Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնորոշումը պետք է ճանաչելի լինի հազարամյակներ շարունակ իր բնօրրանում ապրող արցախահայության համար. «Միասին»

Հունիս 01,2023 16:26

ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Քրիստինա Քվինին

Հանրագիր

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը ծայրահեղ մտահոգ է Արցախում և Հայաստանում 2020 թ.սեպտեմբերի 27-ից ցայսօր Ադրբեջանի կողմից ծավալած ռազմական զավթողական քաղաքականության արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակով:

Ադրբեջանի կողմից խախտվել և խախտվում են հակամարտությունների կարգավորման միջազգային բոլոր հիմնարար սկզբունքները, ՄԱԿ-ի և Մինսկի խմբի եռանախագահության պայմանավորվածությունները:

«Միասին» շարժումը դիմում է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տկն. Քրիստինա Քվինին՝ ակնկալելով, որ դեսպանը մեր հանրագրի պահանջները կներկայացնի ԱՄՆ կառավարությանը, որը մշտապես հանդես է եկել ժողովրդավարության և մարդու իրավունքների հետևողական պաշտպանի դիրքերից։

1.ԱՄՆ իշխանությունից պահանջում ենք չբավարարվել միայն Ադրբեջանին ուղղված հորդոր-առաջարկներով, այլ առաջնորդվել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ընդունած որոշումներով և կիրառել գործուն միջոցներ՝ հարկադրելու Ադրբեջանին կատարել միջազգային օրենքներն ու պաշտոնական որոշումները, այսինքն՝ կիրառել պատժամիջոցների հստակ փաթեթ։ 2022 թ. դեկտեմբերից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող արցախահայությունը ոչ միայն հումանիտար ճգնաժամի մեջ է հայտնվել, այլև անընդհատ Ադրբեջանը, նախագահի մակարդակով, էթնիկ զտումների և ցեղասպանության ուղղակի սպառնալիքներ է հնչեցնում։

2.Չի կատարվում ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը։ Ժամանակն է, որ դատարանն իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկի իր իսկ վճիռը իրականացնելու ուղղությամբ։ Տարբեր պատժամիջոցներ կիրառելու նախադեպեր և փորձ ԱՄՆ-ը ունի։ Համոզված ենք, որ երկակի ստանդարտներ կիրառելը բնավ չի բխում ԱՄՆ հռչակած քաղաքականությունից։

3.Ադրբեջանը միջազգային ահաբեկիչների օգնությամբ ոչ միայն զավթել է, այլև շրջափակելով կտրել է Արցախը Հայաստանից և աշխարհից: 44-օրյա պատերազմից հետո գերեվարված հայ զինվորները անմարդկային պայմաններում են պահվում՝ ենթարկվելով միջնադարյան ճիզվիտական կտտանքների: Անպատիժ մնալով՝ Ադրբեջանը շարունակում է պարբերաբար առևանագել հայ ռազմագերիներին և խաղաղ բնակչությանը ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքներից։ Ակնկալում ենք ԱՄՆ բարի կամքը միջնորդ դառնալու ռազմագերիներին ու առևանգվածներին վերադարձնելու և նրանց հանդեպ միջազգային օրենսդրությունը կիրառելու հարցում։

4.Հայաստանում ժողովրդավարությունը լուրջ անկում է ապրում։ ԱՄՆ նախորդ դեսպանները մինչ այս գործող ՀՀ բոլոր վարչակազմերի հանդեպ միշտ զգայուն վերաբերմունք են ցուցաբերել, ձայն բարձրացրել քաղաքական հայացքների համար հետապնդվողների իրավունքները պաշտպանելու հարցում։ Ինչո՞ւ այդ ավանդույթը ներկա պարագայում չի գործում: Մարդու իրավունքների պաշտպանությունը մշտապես պետք է լինի ժողովրդավարական արժեքների պաշտպանի դերում հանդես եկող բոլոր պետությունների մեծագույն առաքելությունը։

Հ.Գ. Հանրագիրը պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող արցախահայությանը էթնիկ զտումներով և պատերազմով սպառնացող Իլհամ Ալիևի խոսքերը նրանց համաներում խոստանալու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերի կողմից մեկնաբանվել են իբրև գնահատելի և ողջունելի քայլ: Պահանջում ենք մեր տարակուսանքն ու զայրույթը փոխանցել պետքարտուղարությանը և անձամբ Մ.Միլլերին, որը ցեղասպան Ալիևին համաներում շնորհող է փորձում դարձնել այն պարագայում, երբ Արցախում ամենևին չկան հանցագործներ, այլ կան իրենց բնօրրանում ինքնորոշման իրավունքի իրականացման համար պայքարի ելած հայեր: Եթե ինքնորոշումը ճանաչվում է Կոսովոյի ալբանների համար, որոնք իրենց տարածքի բնիկ տերերը չեն, ապա առավել ևս ճանաչելի պետք է լինի հազարամյակներ շարունակ իր բնօրրանում ապրած արցախահայության համար:

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930