Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան․ Պետք է հասնենք նրան, որ նստեն, խոսեն, որովհետեւ հակառակ պարագայում նույն Ադրբեջանին ձեռնտու իրավիճակ չի ստեղծվի

Հունիս 01,2023 17:02

Երեխաների պաշտպանության միջազգային օրը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ պետք է երեխաներին խաղաղ երկիր թողնեն որպես ժառանգություն, որպեսզի ծնողները, երբ իրենց երեխաների 15 տարին է լրանում, չմտածեն՝ ինչ անեն, որ իրենց երեխաները խուսափեն բանակ գնալուց, չմտածեն, որ իրենց երեխաները անվտանգ երկրում չեն ապրում, որպեսզի երկիրը չլքեն, ճանապարհներ հայթայթեն, որ իրենց երեխաները ողջ մնան:

Նա նույն բանն է մտածում նաեւ Արցախի երեխաների համար: Լրագրողի հարցին ի պատասխան` նա ասաց. «Ինչի՞ եք տարբերակում արցախցի երեխային, Հայաստանի երեխային: Առաջին հերթին դա արվում է հենց արցախցի երեխաների համար, որ իրենք նույնպես ապրեն խաղաղ, չմտածեն իրենց վաղվա օրվա մասին: Պատերազմի ավարտից անմիջապես հետո ասում էին, որ այն իշխանությունը, որը նորից ի հեճուկս շատ-շատերի ցանկության վստահության քվե ստացավ, չի կարողանալու մոտալուտ ապագայում խաղաղություն ապահովել: Ժամանակն է դա ցույց տալիս, որ այդ ուղղությամբ արվող քայլերը առնվազն շատ հնարավոր պատերազմը բավականին հետաձգում են եւ խաղաղության գործընթացը սկսվել է եւ ինչ-որ արդյունք կարող ենք ունենալ»:

Այսօր Քիշնեւում կայանալիք հայ-ադրբեջանական բանակցություններին Հայաստանն ինչ օրակարգով է գնացել, ինչ սկզբունքային հարցեր կան, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի 86,600 քկմ-ն ճանաչելուց հետո օրակարգ բերի հարցը զարմացրեց Ալեն Սիմոնյանին. «29,800: Ես զարմանում եմ, որ դուք ոչ թե ներկայացնում եք մեր շահերը ներկայացնող թիվ: Ինձ հետաքրքիր չի այդ 86,600-ը: Ինձ դա հետաքրքիր է այնքանով, որքանով դրանից բխում է 29,800 քկմ-ն: Կարծում եմ նաեւ, որ Արցախում ապրող բնակչության իրավունքների եւ ազատությունների մասով դրանք նույնպես մեր համար սկզբունքային են: Որովհետեւ շատ կարեւոր է, որ խաղաղության պայմանագրից հետո մենք նաեւ ունենանք երաշխավոր: Մենք ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի բոլոր կետերը, կարելի է ասել, ինչ որ չափով խախտված են: Եվ այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ցավոք սրտի, ոչ բավարար կերպով է արձագանքում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Ճեպազրույցում անդրադարձ եղավ նաեւ այն խնդրին, որ Ադրբեջանը չի համաձայնում Ստեփանակերտի հետ նստել սեղանի շուրջ, թեեւ միջազգային հանրությունն էլ խոսում է դրա մասին: Դա Հայաստանի համար սկզբունքայի՞ն է եւ իշխանությունը կգնա խաղաղության պայմանագիրը կնքել նույն ճանապարհով, եթե մեխանիզմները չապահովվեն: «Շատ եք խորանում պայմանագրի մանրամասների մեջ: Դրանք բանակցությունների հարց են: Չի՞ համաձայնում: Պետք է հասնենք նրան, որ նստեն, խոսեն դրա մասին, որովհետեւ հակառակ պարագայում նույն Ադրբեջանին ձեռնտու իրավիճակ չի ստեղծվի»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նաեւ նշեց, որ սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում քարտեզների վրա ինչ կմնա Հայաստանին, Ադրբեջանը պետք այնտեղից դուրս գա, իսկ ինչը Ադրբեջանինն է, Հայաստանը այդ տարածքը կազատի: Խոսքը զորքերի հետքաշման մասին է: Սակայն ընդգծեց, որ խաղաղության պայմանագրի համար այդպիսի նախապայմանի մասին հիմա իր խոսելը սխալ է: Ու մեկնաբանեց, որ պայմանագրի շուրջ այսօր քննարկվում են այն կետերը, որոնք կողմերի համար կարեւոր են:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930