Ստեղծվում է մի իրավիճակ, որ սահմանին գնի իջեցումն օգտագործվում է ընկերության կողմից եկամտաբերության սահմանված նորմն ապահովելու համար: Ի դեպ, նմանատիպ իրավիճակ մենք ունեցել ենք նաև 2016 թ.-ին, երբ սահմանին գազի գինն իջեցվեց 15 դոլարով՝ հասցնելով 150 դոլարի, սակայն ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ դա չի անդրադառնա վերջնական սակագնի վրա, քանի որ ընկերությունն ունի եկամտաբերության խնդիր:
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այն փաստին, որ գրեթե մեկ տարի է՝ ներմուծվող գազի գինը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար էականորեն նվազել է՝ կազմելով միջինը 70.000 դրամ, իսկ այս պահին 67.700 դրամ՝ «Դիմել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով՝ նախաձեռնել եմ բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց՝ այն 1 խմ համար գործող 143,7 դրամից առնվազն 16 դրամով նվազեցնելու նպատակով»:
Խնդրի վերաբերյալ մասնագիտական մեկնաբանություն ստանալու նպատակով Aravot.am-դիմեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Վահե Դավթյանին (լուսանկարում):
«Իհարկե, տիկին Թանդիլյանի նախաձեռնությունը ողջունելի է, ինչպես և ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է մեր քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը, սակայն այստեղ ես որոշակի ֆրագմենտարիզմ եմ տեսնում: Սակագնի ձևավորման հարցն այդքան պարզունակ չէ, որքան կարող է թվալ: Վերջնական սակագինը բաղկացած չէ միայն սահմանին գործող գնից: Օրինակ, ԱԱՀ-ն և մաքսային վճարները կազմում են մոտ 42 դոլար, ընկերության ծախսերը՝ մոտ 50 դոլար:
Կարդացեք նաև
Նշված 50 դոլարն իր մեջ ներառում է նյութական և վարչական ծախսերը, վերանորոգման ծախսերը, մաշվածությունը և այլն, մոտ 60%-ը կազմում են աշխատավարձը և համակարգում գազի կորուստները։ Առաջին՝ մոտ 20 դոլար, երկրորդը՝ մոտ 11 դոլար»:
Նա միաժամանակ հիշեցրեց, որ 2013 թ.-ին կնքված հայտնի «գազային համաձայնագրերով» «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներքին եկամտաբերության ցուցանիշը սահմանվել էր 9%: «Այս ցուցանիշն ընկերությունը միշտ մեծ դժվարությամբ էր կատարում՝ հաշվի առնելով մի կողմից ծավալուն ներդրումային ծրագիրը, մյուս կողմից՝ պետության կողմից ստանձնած պարտականությունների չկատարումը: Հենց դրա արդյունքում է, որ 2021 թ.-ի գարնանը «Գազպրոմ Արմենիան» ստիպված կանգնեցրեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործումը, քանի որ պետությունն ավարտին չէր հասցրել Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որով Հրազդան-5-ից պետք է էլեկտրաէներգիա արտահանվեր: Կուտակելով շուրջ 100 մլն դոլարի պարտք՝ ընկերությունը կանգնեցրեց օբյեկտի շահագործումը, իսկ կառավարությունն այսօր պետական բյուջեից տարեկան մոտ 32 մլն դոլար է փոխանցում «Գազպրոմ Արմենիային» կոմպենսացնելով վերջինիս կրած կորուստները:
Երբ խոսում ենք վերջնական սակագների մասին, ապա պետք է հաշվի առնենք այս բոլոր հանգամանքները: Հարցի պրակտիկ լուծումը հետևյալն է. եթե իրականում ուզում ենք գնալ սակագների իջեցման ճանապարհով, ապա նախևառաջ պետք է վերանայել «Գազպրոմ Արմենիա» ընկերության բիզնես-մոդելը, հատկապես՝ վերոնշյալ եկամտաբերության ցուցանիշի մասով: Սակայն նման փոփոխություններ ապահովելու համար հայկական կողմը գրեթե ռեսուրս չունի, այն չի կարող նույնիսկ քվեարկել ընկերության տնօրենների խորհրդում:
Արդյունքում, ստեղծվում է մի իրավիճակ, որ սահմանին գնի իջեցումն օգտագործվում է ընկերության կողմից եկամտաբերության սահմանված նորմն ապահովելու համար: Ի դեպ, նմանատիպ իրավիճակ մենք ունեցել ենք նաև 2016 թ.-ին, երբ սահմանին գազի գինն իջեցվեց 15 դոլարով՝ հասցնելով 150 դոլարի, սակայն ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ դա չի անդրադառնա վերջնական սակագնի վրա, քանի որ ընկերությունն ունի եկամտաբերության խնդիր: Դա, իր հերթին, անհրաժեշտ է, որպեսզի ընկերությունը շարունակի հավուր պատշաճի կատարել իր ներդրումային ծրագիրը, որի կասեցումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Հայաստանի էներգետիկ անվտանգության համար: Բավական է նշել, որ ներդրումների զգալի մասն ուղղվում է Աբովյանի ստորգետնյա գազի պահուստարանի մոդեռնիզացման ու ընդլայնման վրա, իսկ այդ օբյեկտը հանդիսանում է մեր էներգետիկ անվտանգության առանցքային ենթակառուցվածքներից մեկը»,-նշեց փորձագետը:
Մեր այն հարցին, եթե հնարավոր է, ապա այդ դեպքում ինչու՞ պետությունը, ի դեմս ՀԾԿՀ-ի ձեռնամուխ չի լինում գազի գնի սակագնի վերանայմանը՝ Վահե Դավթյանը պատասխանեց․ «Տարբեր մարդիկ կարող ենք տարբեր թվեր հնչեցնել՝ առաջարկելով իջեցնել սակագինը 15 կամ 30%,-ով, բայց դա կլինի ընդամենը տնտեսական պոպուլիզմ: Առանց եկամտաբերության նորմի վերանայման հնարավոր չէ հստակ ասել, թե քանի տոկոսով կարող է իջեցվել գազի սակագինը: Կառավարությունը, ՀԾԿՀ-ն կարող են տարբեր նախաձեռնություններով հանդերձ գալ՝ հանրությանը ցույց տալով, որ աշխատում են սակագնի իջեցման ուղղությամբ, բայց դա որևէ շոշափելի արդյունքի չի հանգեցնի, մինչև կողմերը չփորձեն վերանայել ընկերության կառավարման բիզնես-մոդելը: Եթե հիշում եք, 2018-ի իշխանափոխության ժամանակ սակագնի իջեցումը Փաշինյանի առանցքային խոստումներից էր, սակայն արդյունքում սակագինը միայն բարձրացավ, ինչն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի սակագնի աճի վրա: Հարցն արդեն տնտեսական չէ, այն առավելապես քաղաքական է և քաղաքական լուծումներ է պահանջում»:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ