Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր քրեական վարույթ Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի դեմ

Հունիս 01,2023 11:07

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, օրեր առաջ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Անժելա Մաքյանի նկատմամբ։ Մաքյանը, ըստ ահազանգի, պաշտոնեական դիրքը օգտագործելով ՝ քոլեջից հափշտակել է իրեն վստահված գույքը։ Վարույթը հարուցվել է «ՀՀ քրեական օրենսգրքի» 446-րդ հոդ. 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) ՝ հատկանիշներով։

Հիշեցնենք, որ Մաքյանը` 2014-2016թթ. իր պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով, կազմակերպությունում աշխատող թվով 22 դասախոսների կողմից ուսանողների ՀՀ-ից դուրս գտնվելու պարագայում բացականեր չեն նշանակվել։ Նրանց քոլեջից դուրս թողնելու փոխարեն՝ տվել է դիպլոմներ։ Քրեական գործը հարուցվել էր 2021թ․-ի նոյեմբերին։ Այդ ժամանակ Անժելա Մաքյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, որ իր դեմ հարուցված քրեական գործը բացահայտ քաղաքական հետապնդում է։ «Որդուս` Գոռ Թադեւոսյանի՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության թեկնածու առաջադրվելու նախօրեին ՊՎԾ-ն մշտադիտարկում իրականացրեց «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում։ Քաղաքական իշխանության կողմից իրականացվում են բոլոր միջոցները նախընտրական շրջանում կասեցնելու որդուս մասնակցությունը Կապանի ավագանու ընտրություններին»,-գրել էր նա։

Մի քանի ամիս անց լուրեր շրջանառվեցին, որ վերահսկող դատախազի կողմից կարճվել է քրեական գործի վարույթը։ Aravot.am-ի հարցմանը Սյունիքի մարզի նախկին դատախազ Էդուարդ Հարությունյանը պատասխանել էր, որ Անժելա Մաքյանին առաջադրված մեղադրանքը փոփոխության չի ենթարկվել։ Տնօրենին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագ (պաշտոնեական կեղծիքը) եւ 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 3 դրվագ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):

«Նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է, եւ դրա արդյունքներից է կախված՝ կառաջանա՞ մեղադրանքի ծավալը փոփոխելու անհրաժեշտություն, թե ոչ: «Բավարար հիմքերի դեպքում որեւէ կաշկանդվածություն չունենք նաեւ այն փոքրացնելու: Կարեւորը տվյալ դեպքում իրականացվող քննության օբյեկտիվությունն է եւ դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանությունը»,-2022թ-ի փետրվարին նշել էր Սյունիքի մարզի այն ժամանակվա դատախազ Էդուարդ Հարությունյանը:

Նշենք, որ  Անժելա Մաքյանի պարտականությունները դատարանի որոշմամբ այս պահին դադարեցված են։

Մեր տեղեկություններով, կեղծ դիպլոմների փաստով հարուցված քրեական գործը կարճվել է։

Aravot.am-ը այս գործի, ինչպես նաեւ աղմկահարույց մի քանի այլ քրեական գործերի կարճման մասին տեղեկությունները ճշտելու համար հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Պատասխանը ստանալուն պես՝ այն կհրապարակենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930