Ավանդաբար հունիսի 1-ին Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանների հիմնադրած «Օրրան» բարեգործական կազմակերպությունում հետաքրքիր է նշվում Երեխաների պաշտպանության միջազգային օրը, փոքրիկները միշտ հայտնի հյուրեր են ունենում: Այս տարին եւս բացառություն չէր:
Այս հունիսի 1-ին էլ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի աշխատակիցները ճանաչված անհատների հետ միասին բուրգերներ պատրաստեցին փոքրիկների համար: Գյումրիից հատուկ «Օրրան» էր ժամանել Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր, Եվրոպայի եւ աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որն էլ ստանձնել էր այս տարվա տարվա շեֆ-խոհարարի դերը։ Նա կարեւորեց «Օրրանի» դերակատարությունը՝ երեխաներին անհոգ մանկություն ապահովելու առումով:
«Շատ կարեւոր է աջակցել երեխաներին, լինել նրանց կողքին, լսել իրենց նպատակների, խնդիրների մասին ու փորձել լուծել դրանք: Իմ կարծիքով, մենք պարտավոր ենք լսել երեխաներին, նաեւ հաշվի նստել իրենց հետ»,-ասաց Արթուր Ալեքսանյանը:
Կարդացեք նաև
«Օրրանը» 23 տարեկան է, եւ 23 տարի մենք մեծ շուքով տոնում ենք այս օրը…Մեր երեխաները շատ են սիրում հյուրեր ընդունել: Նրանք ամբողջ տարին սպասում են այսօրվան: Իրենք հատուկ խնդրել էին, որ այս տարի Արթուրը իրենց հյուրը լինի»,-ասաց Արմինե Հովհաննիսյանը: Բացի չեմպիոնից, «Օրրանի» հարկի ներքո հավաքվել էին նաեւ ճանաչված արտիստներ, հեռուստատեսության դեմքեր, հանրային գործիչներ: Հունիսի 1-ը բնականաբար չէր կարող անցնել՝ առանց փոքրիկների նվերների:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ