Գյումրու բուժհաստատություններից շատերում տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթներ են հայտարարվել, սակայն թեկնածուները կամ չեն հաղթահարել մրցույթը՝ շարունակելով ստանձնել ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կամ էլ դիմողներ ընդհանրապես չեն եղել։
Մրցույթներին դիմողներ չլինելու կամ մրցակիցներ չունենալու փաստն առնվազն տարօրինակ է շիրակյան իրականության մեջ, քանի որ եղել են դեպքեր, երբ տնօրենի թափուր պաշտոնի համար 6 կամ 8 հոգի են մրցակցել։ Ոչ վաղ անցյալում թեժ պայքար էր Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար, նմանապես թեժ պայքար ծավալվել էր նաև «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան» պոլիկլինիկայում։ Յուրաքանչյուր մրցույթից հետո էլ քննարկումներն ու բողոքներն՝ ուղղված մամուլին, երկար ժամանակ շարունակվում էին։
Ի՞նչ է կատարվում հիմա, ինչո՞ւ են այսքան պասիվ, ինչո՞վ կբացատրեն մրցակցության բացակայությունն, այս թեմայի շուրջ Aravot.am-ը զրուցել է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանի հետ։
Լեյլի Ասլանյանը մեզ փոխանցեց, որ Գյումրու 6 պոլիկլինիկաներից 4-ը՝ «Բեռլին», «Էնրիկո Մատտեի», «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու» անվան, ինչպես նաև թիվ 1 այս պահին ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարները։
Կարդացեք նաև
Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցը ևս գլխավորում է ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ սեփական դիմումի համաձայն տնօրենի ժ/պ-ի պարտականություններից ազատվել էր Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի կողմից նշանակված Հովհաննես Վարձելյանը։ Նրա փոխարեն ժ/պ նշանակվել է վնասվածքաբան Կարեն Գևորգյանը։
Լեյլի Ասլանյանի փոխանցմամբ, նախքան Կարեն Գևորգյանի՝ ժ/պ նշանակվելն, այս հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի համար ևս մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել է մի թեկնածու ու չի անցել։
Մեր զրուցակցի փաստմամբ, նմանապես մրցույթներ են հայտարարվել « Էնրիկո Մատտեի» անվան իտալական պոլիկլինիկայի տնօրենի, «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու» անվան, ինչպես նաև թիվ 1 պոլիկլինիկաների տնօրենների թափուր պաշտոնների համար, սակայն թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն դառնալու ցանկություն հայտնող չի եղել․ մրցույթին ոչ մեկը չի մասնակցել, իսկ «Էնրիկո Մատտեի» անվան իտալական ու «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու» անվան պոլիկլինիկաների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին մասնակցած անձինք չեն հաղթահարել այն։
«Էնրիկո Մատտեի» անվան իտալական պոլիկլինիկայի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցակցություն, ըստ էության, չի եղել, ընդամենը մեկ դիմող է եղել, իսկ «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու» անվան պոլիկլինիկայի տնօրենի թափուր պաշտոնի համար՝ երկու թեկնածու։
Մրցույթ հայտարարվել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման համար կեղծ սերտիֆիկատների քրեական գործով աղմուկ հանած Գյումրու Վ․ Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության թափուր պաշտոնի համար, հաղթող ճանաչվել է մրցույթին մասնակցած միակ թեկնածուն՝ Սուսաննա Պետրոսյանը։
Այս պոլիկլինիկայում ևս նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի պաշտոնավարման օրոք տնօրենի ժ/պ նշանակված Կարեն Թորոսյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացել։ Պատճառը, ըստ նրա, ուսումնառությունն արտերկրում շարունակելն է։
Լեյլի Ասլանյանը տնօրենի պաշտոնի նկատմամբ հետաքրքրասիրություն չցուցաբերելը մեկնաբանում է նրանով, որ հիմա բժիշկներն ավելի շատ գերադասում են զբաղվել մասնագիտական գործունեությամբ։
Թեմայի շուրջ պարզաբանումներ ստացել ենք նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանից, այն կներկայացնենք ավելի ուշ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ