«Բոլորին մշտապես հետաքրքրում է, թե ինչու է անհրաժեշտություն առաջանում տարվա կեսին կամ որեւէ այլ ընթացքում հավելյալ միջոցներ հատկացնել պետպատվերով սպասարկվող բուժօգնության ծավալների մեջ: Բանն այն է, որ Առողջապահության նախարարության կողմից պլանավորված եւ մեր կատարողական ցուցիչների վրա հաշվարկված հայտերը մշտապես ավելին են լինում, քան թե կարողանում ենք տվյալ տարվա բյուջեի մեջ բաժին ունենալ»,-ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում 2022թ. բյուջեի արդյունքները ներկայացնելիս՝ հարցերին պատասխանելու ժամանակ:
«Իհարկե, մենք հասկանում ենք, որ մեր ցանկացած միջոցների ծավալը, որը պետք է բավարարեր ամբողջովին սպասարկելու անհրաժեշտ պահանջարկը, դեռ չենք կարողանում հատկացնել: Եվ բոլոր ջանքերն ուղղում ենք հասնելու ֆինանսավորման այդ ցանկալի աստիճանին: Բայց ոչ միայն ֆինանսավորման ծավալների մասով ենք աշխատանքներ տանում, այլ նաեւ ամբողջ տրամաբանության փոփոխության»,-հավելեց նա: Նրա խոսքով, առաջիկայում հիմնական հարցերը պատասխաններ կգտնեն ապահովագրական համակարգի ներդրման արդյունքում:
«Այսպիսով` Առողջապահության նախարարությունը 2022թ-ի համար ներկայացրել էր, ընդհանուր առմամբ 157 մլրդ դրամի հայտ, բայց քննարկումների եւ ընդհանուր բյուջեի շրջանակներում մեր հաստատված բյուջեն այդքան չէր կազմել, պակաս էր 10 մլրդ դրամով՝ 2021թ փաստացի կատարողականից: Եվ մենք ունեինք պայմանավորվածություն, որ տարվա ընթացքում կլինեն վերաբաշխումներ, ու մեր պահանջարկի գոնե հաստատված շրջանակը կառավարությունը հանձն է վերցնում ապահովելու»,-ընդգծեց նախարարը:
Նա ասաց, որ 2022թ քովիդի ծախսերը շարունակվել են, եւ դրանք մշտապես պահանջվել են պետական պահուստից. «Դժվար էր կանխատեսել, թե ինչ տարեկան ծախս կունենանք քովիդի պատճառով»: Ինչ վերաբերվում է 2023-ին, Ավանեսյանի ձեւակերպմամբ, բավականին նվազ տեմպերով են մտել տարի. «Նախնական գնահատողական հաշվարկի հիման վրա հաշվարկված գումարները պակասեցվել են…Իհարկե, հավելյալ միջոցներ պահելու եւ դրանք չծախսելու մտադրություն չունեինք»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ