Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կոմիտասյան բառերը հաճախակի կիրառեք և տարածեք հասակակիցների շրջանում»

Հունիս 01,2023 18:01

ԿԳՄՍ նախարարության ենթակայության կառույցները՝ թանգարանները, գրադարանները, թատրոնները, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա խորհրդին համահունչ, կազմակերպել են մանկապատանեկան բազմաբնույթ միջոցառումներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տոնի շրջանակում այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ երեխաների մասնակցությամբ անցկացվել են «Բույս ու սեր» և «Բուսաբարև» կրթամշակութային միջոցառումները:

«Բույս ու սեր» միջոցառման շրջանակում թանգարան-ինստիտուտի փոքրիկ այցելուները նկարել են բնության, բույսերի, ծառերի և ծաղկունքի թեմայով, իսկ «Բուսաբարև» կրթական ծրագրի շնորհիվ երեխաները բացահայտել են Կոմիտասի բանաստեղծական աշխարհը, ապա ստեղծագործել կոմիտասյան բառերով:

Նախարարը կոչ է արել  երեխաներին նոր սովորած բառերը հաճախակի կիրառել և տարածել հասակակիցների շրջանում: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ ինչ նախասիրություններ ունեն երեխաները, ինչ հագեցվածությամբ են անցկացնելու ամառային արձակուրդը, ինչպես են պատկերացնում երեխաների իրավունքների պաշտպանությունը պետության կողմից:

Ի պատասխան նախարարի հարցերի՝ փոքրիկները վստահեցրել են, որ պաշտպանված են զգում ամուր ընտանիքում և նոր գիտելիքներ ձեռք բերելիս: Նրանք ցուցադրել են նաև իրենց իմացությունը՝ պատմելով, թե ինչ գիտեն Կոմիտասի կենսագրության  մասին: Փոքրիկները նաև կատարել են Վարդապետի «Անձրևն եկավ» երգը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ թանգարանային միջոցառումները ոչ միայն ժամանցային են, այլև կրթամշակութային և ուսուցողական: «Կարևոր է, որ երեխաների համար նախատեսված միջոցառումներն անցկացվում են խաղային ձևաչափով՝ առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության, և իրենք չեն էլ նկատում, թե ինչպես են սովորում: Սա հանգստի ձև է, որը նաև զարգացնում է երեխաների կարողությունները»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության ծրագրերի գերակշիռ մասն ուղղված է երեխաների կրթության իրավունքի իրացման համար լավագույն պայմաններ ստեղծելուն: Հիմնական նպատակը, ինչպես նախարարն է նշել,  բոլոր բնակավայրերում դրանց հասանելիության և մատչելիության ապահովումն է: «Ամենակարևոր իրավունքը, որը նաև կրթության ռազմավարության առանցքն է,  որակյալ և ներառական կրթության հասանելիության ապահովման իրավունքն է: Դրան է ուղղված, օրինակ, Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը: Առանցքային է նաև երեխաների մասնակցության իրավունքը կարևոր որոշումներում, ինչն ապահովելու համար կրթական համակարգում տարբեր մոդելներ կան: Օրինակ՝ գործում է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդ, որի կազմում ընդգրկված աշակերտներից արժեքավոր դիտարկումներ ենք լսում և դրանք հաշվի առնում ոլորտային փաստաթղթեր մշակելիս»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում նախարարն անդրադարձել է նաև դասագրքերի բեռնաթափման հարցին. «Հանրակրթական նոր չափորոշչով դասագրքերի փոփոխությունն ընթացքի մեջ է: Դիտարկվում են դրանց էլեկտրոնային և հիբրիդային տարբերակները՝ նպատակ ունենալով կրճատել ծավալը: Դասագրքի թղթային տարբերակին պետք է լրացնի էլեկտրոնայինը, որը, շնորհիվ թվային գործիքների կիրառման, կնպաստի կրթության որակի բարձրացմանը, և միաժամանակ կթեթևանա պայուսակի բեռը»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ նոր նախագծվող և կառուցվող դպրոցներում նախատեսված է դպրոցական գրադարանները վերածել ռեսուրս կենտրոնների:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է նաև թանգարանի հիմնական ու ժամանակավոր ցուցադրություններին: Այժմ թանգարան-ինստիտուտում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ ներկայացված է «Դարից երկար. Արշակ Չոպանյան-Կոմիտաս Վարդապետ» ցուցադրությունը՝ անվանի մտավորականների կյանքի 6 դրվագով:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930