Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնում 150 տարվա ընդմիջումից հետո մայիսի 26-ին կայացավ Վերդիի «Լուիզա Միլլեր» օպերայի պրեմիերան, բեմադրող ռեժիսորն է Գեորգի Իսահակյանը, բեմադրող դիրիժորը՝ Էդուարդ Թոփչյանը։
Գարնան սկզբին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը մեզ տեղեկացրել էր Հայաստանից իր երկարատեւ բացակայության մասին՝ շուրջ 4 ամիս, տեղեկացրել էր, որ հյուրախաղերով հանդես է գալու Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում, ապա երկար ժամանակահատված գտնվելու է Ռուսաստանում։ Շեշտել էր նաեւ, որ կվերադառնա միայն 3 օրով՝ ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի երեւանյան համերգը ղեկավարելու նպատակով, ինչը իրագործեց։
Էդուարդ Թոփչյանի դեբյուտը «Բոլշոյ» թատրոնում կայացավ ապրիլի 12-ին, Պուչինիի «Տոսկա» բեմադրությամբ։ Անդրադառնանք Վերդիի «Լուիզա Միլլեր»-ին. նշենք, որ այս օպերան բեմադրելու առաջարկն արվել է Գեորգի Իսահակյանի կողմից, գլխավոր դերերգով հանդես է եկել մեր հայրենակիցը՝ ճանաչված օպերային սոպրանո Աննա Ագլատովան։
Ակնկալվում էր, որ 150 տարի անց «Լուիզա Միլլերի» պրեմիերան բուռն քննարկման կարժանանա ռուսաստանյան մամուլում։ Այդպես էլ եղավ։ Ներկայացնենք ընդամենը մեկ կարծիք մայիսի 29-ին «Կոմերսանտ»-ում տպագրված հոդվածից. «Բոլոր առումներով արդարացված էր Գեորգի Իսահակյանի՝ ժամանակակից ռեժիսուրայով իրականացրած բեմադրությունը… Շուրջ մեկ ամիս առաջ Պուչինիի «Տոսկան» ղեկավարելով, մաեստրո Թոփչյանն արժանացել էր մասնագետների եւ երաժշտասերների հարգանքին ու բարձր գնահատանքին։ «Լուիզա Միլլեր»-ի դեպքում, միանշանակ, պետք է շեշտենք մաեստրոյի ընթերցմամբ ու ղեկավարությամբ նվագախմբի շքեղ հնչողության, առանձին խմբերի եւ tutti-ների ներդաշնակ ու միասնական հնչողության մասին, իսկ նվագախմբի փողային գործիքների մենակատարներն արժանի են առանձնահատուկ գնահատանքի եւ, ինչու ոչ՝ շնորհակալության»։
Մեզ հետ զրույցում ֆիլհարմոնիկ նվագախմբի հանրային կապերի գլխավոր մասնագետ Աստղիկ Դալլաքյանը հետաքրքրությանը՝ ե՞րբ են լրանում մաեստրոյի երկարատեւ հյուրախաղերը, նախ հիշեցրեց, որ վերջին շրջանում Թոփչյանը հաճախ է ղեկավարում Ռուսաստանի մի շարք կարեւոր նվագախմբեր, այդ թվում՝ Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային նվագախումբը, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, հետո էլ պատասխանեց. «Հունիսի 6-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Չայկովսկու անվան մեծ դահլիճում Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի եւ նվագախմբի համար, մենակատարն է Նարեկ Հախնազարյանը, ինչպես նաեւ հատվածներ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից։ Իհարկե, կայանալիք միջոցառումը Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված փառատոնի գալա համերգն է, որը կնկարահանվի եւ կհեռարձակվի «Կուլտուրա» հեռուստաալիքով»։ Ինչ վերաբերում է Թոփչյանի հյուրախաղերի ավարտին, մեր զրուցակիցը հայտնեց, որ խաչատրյանական համերգից հետո մաեստրոն կրկին կվերադառնա «Բոլշոյ»՝ այս անգամ ղեկավարելու Վերդիի «Պարահանդես- Դիմակահանդես» օպերան։
Կեսկատակ-կեսլուրջ հարցին էլ, թե՝ հավանաբար շա՜տ են կարոտել Թոփչյանին եւ օրերն են հաշվում, թե երբ է վերադառնալու, Աստղիկ Դալլաքյանի պատասխանը հետեւյալն էր. «Մաեստրոն Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու առաջին օրվանից մշտական կապ է պաշտպանում ֆիլհարմոնիկի տնօրեն Նորայր Նազարյանի հետ, ավելին՝ մենք նրան ուղարկում ենք փորձերի եւ համերգների տեսագրությունները եւ այլն»։
«Ներկայացման բեմադրող-դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշում է. ««Լուիզ Միլլեր»-ը Վերդիի ամենագեղեցիկ օպերաներից է, այն աներևակայելի հաջողված ստեղծագործություն է և ոչ միայն դետալներում, այլ որպես ամբողջություն շատ կոմպակտ է, ամբողջական, այստեղ ոչ մի ավելորդ նոտա չկա»։
Կարդացեք նաև
Այսպիսի բարձր, անգամ բուռն գնահատականը ամրապնդվեց հիմնավոր աշխատանքով, որն էլ հանգեցրեց շատ բարձրորակ երաժշտական արդյունքի: Այս առումով պրեմիերային աշխատանքը, իհարկե, անթերի էր և արժանի էր Մեծ թատրոնի բեմին։ Դիրիժորին հաջողվեց ներկայացնել մոսկովյան հանդիսատեսի համար, կարելի է ասել, այս նոր օպերան իր ողջ փայլով` ընդգծելով նրա ռոմանտիկ պաթոսը և միևնույն ժամանակ նուրբ քնարականությունն ու կերպարների խորը հոգեբանությունը:
Նվագախումբը հիասքանչ էր հնչում հանրահայտ նախերգանքի հենց առաջին նոտաներից (որը, ի տարբերություն բուն օպերայի, հայտնի է որպես համերգային ստեղծագործություն), հոգեթով մենանվագները և նյուանսների նրբերանգներն ընդգծեցին կուլմինացիայի դրամատիզմը»: («Գազետա Կուլտուրա», Ալեքսանդր Մատուսևիչ, 31.05.2023):
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ տեսարաններ «Լուիզա Միլլեր» օպերայից
«Առավոտ» օրաթերթ
31.05.2023