Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նա մեղադրվում է փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և այլ չարաշահումների մեջ։
Դատարանը գործի նյութերի ուսումնասիրության փուլում է։ Այսօրվա նիստում «Վարդահովիտ», «Սուրբ աղբյուր» փոքր ՀԷԿ-երն սպասարկող ընկերությունների տնօրեն Կարեն Գասպարյանը միջնորդություն ներկայացրեց ընկերությունների դրամական միջոցների վրայից արգելանքը հանելու վերաբերյալ։
«Քանի որ 2021 թվականի սեպտեմբերին քննիչի որոշմամբ ընկերությունների ամբողջ գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների վրա արգելանք է դրված, ՀԷԿ-երը զրկվել են այդ դրամական միջոցներով իրենց տեխնիկական սպասարկումն ապահովելու հնարավորությունից։ Մեր միջնորդությունն ուղղված է նրան, որ որոշակի գումար արգելանքից հանվի, որպեսզի կարողանանք իրականացնել ՀԷԿ-երի աշխատանքին ուղղված գործողություններ։ Դա տուրբինների վերանորոգումն է, մաքրման աշխատանքները, ինժեներների ներգրավումը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Կարեն Գալստյանը։
Այս ընկերություններն, ըստ գործի նյութերի, առնչվում են Աղվան Հովսեփյանի հետ։ Ըստ գործի նյութերի՝ Աղվան Հովսեփյանն ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված ևս երկու ընկերությունների կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» և «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող և իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ: Կարեն Գալստյանը, սակայն, «Առավոտի» հետ զրույցում հերքեց դա։ «Ընկերությունները կապվում են Աղվան Հովսեփյանի հետ, բայց ըստ էության լրիվ այլ սեփականատերեր ունեն, որոնք Աղվան Հովսեփյանի հետ որեւէ կապ չունեն»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մեղադրող կողմի դիրքորոշման համաձայն՝ Կարեն Գալստյանի այս միջնորդությունը չպետք է բավարարվի դատարանի կողմից, քանի որ հիմնավոր չէ։ Դատավորը հորդորեց դատարան ներկայացնել փաստաթղթեր եւ հիմնավորել, թե այդ ծախսերն ինչպե՞ս են առաջացել, որից հետո միջնորդության վերաբերյալ որոշում կկայացվի։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ