օրենսդրական բաց չարձանագրելով։

Նախնական դատալսումներն ավարտվեցին, հիմնական դատալսումների  առաջին նիստը տեղի կունենա հունիսի 7-ին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930