Այսօր Արևմուտքում շատ է խոսվում երեխաների «մեղմ դաստիարակության» մեթոդի մասին, սակայն ի՞նչ է ենթադրում երեխաների դաստիարակության այդ ոճը։
Հոգեբան Սառա Օքվելլ-Սմիթին է վերագրվում այդ հայեցակարգի ներկայացումն աշխարհին․ նա իր գրքերում պատմում է մեղմ դաստիարակության, դրա հիմքում դրված գաղափարների մասին՝ բերելով տարբեր օրինակներ։
«Մեղմ դաստիարակությունը հիմնված է երեխաների հանդեպ խորը հարգանքի վրա։ Այն կենտրոնացած է երեխայի հետ կապի ձևավորման, նրա զգացածի հանդեպ կարեկցանքի և գիտակցված կարգապահության վրա՝ որպես հիմք ընդունելով ուսուցումն ու ուղղորդումը, սահմանելով երեխայի տարիքին համապատասխան սահմաններ ու սահմանափակումներ։ Կարճ ասած՝ ես այն նկարագրում եմ հետևյալ կերպ․ «Վարվեք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեր ծնողները ձեզ հետ վարվեին երեխա ժամանակ»։
Վերջերս Frontiers in Psychology ամսագրում հրապարակված մի հետազոտությունը ցույց է տվել, որ այդպիսի դաստիարակությունը, որը կենտրոնացած է հարգանքի, երեխաների մտքերն և զգացմունքները հասկանալու վրա, «դրականորեն է կապվում ուսուցման արդյունքների հետ»:
Կարդացեք նաև
Waterford.org կրթական համակարգի և Քլիվլենդի կլինիկայի մասնագետներն ասում են՝ մեղմ դաստիարակությունը կազմված է 4 հիմնական բաղադրամասերից, որոնք կարևոր են, որպեսզի երեխաները դառնան կարեկից, երջանիկ, անկախ և ինքնավստահ մեծահասակներ։
- Հասկանալ երեխային,
- կարեկցել նրան,
- հարգել նրան և ստանալ փոխադարձ հարգանք,
- սահմանել առողջ սահմաններ։
Պատժի և խրախուսանքի համակարգ լինելու փոխարեն մեղմ դաստիարակությունն առաջարկում է հետևել, որ երեխաներն իմանան իրենց պահվածքի մասին և այն մասին, թե ինչպես է իրենց վարքագիծն ազդում մյուսների վրա։
Դա իրենց տարածություն ու գիտակցություն է տալիս լավագույն ընտրությունն անելու, ինչպես նաև ներկայացնում, թե ինչպիսին պիտի լինեն առողջ, փոխվստահության վրա հիմնված հարաբերությունները։
«Մեղմ դաստիարակությունն ամեն ընտանիքում տարբեր է, քանի որ յուրաքանչյուր ծնող ու յուրաքանչյուր երեխա բացառիկ է։ Հնարավոր է՝ կարևորագույնը, որ կարող է անել ծնողը մեղմ դաստիարակության մեթոդը որդեգրելիս՝ նախ իմանալ երեխայի զարգացման ու նյարդային առանձնահատկությունների մասին», – նշել է Օքվել Սմիթը։
«Գիտակցությունը, թե ինչի են ընդունակ երեխաները ցանկացած տարիքում, օգնում է ծնողներին ունենալ երեխայի տարիքին համապատասխան սպասելիքներ նրա վարքագծի հետ կապված և այնպիսի կարգապահություն սահմանել, որն իսկապես կօգնի, այլ ոչ թե կխանգարի», -մեկնաբանել է նա։
Waterford.org-ն առաջարկում է պահպանել մի շարք նորմեր, որոնք կօգնեն մեղմորեն խթանել երեխային նրա ուսուցման ժամանակ․
- Անվերապահորեն սիրել երեխային՝ հիմնվելով ոչ միայն ձեռքբերումների վրա,
- ստեղծել միջավայր, որտեղ ուսուցման ընթացքում ողջունվում են սխալները՝ որպես հնարավորություն աճի համար,
- պահպանել դրական տրամադրվածությունը,
- դնել նպատակներ, որոնք համապատասխանում են կոնկրետ երեխայի հնարավորություններին,
- պահպանել խաղալու ժամանակը, ինչը կօգնի երեխաներին լուծել իրենց խնդիրներն ու սովորել վերահսկել զգացմունքները,
- խրախուսել անկախությունը՝ գործունեության նոր տեսակներ առաջարկելով նրանց, որոնք փորձելով՝ երեխաները կանեն առավելագույնը և որոշումներ կընդունեն, թե ինչն է իրենց դուր գալիս, իսկ ինչը՝ ոչ։
Քլիվլենդի համալսարանի մանկաբույժ Կարեն Էստրելլան ասում է, որ մեղմ դաստիարակությունը ենթադրում է «լինել երեխայի համար մարզիչ, այլ ոչ թե պատժիչ»։ Օրինակ՝ երբ երեխան չի ցանկանում հագնել կոշիկները և հիստերիկ վարքագիծ է դրսևորում, նրա վրա գոռալու փոխարեն կարող եք նայել նրա աչքերի մեջ և ասել․ «Ես քեզ դպրոց եմ տանելու, այնուհետև գնալու եմ աշխատանքի։ Եվ երկուսս էլ պետք է հասնենք ժամանակին։ Ես սպասում եմ, որ դու պատրաստ կլինես, երբ ես պատրաստ լինեմ դուրս գալու։ Եթե դու պատրաստ չլինես, երկուսս էլ կուշանանք, և ես կբարկանամ»։
Ինչպես ընդգծում է հոգեբան Օքվել Սմիթը, մեղմ դաստիարակությունը ոչ թե գործիքակազմ է, այլ կենսակերպ, որի հիմքում ծնողի՝ քրտնաջան աշխատանքն է սեփական զգացմունքների վերահսկման ուղղությամբ։ Այն ուղղված է երեխաների աջակցությանն ու փոխադարձ սերտ կապի ստեղծմանը։
«Կարևոր է գիտակցել, որ փոքրիկների մոտ հիստերիկ վարքագիծը նրանց գլխուղեղի զարգացման կողմնակի ազդեցություններից մեկն է, ինչը նորմալ է։ Փոքրիկները, երբ հիստերիկ պահվածք են դրսևորում, «չարություն» չեն անում, և նրանց պատժելու փոխարեն անհրաժեշտ է մնալ նրանց հետ և օգնել կարգավորել զգացմունքները, որը նրանք ինքնուրույն չեն կարող անել»։
Մեղմ դաստիարակությունը հիմնվում է դրական կարգապահության վրա, որը ներառում է՝
- Օգնել երեխային հասկանալ պատկանելիությունը,
- լինել բարի, բայց ամուր,
- սովորեցնել սոցիալական հմտությունները, ինչպիսիք են հարգանքը, շփումը, համագործակցությունն ու խնդիրների լուծումը,
- հաշվի առնել երեխայի զգացմունքները, մտքերը, ցանկությունները,
- աջակցել նրա ինքնահաստատմանն ու ինքնաճանաչմանը։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ