Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տնային կալանք՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկիին» և «Զապի եգան Արտյոմ Լեննականսկիին»

Հունիս 01,2023 18:50

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է «օրենքով գողերի» դատավարությունը։

Դատավոր Ժենյա Մելիքսեթյանը, քննելով օրենքով գողեր Սուրեն Ավետիսյանի՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկիի» և Արտյոմ Ղազարյանի կամ ինչպես լայն շրջանակներին է հայտնի ՝ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկիի» (նա օրենքով գող «Զապ Լեննականսկի» մականվամբ Անդրանիկ Սողոյանի քրոջ որդին է) խափանման միջոցի հարցը՝ որոշել է նրանց տնային կալանքի ենթարկել։

Սուրեն Ավետիսյանի դեպքում տնային կալանքը համակցված է 40 միլիոն դրամ գրավով, Արտյոմ Ղազարյանի դեպքում՝ 30 միլիոն դրամ գրավով։

Դատարանը տնային կալանքի է ենթարկել նաև այս գործով անցնող Կարեն Վարոսյանին՝ «Աֆիշի Կարենին»՝ նրան ևս 30 միլիոն դրամ գրավ համակցությամբ տնային կալանքի ենթարկելով։

Այսօր լրանում էր  այս երեքի կալանքի ժամկետը, դատարանը կամ պիտի երկարացներ կամ խափանման այլ միջոց ընտրեր։ Դատարանը որոշեց երեքամսյա տնային կալանք տալ։

Հիշեցնենք, որ  այս գործով գլխավոր ամբաստանյալը օրենքով գող Սուրեն Ավետիսյանն է՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ, որը մեղադրվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ» կայացնելու մեջ։

Մյուսները, որոնք ըստ քրգործի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձինք են, մեղադրվում են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մեջ։

Այս գործով  կա 8 ամբաստանյալ, որոնից կալանավորված էին մնացել երեքը։

Չնայած առողջական ծանր վիճակին ու  տարբեր դատական ատյաններին ուղղված բողոքներին՝ գլխավոր ամբաստանյալ Սուրեն Ավետիսյանի խափանման միջոցը 9 ամիս շարունակ չէին փոխում։

Սուրեն Ավետիսյանին առաջադրված մեղադրանքում գրված է․ «Սուրեն Պավլուշի Ավետիսյանը, 1999 թվականին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Սերժիկ Տբիլիսկի» մականվամբ Սերգեյ Յեգիևի, «Յուրա Լազարևսկի» մականվամբ Յուրա Ուսոյանի, «Գոչո» մականվամբ Տենգիզ Դումոևի, «Զապ Լեննականսկի» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Դեդ Հասան» մականվամբ Ասլան Ուսոյանի և «Մարսո Արարատսկի» մականվամբ Մարզպետունի Պետրոսյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանականության բարձրագույն կարգավիճակ և «գողական աշխարհում» հայտնի է դարձել որպես «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» և հանդիսացել քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ։

Նա գործել է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին։ Նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալն է։

2021 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ շարունակելով պահպանել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը՝ ղեկավարել է իր կողմից ստեղծված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով, մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը (խնդիրը) լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ»:

Իրենց հերթին, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձինք, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Պավլուշի Ավետիսյանի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը»։

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն էլ․ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձը տարբեր անձանցից, այդ թվում «Արմավիր», «Սևան» քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոցներ է հավաքագրել։ Ըստ հարուցված քրգործի՝ 4.595.000 ՀՀ դրամ գումար է հավաքագրվել, որն այս տարվա հունվարի 9-ին փոխանցվել է խմբավորման անդամներ Ռաֆիկ Իգիթյանին (գործարար Իգիթի Ռոյին․ նա, ի դեպ, Սուրեն Ավետիսյանի հոր ընկերն է, հեղ․) և Ցոլակ Գևորգյանին։ Նրանք գումարի չափի մասին հեռախոսազանգով հաշվետվություն են ներկայացրել «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձին։ Այնուհետև վերջինս Ռաֆիկ Իգիթյանին հանձնարարել է իր մոտ պահվող գումարներից 5000 ԱՄՆ դոլարը փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին՝ քրեակատարողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ։

Ռաֆիկ Իգիթյանը նույն օրը այն տարել է «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձի բնակության վայր։ Այնուհետև, ըստ պաշտոնական հաղորդագրության, նույն Ռաֆիկ Իգիթյանին ու խմբավորման մեկ այլ անդամի հանձնարարվել է հանցավոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոր մահվան կապակցությամբ 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին: Իգիթյանն էլ հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Իգիթյանի հետ, հրահանգել գումարների պահման թաքստոցից վերցնել 10.000 ԱՄՆ դոլար և տեղափոխել իր մատնանշած վայր: Որդին՝ Աշոտ Իգիթյանը, կատարել է հանձնարարականը, գումարը թաքստոցից վերցրել, տեղափոխել է մատնանշված վայր ու փոխանցել հորը։ Հայրը Ցոլակ Գևորգյանի հետ միասին գումարը տվել է «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին»։

«Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականունով հայտնի անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, Էդմոնդ Գրիգորյանի, Աշոտ Իգիթյանի, Ռաֆիկ Իգիթյանի, Արմեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողի», Կարեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930