Լրահոս
Օրվա լրահոսը

Հավելավճար ստանալու, պաշտոնին «արժանի» լինելու կամ պաշտոնի առաջխաղացման համար ոստիկանության ծառայողները ատեստավորում կանցնեն

Հունիս 01,2023 12:14

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգին։

Պաշտոնին համապատասխանությունը ստուգելու, հավելավճար հաշվարկելու կամ ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու եւ դրան համապատասխանող հավելավճար հաշվարկելու համար` ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողները համապատասխան ատեստավորում կանցնեն։

Ստուգվելու են ոստիկանության ծառայողների ընդհանուր զարգացվածությունը, ֆիզիկական եւ կրակային պատրաստականության աստիճանը, մասնագիտական գիտելիքները։

Ծառայողի ցանկությամբ, ինչպես նշված է որոշման նախագծում, ատեստավորումից առաջ ծառայողը կարող է մեկ անգամ անցնել վերապատրաստում:

Առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան պաշտոնի նշանակվելուց վեց ամիս անց: Նա զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու եւ հավելավճար հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու եւ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ատեստավորմանը պարտավոր է մասնակցել վեցամսյա ժամկետը լրանալուց հետո՝ երեք տարվա ընթացքում:

Ատեստավորման փուլերից է նաեւ հարցազրույցը, որի ժամանակ ներգրավվելու է հոգեբան։ Ըստ նախագծի, հարցազրույցի ընթացքում ստուգվելու է ծառայողի՝ թիմ ղեկավարելու կարողությունը, նախաձեռնողականությունը, սեփական հույզերը կառավարելու ունակությունն ու ինքնատիրապետումը, այլ անձանց ունկնդրելու, նոր միջավայրին հարմարվելու կարողությունը եւ բարեվարքությունը:

Ատեստավորման գնահատականներից կախված կլինի հավելավճարի չափը։

Արփինե Սարգսյան

Նախագիծը զեկուցող ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացմամբ՝ ատեստավորում անցնելու համար սահմանվել են չափորոշիչներ, եւ օրինակ՝ եթե պարզվի, որ տվյալ ծառայողը թմրամիջոց, հոգեմետ, հոգեներգործուն նյութ է օգտագործել, չի թույլատրվելու անցնել ատեստավորում․ «Մյուս կարեւոր բաղադրիչը ֆինանսական դիսցիպլինային է վերաբերում, քանի որ դա կարող է կոռուպցիոն տեսանկյունից ռիսկեր գեներացնել, եթե ծառայողն ունի 20 միլիոն դրամ եւ ավելի վարկ, եւ վարկի շրջանակում 91 օր եւ ավելի ունի ժամկետանց պարտավորություն, ապա ծառայողին չի թույլատրվելու մասնակցել ատեստավորմանը»։

Փոխնախարարի փոխանցմամբ՝ ատեստավորման գործընթացը կսկսվի հուլիսից, ծառայողների ատեստավորման համար կլինեն ուղեցույցներ, որոնց հիման վրա նրանք կարող են պատրաստվել ատեստավորմանը։

Ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողների որոշակի խմբային դասակարգում է արվել՝ հաշվի առնելով ոլորտները։ Ըստ փոխնախարարի՝ համապատասխան ատեստավորում են անցնելու նաեւ ոստիկանության զորքերի ծառայողները, համայնքային ծառայողները, այդ թվում՝ ընտանեկան բռնության գործերով զբաղվողները, պարեկային ծառայողները, քրեական ոստիկանության ծառայողները, փրկարար ծառայողներն եւ ծառայության տնօրենի տեղակալները։

Մհեր Գրիգորյան

Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց՝ ֆինանսական կարգապահության գործոնը կարեւոր է․ «Բայց դրան զուգահեռ՝ մենք մեկ այլ հնարավորություն էլ կտանք՝ Կենտրոնական բանկի հետ կշարունակենք աշխատել, նույն բանն անելու ենք պաշտպանության նախարարության հետ։ Ողջամիտ չափի վարկերը, որոնք տվյալ անձինք ոչ բարվոք վարկային պատմություն ունեն, ատեստավորման արդյունքների ուժով մենք կփորձենք անդրադառնալ այդ հարցին եւ հաշվի առնելով աշխատատեղի եւ վաստակի հավելյալ կայունությունը՝ լուծումներ կգտնենք, թե ինչպես կարելի է դրական ազդել ոչ բարվոք վարկային պատմության ռիսկերը չեզոքացնելու համար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930