2022թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ամենակտիվ հարցեր տվող ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Նարեկ Խաչատրյանին առաջարկեց ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների վերադարձի սկզբունքում կիրառել այլ մեխանիզմներ, օրինակ Ցեսիայի պայմանագիր, քանի որ տարեց ավանդատուներից շատերն առողջական խնդիրների համար գումար չունեն:
Նարեկ Մկրտչյանն ասաց, որ իրենց մոտեցումն է նախ հաշվարկել պետբյուջեի հնարավորությունները, ապա ՝ յուրաքանչյուր տարի ավելացնել ևս մեկ տարով: Նախարարի կարծիքով, հիմնական բողոքները կապված էին հերթերի հետ, որն էլ, նրա խոսքով, արդեն լուծվել է և հաշվառվելուց հետո քաղաքացին կարողանում է ստանալ իր գումարը: Մկրտչյանը նաև, տեղեկացրեց, որ 2020թ. պետական բյուջեով ավանդների փոխհատուցման իրավունք է տրվել մինչև 1939թ. դեկտեմբերի 31-ը ծնված ավանդատուներին:
Անդրադառնալով, Հայաստանում Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված գործազուրկների ցուցանիշին, նա նշեց, որ 2022 թվականին հաշվառվել է 48․561 գործազուրկ քաղաքացի։
«Միասնական սոցիալական ծառայություններում հաշվառված գործազուրկ անձանց թիվը 2022թ. եղել է 48․561, որից 10․362-ին զբաղվածության տարբեր ծառայությունների համագործակցության արդյունքում մենք աշխատանքի ենք տեղավորել։ Այս տվյալները մենք կարողանում ենք իմանալ համադրումների միջոցով։ Օրինակ՝ քաղաքացիները դիմում են ՄՍԾ տարածքային կենտրոն, խորհրդատվություն են ստանում, հետո ՊԵԿ-ի միջոցով մենք կարողանում ենք պարզել`նրանք աշխատո՞ւմ են մեր ուղղորդած կառույցներում, թե՞ ոչ։ Մյուս տարբերակն էլ տվյալներ ստանալու՝ զբաղվածության ծրագրերն են, որոնց ժամանակ ուղեգրեր են տրամադրվում անձանց»,- ասաց Մկրտչյանը։
Նա շեշտեց, որ 2018թ. ԱՍՀ նախարարության համապատասխան կառույցների միջոցով 11․966 անձ է սկսել աշխատել, իսկ 2019 թվականին՝ 13․513։
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ