Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով, Ադրբեջանի նախագահն իր վերջին «պահանջները» վաղուց էր ձևակերպել։ Խոսքն «ԱՀ պետական ինստիտուտները լուծարելու, պաշտոնյաների հրաժարականների» պահանջի մասին է։ Խնդիրն, ըստ Գալստյանի, այլ է։
«Մենք բազմիցս ենք ասել, որ ՀՀ օրվա իշխանություններն իրենց բոլոր ինստիտուցիոնալ կապերը խզել են Արցախի հետ։ Այսօր այդ կապերը գործում են միայն Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան անձնական հարաբերությունների հիման վրա, և ինստիտուցիոնալ հարաբերություններ չկան։ Երբ պատերազմից հետո խոսում էինք միջխորհրդարանական նիստ անցկացնելու անհրաժեշտության մասին, բայց Ալիևի պահանջներով ՀՀ-ից այլևս Արցախ պաշտոնյաներ չէին գալիս, այս ամենը վկայում էր, որ Ալիևը վերոնշյալ պահանջները դեռ վաղուց էր ձևակերպել։ Ալիևը հետզհետե Փաշինյանին բերեց մի դաշտ, որ վերջինս 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում իր հայտարարածի ճիշտ հակառակն ասի։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», դրանով պատերազմ հրահրեց։ Ալիևի արդեն այսօրվա պահանջն այն էր, որ Փաշինյանը հայտարարի, որ «Արցախն Ադրբեջան է»։ Եվ Փաշինյանը պաշտոնապես ճանաչեց «Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը»,-ասաց զրուցակիցը՝ ընդգծելով, որ հենց այս հայտարարությունից հետո Ալիևը նման կերպ խոսելու հնարավորություն ստացավ։
«Երբ Փաշինյանը կատարել է Ալիևի պահանջն ու Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ապա տրամաբանական է, որ հետո Ալիևը պետք է հայտարարեր, թե «Արցախում գործող իշխանությունները, ԱԺ-ն ոչ լեգիտիմ են» և այլն։ Այստեղ, սակայն, մի կարևոր հանգամանք կա. երբ Ալիևը խոսում է Լեռնային Ղարաբաղի ինստիտուտների՝ Ազգային ժողովի, նախագահի կամ կառավարության մասին, նա անուղղակիորեն ճանաչում է այդ ինստիտուտները։ Թե՛ ՀՀ-ում, թե՛ ԱՀ-ում հայեցի մտածելակերպով իշխանություն ունենալու դեպքում միջազգային հանրությանը կարող ենք հստակ ձևակերպումներով ներկայացնել, որ, այո, Արցախը կայացած պետություն է՝ իր պետական բոլոր ինստիտուտներով։ Մինչդեռ, ցավոք, պարտված իշխանությունը նման բացթողումներից, Ալիևի սխալ հայտարարություններից չի կարողանում ճիշտ օգուտներ քաղել, քանի որ նրանց նպատակն այլ է»,-ասաց Գալստյանը՝ շեշտելով, որ նրանց նպատակն Արցախի անկախությունը, ինքնորոշման իրավունքն առաջ տանելը չէ։
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում