Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախարարը Անահիտ Ավանեսյանին նախատեց հիվանդաորսության դեպքերի համար, Ավանեսյանը չհամաձայնեց

Հունիս 01,2023 18:13

«Ես շատ լավ տեղյակ եմ պետպատվերի թե տեղադրման, թե բաշխման համակարգին, ու նաեւ ձեզանից խնդրել էի ինձ տրամադրել գրավոր բաշխման եւ վերաբաշխման բոլոր հրամանները, չնայած դրա փոխարեն ինձ ուղարկել էիք տեղադրման հրամանները, որոնք, ըստ էության, ինձ պետք չէին: Կխնդրեմ գրությունս մի անգամ էլ կարդալ ու ոնց գրել եմ, էդպես պատասխանել»,-ասաց Առողջապահության նախկին նախարար, այժմ՝ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ Առողջապահության ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանին՝ հարց ու պատասխանի ժամանակ:

«Դուք ասում եք՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով է բաշխվում պետպատվերը, բայց, իհարկե, նախարարն ունի հայեցողության շատ բարձր մակարդակ»,-հավելեց նա:

Թորոսյանը մեկ այլ հարց էլ տվեց. «Վերջերս տարօրինակ երեւույթի ենք ականատես լինում, որը կոչվում է Բաց դռների օրեր: Երեւանի բազմապրոֆիլ, հաճախ մասնավոր, պետական հիվանդանոցներ ամբողջ օրը մարզերում բաց դռների օրեր են անում: Սովորաբար, 2018-ից առաջ դա նախընտրական շրջանում էր լինում, ու մենք գիտեինք՝ ինչի համար: Մարդկանց լավություն էին անում, երբեմն պետպատվերի ուղեգիր էին տալիս: Բայց ինձ համար շատ տարօրինակ է, որ մարզային հիվանդանոցում, օրինակ, լեղապարկի վիրահատության գովազդ կարող է դրվել, այն էլ՝ Առողջապահության նախարարության ֆեյսբուքի էջից, թեկուզ մեր արտասահմանից եկած գործընկերների կողմից:

Եթե մենք դրա կարիքն ունենք, ուրեմն մեր մարզային առողջապահությունը կարելի է փակել, էլ չեմ խոսում հերթերով սոնոգրաֆիաներ անելու մասին… Այս հարցին պետք է ուշադիր լինել, որովհետեւ դա, բացի իմ ասածից, նաեւ հիվանդաորսության էլեմենտներ է պարունակում, երբ մարզում Երեւանի բժշկական կենտրոնը գնում է բարեհամբույր, անվճար սոնոգրաֆիան անում է, հետո այցեքարտը տալիս է բժիշկը, ասում է՝ երբ մյուս անգամ գլուխդ կցավա, չգնաս քո պոլիկլինիկա, կգաս Երեւանի շատ սիրուն շենք, այնտեղ քո գլխացավի հարցերը կլուծենք»,-ասաց Թորոսյանը ու ընդգծեց, որ նման բաները պետք է դադարեցվեն նախարարության կողմից խրախուսվելը ու մարզերին համապատասխան շրջաբերական իջեցվի:

«Ձեր նշած օրինակը ոչ միայն մեր ֆեյսբուքյան էջով հիշատակվել է, այլ նաեւ կազմակերպվել է Առողջապահության նախարարության եւ Իսպանիայի բժիշկների միության կողմից: Նման մասնագիտական այցերը հենց ուղղված են հենց նրան, որ մասնագիտական փորձի փոխանակումը հաջորդիվ էլ տեղ գտնելու է, եւ կարծում եմ, որ այս կապերը շատ կարեւոր են: Լավ չեմ պատկերացնում, թե Իսպանիայի բժիշկներն ինչպես պետք է հիվանդաորսությամբ զբաղվեն: Նրանք եկել են Հայաստան նոր մեթոդներով, հիվանդների հսկողության նոր մոտեցումներով կիսվելու: Այդ ծրագրերն իրականացվում են հստակ, մեր միջեւ կնքված հուշագրերի կամ համագործակցության շրջանակներում»,-պարզաբանեց Ավանեսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930