Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե՛ պետությանն էր վնաս պատճառում, թե՛ իրավաբանական անձին». սահմանվել են միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը

Հունիս 01,2023 15:36

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունը սահմանել է միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը: Ըստ հիմնավորման՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի համապատասխան հոդվածով սահմանվել է, որ միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով վճարողի բանկային հաշվին, իսկ ՀՀ կառավարության սահմանած դեպքերում՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացված այլ հաշվին: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել այն դեպքերը, երբ միասնական հաշվից գումարների վերադարձը իրականացվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված՝ իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվին։

Ինչպես նշել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումների նպատակն էր կարգավորել թե՛ հարկ վճարողի միասնական հաշվից որ դեպքերում կարող է իր հարկային մարմնում նշված բանկային հաշվից տարբերվող հաշվին գումար է փոխանցվել: ՊԵԿ նախագահի խոսքով, մասնավորապես՝ ՝ նախկին կարգավորումներով հարկ վճարողը կարող էր ցանկացած այլ բանկային հաշիվ նշել, որպեսզի միասնական հաշվից գումարի փոխանցումը կատարվեր: «Դա բերել էր խարդախությունների մի շարք դեպքերի, երբ որոշակի փաստաթղթերի կեղծման արդյունքում գումարը փոխանցվում էր իրավաբանական անձի աշխատակցի կողմից այլ հաշիվներին, և թե՛ պետությանն էր վնաս պատճառում, թե՛ տվյալ իրավաբանական անձին: Հիմա փոփոխությունները կատարել ենք, թե որ դեպքերում հարկ վճարողն իրավունք ունի հարկային մարմին ներկայացված իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվի փոխանցել»,-ասել է Ռուստամ Բադասյանը:

Նա տեղեկացրել է, որ ընդունվող որոշմամբ նման փոխանցում կարող է արվել վերակազմակերպման դեպքում, երբ իրավահաջորդի բանկային հաշվին կարող են փոխանցվել գումարները, ինչպես նաև կազմակերպության լուծարման դեպքում, անհատ ձեռնարկատերի և նոտարի դեպում էլ իրենց կարգավիճակը կորցնելուց հետո որպես ֆիզիկական անձ իրենց հաշիվներին փոխանցելիս և պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում համապատասխան գանձապետական հաշիվներին:

Երևանում կստեղծվի նոր ստեղծել հավաքական թիմերի մարզման կենտրոն

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է մասնավորեցման ցանկից հանել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը և հանձնել ԿԳՄՍ նախարարության ենթակայությանը: Այն կհիմնանորոգվի և ստեղծել հավաքական թիմերի մարզման կենտրոն։ Մարզահամալիրն ունի վարչական տարածք, ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600քմ: Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին, և այնտեղ տարիներ շարունակ ուսումնամարզական գործընթաց է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի պարապմունքների համար: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցը կծառայի ուսումնամարզական հավաքների, ՀՀ առաջնությունների և այլ մրցաշարերի անցկացման համար: Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հանրապետությունում այս պահին կա թիմերի հավաքների համար երկու հնարավորություն՝ Ծաղկաձորի մարզական բազան ու Օլիմպավանը, երկուսնն էլ ունեն սահմանափակ հնարավորություններ, այդ պատճառով հաշվի առնելով հավաքականների տարբեր ուղղություններով գրանցած հաջողությունները, առաջարկվում է ստեղծել նոր մարզական կենտրոն։ «Այս տեմպը պահանջում է նոր ենթակառուցվածքներ։ Այս պահին 12 մարզադպրոց ու մարզական համալիր կառուցելու գործընթացում ենք։ Նման ենթակառուցվածք ունենալն էլ թույլ կտա ամրապնդել ու ամբողջական մոտեցում ձևավորել մեր հավաքականների պատրաստման ու լավ արդյունքների գրանցման համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Կառավարությունը որոշել է հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ հասարակական կազմակերպություններին հատկացնել անհատույց սեփականության իրավունքով գույք: Հաստատվել է 2023 թ.-ին ձեռք բերվող գույքի բաշխման ցանկը: Արդյունքում՝ մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, կբարձրանա մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովման, ուսումնամարզական գործընթացի որակը, մարզակառույցները կապահովվեն ժամանակակից մարզական գույքով, կբարելավվի դրանց մարզման պայմանները: Կառավարության որոշման հավելվածում նախատեսված 61 կազմակերպությունները 30-ով փոխարինելը պայմանավորված է կազմակերպությունների թվի նվազեցման միջոցով ընտրված կազմակերպությունները մարզագույքով առավել հագեցնելու նպատակահարմարությամբ՝ հաշվի առնելով մարզական կազմակերպությունների առաջնահերթությունները, պահանջվող մարզագույքի արժեքը: Այդ նպատակի համար պետբյուջեից կպահանջվի 100.000.000 ՀՀ դրամ:

Սահմանվել է Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը

Կառավարությունը սահմանել է Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը: Արդյունքում՝ ոստիկանությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ, բարձրացնելով ոստիկանության ծառայողների աշխատավարձերը: Ատեստավորման շրջանակում կստուգվեն ծառայողների ընդհանուր զարգացվածությունը, ֆիզիկական և կրակային պատրաստականության աստիճանը, մասնագիտական գիտելիքների իմացությունը: Ծառայողի ցանկությամբ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու և հավելավճար հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով նախատեսված ատեստավորմանը կարող է նախորդել նրա վերապատրաստումը: Ծառայողը մինչև ատեստավորումն իրավունք ունի մեկ անգամ անցնելու վերապատրաստում: Ատեստավորման նպատակով վերապատրաստումն անցկացվում է միայն առաջին անգամ ատեստավորման համար: Ատեստավորման գործընթացին չի թույլատրվում մասնակցել այն ծառայողին, որի նկատմամբ իրականացված թմրամիջոցի և հոգեմետ նյութի օգտագործման վերաբերյալ ստուգման արդյունքը դրական է կամ որն ունի 20 մլն և ավելի ՀՀ դրամի տրամադրված վարկ և 91 օր և ավելի ժամկետանց վարկային պարտավորություն: Ատեստավորումը կիրականացվի փուլերով՝ ընդհանուր բաժնի թեստավորում՝ էլեկտրոնային եղանակով, ստուգարք, մասնագիտական բաժնի թեստավորում` էլեկտրոնային եղանակով, իսկ ոստիկանությունում գլխավոր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ նաև հարցազրույց: Թեստավորման մասնագիտական բաժնի արդյունքներով ծառայողի մասնագիտական գիտելիքները գնահատվելու են «գերազանց», «լավ», «բավարար» և «անբավարար»: Մասնավորապես՝ «գերազանց» կգնահատվի 45-50 հարցերի ճիշտ պատասխանի դեպքում:

Գործադիրը սահմանել է նաև ոստիկանության ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը: Մասնավորապես՝ Ոստիկանության պետի տեղակալների պարագայում առաջարկվում է «գերազանց» գնահատականի դեպքում սահմանել հավելավճար 200.000 դրամի չափով, «լավ» գնահատականի դեպքում՝ նշված գումարի 75 տոկոսը, իսկ «բավարար» գնահատականի դեպքում՝ նշված գումարի 50 տոկոսը։

Սահմանվել է նաև Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների և փրկարարական ծառայողների ատեստավորման կարգը:

Կառավարությունն ապահովում է հանրապետության ճանապարհների վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների շարունակությունը

«Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Արդյունքում ֆինանսական միջոցներ են նախատեսվել՝ 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 2 ճանապարհահատվածների և 1 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման աշխատանքները 2023 թ. ավարտելու, 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների մի մասը 2023 թ. իրականացնելու, 2022-2023թթ. փոխանցիկ 4 ճանապարհահատվածների և 2022-ից անավարտ մնացած թվով 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները 2023 թ. ավարտելու, 2 ճանապարհահատվածներում լրացուցիչ աշխատանքներ կատարելու, 1 ճանապարհահատվածի հեղինակային հսկողության վճարման, 3 տրանսպորտային օբյեկտների (կամուրջներ) նախագծման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման,ինչպես նաև 2022 թ. ավարտված, սակայն ընդունող հանձնաժողովի ակտով դեռևս չընդունված 1 ճանապարհահատվածի շահագործման ընդունման և 5 տոկոսի վճարման համար: Արդյունքում՝ «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման շրջանակում կիրականացվի 4,033,172․2 հազ. դրամի աշխատանք և ծառայություն, իսկ «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառման շրջանակում՝ 261,269.6 հազ. դրամի աշխատանք և ծառայություն։

Օրենսդրական նախաձեռնություն. առաջարկվում է սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ

 Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ, ուժը կորցրած ճանաչել այլևս գոյություն չունեցող ՔԿԱԳ գործառույթի համար սահմանված դրույքաչափը և ավելացնել գործնականում մատուցվող մեկ այլ հյուպատոսական ծառայության դրույքաչափը, որը ներկայումս սահմանված չէ, սահմանել տեսակապի միջոցով որոշ հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը, վերացնել այլևս օգտակար նպատակ չհետապնդող և որևէ խնդիր չլուծող արտոնությունը: Մասնավորապես՝ առաջարկվում է հանել 16 տարին լրացած քաղաքացիների համար սահմանված ֆինանսական արտոնությունը։

Կապահովվի Երևանի մետրոպոլիտենի ուղևորների տեղափոխման անվտանգությունը

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություն ու լրացում նախկինում ընդունած որոշման մեջ՝ «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառմանը 111 մլն դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Մետրոպոլիտենը հայտարարել է մրցույթ՝ գնացքի անվազույգերի ձեռքբերման համար: Ըստ հիմնավորման՝ գնացքի անվազույգերի ձեռքբերումը շատ կարևոր և հրատապ է մետրոպոլիտենի բնականոն և անվտանգ աշխատանքն ապահովելու համար։ Ներկայումս շահագործվող անվազույգերն ավելի քան տասը տարվա են, մի քանի անգամ շրջատաշվել են, որի հետևանքով գտնվում են կրիտիկական դիամետրային չափերի։ «Էկրա Կովկաս» ՍՊԸ-ի հետ կնքվել է գնացքի անվազույգերի ձեռքբերման պայմանագիր՝ 24 հատ անվազույգի համար՝ 333 մլն դրամ արժողությամբ, որի շրջանակում արդեն իսկ մատակարարվել է թվով 8 գնացքի անվազույգ:

 Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն մաքսատուրքից ազատման արտոնությունից:

«Լեքս տոբակո քոմփանի» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի 90% և ավելի արտահանել ԵԱՏՄ և երրորդ երկրներ։ Ծրագրի շրջանակում կիրականացվի 2.9 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 24 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 128 նոր աշխատատեղ՝ մինչև 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 24 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.2 մլրդ դրամ:

«ԱՍԷԴԼ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել դռների և պատուհանների, ֆասադային կոնստրուկցիաների արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքն արտահանել ԵՄ և ԱՄՆ։ Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 50 մլն դրամի ներդրում, ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 68 նոր աշխատատեղ՝ մինչև 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.1 մլրդ դրամ:

«Վոլյում գրուպ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել աշխատանքային ձեռնոցների արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքը իրացնել ՀՀ տարածքում։ Արտադրությունն իրականացվելու է Արթիկ քաղաքում։ Արդեն իսկ իրականացվել է 300 մլն դրամի ներդրում, կիրականացվի ևս 662 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար, կստեղծվի 4 նոր աշխատատեղ՝ մինչև 101 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 662 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30 մլն դրամ:

«Նյուպլաստ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 4.2 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 20 նոր աշխատատեղ՝ մինչև 420 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 273 մլն դրամ:

Միջազգային համագործակցություն

Հավանություն է տրվել 2023 թ. մարտի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Նոր hամաձայնագրով ընդլայնվում է համագործակցությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով։ Այն կնպաստի անվտանգության հարցերով առաջադեմ փորձի ու գիտելիքների փոխանակմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ Համաձայնագրով առաջարկվող համագործակցությունն ուղղված է Հայաստանում կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացմանը, անձնակազմի ունակությունների ու կարողությունների զարգացմանը, որը կնպաստի ԱԷԿ-ների շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացմանը։ Համաձայնագրով ստացված գիտատեխնիկական աջակցությունը կնպաստի ֆիզիկական պաշտպանության, միջուկային զենքի չտարածման երաշխիքների իրականացման, ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակման համար։

Հավանության է արժանացել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց` վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Այն նախատեսվում է հարկադիր վերադարձի ենթակա անձի նույնականացման և քաղաքացիությունը պարզելու հարցումն ուղարկել ծագման պետության ներկայացուցչություն՝ վերադարձի վկայականների ձևակերպման նպատակով։ Ներկայացուցչությունն էլ հարցման ստացումից 30 օրվա ընթացքում իրականացնելու է անձի քաղաքացիության պարզումը։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը անձանց քաղաքացիության և ինքնության հարցերը պարզելու գործառույթներն իրականացնում է հետընդունման համաձայնագրերի շրջանակում։ Միջազգային համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա, մասնավորապես՝ համատեղ և համակարգված քայլեր իրականացնել ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում անկանոն կարգավիճակում գտնվող անձանց նույնականացնելու և քաղաքացիությունը պարզելու ուղղությամբ,  փոխգործակցություն հաստատել կողմերի միջև հարկադիր վերադարձի ենթակա անձանց վերադարձի վկայականների ձևակերպման հարցերում, զարգացնել արդյունավետ համագործակցություն միգրացիայի ոլորտում:

Այլ որոշումներ

Հունիսի 13-14-ը Երևանում կայանալիք հայ-ռուսական գիտակրթական ֆորումի կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում վերաբաշխման միջոցով 22,680.0 հազար դրամ տրամադրել Երևանի պետական համալսարանին: Ֆորումին ակնկալվում է շուրջ 200 հոգու մասնակցություն։ Ֆորումի ընթացքում նախատեսվում է՝ հայ-ռուսական աշխատանքային խմբի նիստ՝ ՀՀ-ում համատեղ հանրակրթական հաստատությունների ստեղծման հայեցակարգի քննարկման նպատակով, երկկողմ բանակցություններ և խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուսաստանի բուհերի ռեկտորների աշխատանքային փոխգործակցության, երկկողմ նախագծերի քննարկման նպատակով, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի նիստ: Ստորագրվելու են մի շարք երկկողմ համաձայնագրեր, ակնկալվում է բարձրաստիճան հյուրերի մասնակցություն:

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2023թ. 1-ին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 206 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (113 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (93 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

Կառավարությունն ընդունել է «ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի «Քաղաքատեղի «Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքից օտարված հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում: Այն պայմանավորված է հուշարձանի տարածքն ամբողջացնելու, պատմական մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերի ուսումնասիրությունն ու պահպանությունն ապահովելու, հնագիտական պեղումները կազմակերպելու, հուշարձանների առկայությունը հստակեցնելու, հայտնաբերվելիք և օտարված հողամասի սահմաններում գտնվող հուշարձանապատկան 10-րդ բլուրի վրա պահպանված կառույցների մնացորդների ամրակայման և վերականգնման, հուշարձանի օգտագործման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման, պատմամշակութային արգելոց ստեղծելու, ինչպես նաև հուշարձանի հատուկ պահպանվող տարածքների պատմական և մշակութային գործառնական նշանակությամբ 6,0 հեկտար հողի կատեգորիայի վերականգնման անհրաժեշտությամբ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930