Սկիզբը՝ այստեղ:
«Եղբա՛յր, Ադրբեջանից ի՞նչ ես ուզում», թուրքական նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուին հարց էին ուղղում թուրքական իշխանությունները
«Թուրքերի ուղին անցնում է Շուշիով, Ջաբրայիլով եւ Զանգեզուրով՝ հին թյուրքական երկիր, որտեղ նահատակների արյուն է թափվել»,- սա Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի խոսքն է երկրում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մի քանի օր առաջ: Չավուշօղլուն քննադատել էր Թուրքիայի նախագահ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին՝ տրանսպորտային նախագծից Ադրբեջանին դուրս թողնելու մտադրությունների համար: «Այսօր Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ իրենք պատրաստ են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը։ Ի՞նչն է ձեզ մտահոգում, ի՞նչ եք ուզում Ադրբեջանից… Թուրքական ճանապարհն անցնում է Զանգեզուրով, Ղարաբաղով։ Պարոն Քըլըչդարօղլուն ներկայացրել է Ադրբեջանը շրջանցող քարտեզ։ Եղբա՛յր, Ադրբեջանից ի՞նչ ես ուզում»,- ասել էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հիշեցնելով, որ ժամանակակից Թուրքիան պաշտպանում է ոչ միայն իր, այլեւ ամբողջ` «թյուրքական աշխարհի» շահերը։
Հայաստան-Ադրբեջան խնդիրների կարգավորման թեման նախընտրական Թուրքիայի թեժ թեմաներից մեկն էր: Պաշտոնական Անկարան ցանկացած առիթ օգտագործում էր ցույց տալու, թե ինչպես է շարունակում աջակցել Բաքվին: Գումարած դրան Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը կանգնեցնելու հարցում Անկարան մի «պատճառ» էլ նախընտրական շրջանում գտավ. Երեւանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման փաստից հետո թուրքական իշխանություններն արգելեցին հայկական ավիաընկերությունների տարանցիկ թռիչքները իրենց օդային տարածքով՝ զգուշացնելով նոր հետեւանքներով, եթե արձանը չապամոնտաժվի:
Կարդացեք նաև
Թուրքիայում մայիսի 14-ի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով երրորդ տեղը գրաված, արմատներով ադրբեջանցի ծայրահեղ ազգայնական հայացքներով հայտնի Սինան Օղանն էլ իր հերթին մի քանի անգամ հայտարարեց, որ մշտապես ողջունել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ: «Այդ հարցում Էրդողանի դիրքորոշումը ճիշտ է», – ասել էր Օղանն, ով իր աջակիցներին կոչ է անելով մայիսի 28-ին կայանալիք երկրորդ փուլում քվեարկել հօգուտ գործող նախագահի: Նկատենք, որ Սինան Օղանի աջակիցները ծայրահեղ աջակողմյան ազգայնականներ էին եւ քաղաքական հայացքների առումով մոտ էին Էրդողանի աջակիցներին:
Քեմալ Քըլըչդարօղլուի կողմից Թուրքիայում նախընտրական թուհուբոհի ժամանակ մի հրապարակման ի հայտ գալը` «Ո՛չ Արեւմուտք, ո՛չ Արեւելք, դա է Թյուրքական ուղին», այսինքն, Թուրքիան պետք է տրանսպորտային հաղորդակցություն հաստատի Չինաստանի հետ Իրանի տարածքով՝ շրջանցելով Ադրբեջանը, իր հերթին նշանակում էր` ոչ մի «Զանգեզուրի միջանցքի» անհրաժեշտություն չկա: Իրականում, այս պրոյեկտը նշանակում էր նաեւ Թուրքիայի` Ռուսաստանից աջակցությունից հրաժարվելու ուղերձ: Քըլըչդարօղլուն նշել էր, որ պատմական մետաքսի ճանապարհը վերաբացվելու է, եւ հայտարարել էր, որ այն կդառնա Ասիայի եւ Եվրոպայի միջեւ կարեւորագույն առեւտրային ուղիներից մեկը՝ 5,500 կմ երկարությամբ երկաթուղային կապով. «Այս նախագիծը դեպի ծով ելք չունեցող Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ղազախստանը կմիացնի թուրքական նավահանգիստներին։ Թուրքիան կդառնա թյուրքական աշխարհի ծովային դարպասը»։
Ահա, նաեւ վերոնշյալից կարելի է բխեցնել, թե ինչու Արեւմուտքին «Զանգեզուրի միջանցքը» հարկավոր չէ, ինչու է Արեւմուտքը հանդես գալիս Հայաստանի տարածքային ամբողջականության կողմնակից, մինչդեռ Թուրքիան բացեիբաց, Ռուսաստանը` լուռ, Ադրբեջանի «զանգեզուրյան» քմահաճության բավարարմանն են լծվել:
Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլից մի քանի օր առաջ թուրքական «Gazetepusula.net» լրատվամիջոցի վերլուծաբան Քենան Բիլիզն անդրադարձել էր Քեմալ Քըլըչդարօղլուի ներկայացրած «Մետաքսի ճանապարհի» ծրագրին: Բիլիզը նախկինում Էրզրումի նահանգի Յակուտիյեի շրջանի ՏԻՄ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետն էր եղել: Պարբերականի հրապարակման մեջ նա ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Քըլըչդարօղլուի վերոնշյալ ճանապարհի քարտեզի գծագրման մեջ Ադրբեջանը չի եղել եւ այդ իսկ պատճառով այն որակել է «անհարգալից» քարտեզ: Հեղինակը ներկայացրել էր նաեւ Ադրբեջանում Քըլըչդարօղլուի խոսքերի ստացած արձագանքը: Մասնավորապես ադրբեջանական «Musavat» թերթի հոդվածագիր Այգյուն Մուրաթհանլըն «Քըլըչդարօղլուն ինչու՞ չի սիրում Ադրբեջանը» հրապարակման մեջ քննադատել էր թուրք ընդդիմադիր գործչին` նշելով, որ 75 տարվա կյանք ունեցող Մետաքսի ճանապարհի անվան տակ նա ի ցույց է դրել իր վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ. «Ադրբեջան չկա, Բաքու չկա: Թուրանի ճանապարհը, որտեղ Ադրբեջան չկա, դավաճանություն է թուրքական աշխարհի հանդեպ»,- ընդգծել է Մուրաթհանլըն:
Ապա փորձելով բացատրել Քըլըչդարօղլուի քայլերը՝ ադրբեջանցի հոդվածագիրը գրել էր. «32 տարի Իրանը գործում է թուրքական եւ մուսուլմանական աշխարհներին, ինչպես նաեւ Ադրբեջանին թուլացնելու համար: Իրանը Հայաստանին ամեն կերպ աջակցում է, ադրբեջանական բանակի դեմ նրանք միասին են պատերազմում: Այսպիսով Քըլըչդարօղլուն մեկն է Իրանից, ով ընկել է երազանքների գիրկը եւ գծում է Թուրանի ճանապարհը»: Ըստ Մուրաթհանլըի՝ թուրք քաղաքական գործիչը Թուրանի նման քարտեզ ցույց տալով բացահայտ ասել է, որ նախագահ դառնալու դեպքում աջակցելու է Իրանին Զանգեզուրի հարցում:
Հիշեցնենք նաեւ, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլից օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Արցախի օկուպացված Շուշի քաղաքից ուղերձով դիմել էր ադրբեջանցիներին՝ Հեյդար Ալիեւի ծննդյան 100-ամյակի առթիվ։ Ալիեւն անդրադարձել էր նաեւ «միջանցքի» թեմային։ «Ուզում եմ հիշեցնել, որ հենց Հեյդար Ալիեւի նախաձեռնությամբ Ադրբեջանում տեղի ունեցավ շատ մեծ եւ ներկայացուցչական միջազգային համաժողով Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի վերաբերյալ։ Այդ տարիներին դրվեց նախագծի հիմքը, որի անունն է «Միջին միջանցք»՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա։ Այսինքն՝ այդ միջանցքի անցումն Ադրբեջանի տարածքով պայմանավորված էր այդ տարիներով, չնայած որոշները դա չէին ուզում։ Այսօր էլ կան մարդիկ, որոնք փորձում են Ադրբեջանը դուրս թողնել ռազմավարական նախագծից, սակայն նրանց ցանկություններին վիճակված չէ իրականություն դառնալ»,- ասել էր Ալիեւը՝ այդպիսով արձագանքելով Թուրքիայի նախագահի ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։
Հետեւաբար, միանգամայն հասկանալի էր, թե ինչու Թուրքիայում նախընտրական արշավի մեկնարկից ի վեր ադրբեջանական ամբողջ պետական քարոզչությունը, ինչպես նաեւ Թուրքիայում գործող Բաքվի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները լծվել էին Էրդողանի քարոզարշավը սատարելու գործին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ապրիլի 29-ին մեկնել էր Անկարա, հայտնել էր ընտրություններում Էրդողանին իր աջակցության մասին, եւ նրանք միասին հայտնվեցին նախընտրական հանրահավաքի հարթակին։
Ինչեւէ, Թուրքիայում նախագահական ընտրությունների արդյունքում Էրդողանը վերընտրվեց, սակայն ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի պարագայում եւս փորձագետները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական քայլեր չէին կանխատեսում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազգայնական ուժերը մեծամասնություն են կազմում թուրքական խորհրդարանում, նախագահի երկու թեկնածուներից յուրաքանչյուրի հաղթանակի դեպքում էլ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում էական փոփոխություններ շատերը չէին ակնկալում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 31.05.2023