Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Փաշինյանը ստորագրի այն, ինչի մասին ասել է, դա կլինի անդառնալի ազգային ողբերգություն. Օսկանյան

Հունիս 01,2023 15:20

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

2018-ի իշխանափոխությունից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ արդեն սխալ ընտրություն է կատարվել, հայ ժողովուրդը հայտնվել է չդադարող նվաստացումների շրջափուլում։ Թվում էր, թե 44-օրյա պատերազմում ծանր պարտությունը նվաստացման գագաթնակետն էր, բայց պարզվեց, որ չէ, երբ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեց Ադրբեջանին նախ բանավոր և շուտով, անկասկած, կհանձնի գրավոր։

Երեկ նվաստացման ևս մի կաթիլ ավելացավ, երբ Միացյալ Նահանգները ողջունեց Իլհամ Ալիևի՝ Արցախի իշխանություններին ներում շնորհելու «բարի կամքը»։

Ես ուզում եմ՝ մի պահ մենք բոլորս մեզ թափ տանք և հասկանանք, թե դա ինչ է նշանակում։ Ուրեմն, աշխարհի ամենակոռումպացված և ավտորիտար ղեկավարը խոստանում է ներում շնորհել իր պատմական հողի վրա սերունդներով (հազարամյակներով) ապրած ժողովրդի ընտրյալներին, այն ժողովրդի, որի նկատմամբ տասնամյակներ կիրառվել են ամենադաժան բռնությունները՝ փորձելով նրանց կտրել իրենց իսկ պատմական հողից, որը երբևիցե չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Եվ ԱՄՆ-ն ողջունո՞ւմ է այս քայլը։

Պետք չէ մեղադրել Միացյալ Նահանգներին։ Այստեղ մի մեղավոր կա․ դա Հայաստանի ներկա իշխանություններն են։ Այս նվաստացումից դուրս գալու և իրավիճակը կտրուկ փոխելու միակ ճանապարհը ժողովրդական ճնշմամբ այս իշխանություններին հրաժարական պարտադրելն է։ Ես կարծում եմ, որ ողջ հայությունն այսօր չունի այլ գերակա խնդիր, քան իր ձայնի բարձրացումն է Հայաստանի իշխանությունների կողմից արվող պատմական այս անարդարությունների դեմ և պահանջը՝ հրաժարվելու Արցախի հանձնման գործընթացից։

ՄԱԿ-ի անդամ 190-ից ավելի երկիր կա, որոնք մտել են այդ կազմակերպություն որոշակի սահմաններով։ Ներկայում աշխարհում գոյություն ունի 50-ից ավելի տարածքային վեճ, ինչը նշանակում է, որ գոյություն ունեն առնվազն երկու տասնյակ զույգ-երկրներ, որոնք տարածքային չկարգավորված խնդիրներ ունեն։

Բացառությամբ մի քանիսի՝ այդ բոլոր զույգ-երկրներն ունեն դիվանագիտական հարաբերություններ, մեծամասամբ՝ նաև բարեկամական նորմալ կապեր։

Այս պահին Նիկոլ Փաշինյանը Քիշնևում է։ Չգիտեմ՝ փաստաթուղթ կստորագրի, թե ոչ, բայց բոլորի համար այդ բանակցությունների ելքը վճռված է։

Ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր հնարավորություն ունի խուսափել Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելուց։ Դրա համար կան հիմնավոր պատճառներ, ինչը շատ հասկանալի և ընկալելի է բոլորի համար։ Եթե Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, ուզում է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, դա պետք է ստորագրի վերապահումով, որը կվերաբերի Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին։ Եթե Փաշինյանը ստորագրի այն, ինչի մասին բանավոր ասել է, ապա դա հայ ժողովրդի համար կլինի ամենամեծ նվաստացումը և անդառնալի ազգային ողբերգություն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930