Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության» յուրահատուկ դարաշրջան. մոտեցել ենք հայ-ադրբեջանական պատերազմի ճակատագրական փուլին

Հունիս 01,2023 13:30

Հայ-ադրբեջանական պատերազմը հասել է մի հանգրվանի, որտեղ վերջապես որոշվելու է՝ Արցախը կմնա՞ հայկական, թե՞ ոչ, կշարունակի՞ գոյատեւել հայոց պետականությունը, կգոյատեւի՞, արդյոք, Հայաստան երկիրը, պետությունը եւ պետականությունը: Ստեղծված իրավիճակը, որում, ցավոք, հայտնվել է հայ ժողովուրդն այսօր, իրոք այսպիսին է:

Ուզում եմ հերթական անգամ հիշեցնել, որ կարծես բավական չէր մինչեւ 44-օրյա պատերազմը մեր թույլ տված ռազմավարական, մարտավարական բազում սխալները, դրանից հետո՝ մինչեւ այժմ էլ, դրանք նույն կերպ շարունակվում են եւ մենք ոչ մի կերպ չենք փորձում կամ չենք կարողանում դուրս գալ այդ հորձանուտից:

Աշխարհում չկա եւ չենք կարող մատնացույց անել մի բան, որը կախված չլինի ժամանակից: Ցանկացած երեւույթի հաջողությունն առաջին հերթին կախված է ժամանակի ճիշտ ընտրությունից: Դրանում համոզվեցինք նաեւ 44-օրյա պատերազմում, երբ դրանից առաջ՝ տարիներ շարունակ Ադրբեջանն ինտենսիվորեն պատրաստվում էր պատերազմի՝ գիշեր-ցերեկ ամրացնում էր իր անվտանգության համակարգերը, ուժեղացնում եւ թարմացնում էր բանակը՝ զինտեխնիկան, իսկ մերոնք ուղտի ականջում քնած էին ու ոչ մի նախապատրաստական աշխատանք չիրականացրին, կարծես մինչեւ ականջները զինված էին գերժամանակակից զինտեխնիկայով, զենքուզրահով եւ կատարելապես ի կատար էին ածել անվտանգության համակարգերի անհրաժեշտ թարմացումը:
Հենց այս պատճառներով էլ, այդ պատերազմում կրեցինք խայտառակ պարտություն, կորցրինք Արցախի տարածքի 75 տոկոսից ավելին, 10 հազարից ավելի զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ եւ ենթարկվեցինք խայտառակ կապիտուլյացիայի: Դրանից հետո՝ մինչեւ այս օրերն էլ, Ադրբեջանը մի շարք այլ հարձակումներ էլ գործեց, որոնց հետեւանքով Հայաստանի սուվերեն տարածքից գրավեցին մի շարք հողեր՝ հատվածներ, որոնք մինչեւ այսօր էլ նրանց տիրապետության տակ են, դրանց արդյունքում դարձյալ տվեցինք հարյուրավոր նոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ եւ գերիներ:

Մի քանի օր առաջ, Սոթքում նրանց վերջին հարձակումից հետո, կան երկուստեք զոհեր եւ մինչ այս պահն էլ այնտեղ դեռեւս անհանգիստ վիճակ է: Արդեն բազմաթիվ անգամներ այս սցենարը կրկնվում է եւ զարմանալին այն է, որ մի կողմից ամերիկաներում, եվրոպաներում, մոսկվաներում իբր «խաղաղության» պայմանագիր են քննարկում, իսկ Ադրբեջանը հենց նույն օրերին շարունակում է իր հարձակումները: Մի՞թե ակնհայտորեն պարզ չէ, որ գոնե Ադրբեջանը խաղաղության ձգտում չունի եւ իր ու վերը թվարկած երկրների կողմից երկարատեւ «խաղաղության» հաստատման պարզ ներկայացում է բեմադրվում, որը հաստատ չի կայանալու եւ Թուրքիայում նախագահական ընտրությունների ավարտից հետո, Ադրբեջանը շատ ավելի մեծ թափով շարունակելու է պատերազմը Հայաստանի հետ, փորձելով ամեն կերպ ծնկի բերել նրան ու իրականացնել իր այն նպատակները, որոնց մինչ այժմ չի հաջողվել հասնել:

Դրանցից հատկապես կարելի է ընդգծել. որքան կարելի է Հայաստանից էլ ավելի շատ նոր տարածքների գրավում եւ ուժային սպառնալիքով հասնել «Սյունիքի» միջանցքի բացմանը: Եթե հաջողվի նույն թափով կրկնել սեպտեմբերյան 44-օրյա պատերազմի սցենարը, ապա Ադրբեջանին կհաջողվի հասնել դրան եւ վերջնականապես ծնկի բերել Հայաստանին: Հակառակ պարագայում, որի միակ երաշխիքը Էրդողանի պարտությունն է, Տերը մեզ ժամանակավորապես կփրկի եւ ժամանակ կտա, որպեսզի մի վերջին անգամ՝ հրաշքով խելքի գանք, խորքային ընկալենք իրավիճակի կատաստրոֆիկ բնութագիրը ու մի կողմ թողնելով մեր բոլոր աններելի եւ բազմաբնույթ սխալները, ազգովին համախմբվելու ու վերջին՝ ճակատագրական պատերազմում հաղթելու համար, այլապես վերջնականապես կկորցնենք Արցախը եւ մեր անկախ պետականությունը, որը կլինի հայ ժողովրդի մայրամուտը ու հավանաբար, այլեւս չի լուսանա …

Ցավոք, վերն ասվածն ամենահավանական սցենարն է, որն ամեն կերպ փորձելու է շատ արագ կյանքի կոչել թշնամական տանդեմը:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
31.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930