Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավագանու անդամի դերում աշակերտներն էին»

Հունիս 01,2023 17:06

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանում անցկացվեց «Դպրոցական ավագանու» նիստ: Ավագանու անդամի դերում հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանների աշակերտներն էին: Նիստը վարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Երևանի քաղաքապետարանը՝ երեխաների համար» խորագրով միջոցառմանը ներկա էին քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամներ, ոլորտի տեղական ու միջազգային մասնագետներ։

Նախապես ներկայացված 85 զեկույցից քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության ու հանրակրթության վարչությունների կողմից ընտրվել էր 65-ը: Հենց այդ աշակերտներն էլ հնարավորություն ստացան հյուրընկալվել քաղաքապետարանում՝ որպես ավագանու անդամներ:

Ողջունելով և շնորհավորելով աշակերտներին՝ փոխքաղաքապետն ընդգծել է. «Այսօրվա երեխաները մեր վաղվա հասարակությունն են, քաղաքական կյանքն ու, առհասարակ, իրենք  են որոշելու, թե ինչպե˚ս ենք ապրելու ապագայում: Հետևապես՝ որքան զարգացած, կրթված ու առողջ լինեք, այդքան զարգացած, կրթված ու առողջ միջավայր կունենանք: Կրթությունը յուրաքանչյուր սերնդի հաջողության գրավականն է: Կրթական ուղու հաջողության ցուցանիշը պետք է լինի նաև նպատակասլացությունը, խիզախությունը, ճկուն միտքը և, որն ամենակարևորն է, առողջ քննադատությունը: Մեր քաղաքում շատ փոփոխություններ են տեղի ունենում: Բոլորս փորձում ենք հիմնովին փոխել մեր վերաբերմունքը մեր քաղաքի, փողոցի ու տան նկատմամբ: Մեր տունը միայն բնակարանի պատերը չեն, մեր տունը նաև մեր բակն ու փողոցն է: Սա ևս կրթական գործընթացի մի կարևոր բաղադրիչ է»:

Դպրոցական ավագանու նիստում օրակարգային 7 հիմնական հարց էր. բակային տարածքների բարեկարգում և կառուցում, խաղահրապարակների ստեղծում ու սահմանազատում, կանաչ գոտիների ավելացում, մայթերի բարեկարգում, նաև քաղաքային տրանսպորտի սակավություն, արտադպրոցական կրթական հաստատությունների համար առանձին ուղեգծերի ստեղծում:

Պատանիները, անդրադառնալով բնապահպանական և քաղաքաշինական մի շարք խնդիրների, խոսել են օդի աղտոտվածության,  ճարտարապետական կոթողների պահպանության մասին: Բարձրաձայնվել է նաև ինքնագլորների ու թափառող շների խնդիրը:
Հնչել են նաև մի շարք հետաքրքիր գաղափարներ` հիդրոպոնիկ ջերմոցների ստեղծում, Երևանում մշակութային փողոցի կառուցում, նոր հեծանվուղիներ, օդային տրանսպորտի գործարկում:

Պատանիները խոսել են քաղաքն առավել հարմարավետ դարձնելու և հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին: Մասնավորապես շեշտվել է ազատ տեղաշարժի համար գետնանցումների, շենքերի հարմարեցման անհրաժեշտությունը:

Փոխքաղաքապետ Ավինյանը շնորհակալություն է հայտնել աշակերտներին աշխույժ մասնակցության համար և, անդրադառնալով հարցերին, ներկայացրել է ոլորտային բարեփոխումներն ու իրագործվող ծրագրերը: Նաև ընդգծել է, որ հետևողական է լինելու յուրաքանչյուր խնդրի լուծմանը:

Աշակերտները շեշտել են, որ գիտակցում են՝ քաղաքի բոլոր խնդիրները մեկ օրում չեն կարող լուծվել, բայցև ընդգծել են յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության կարևորությունը, քաղաքին, ինչպես տանը, խնամքով վերաբերվելու, չաղտոտելու գործում:

Դպրոցական ավագանու քվեարկությամբ ընտրված նախագծերն ու հետաքրքիր գաղափարները քաղաքային իշխանությունը կդիտարկի և հնարավորության դեպքում դրանք կներառի Երևանի զարգացման ծրագրերում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930