Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը հեռացվել է կուսակցությունից, քանի բողոքում էր, որ համայնքի ղեկավարը պարտադրում է իրենց որոշումներ ընդունել առանց քննարկման

Մայիս 31,2023 17:58

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ, որին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մտահոգություն հայտնեց Սպիտակ համայնքում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված։

«Մենք մտահոգված ենք ու զայրացած Սպիտակ համայնքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, որտեղ փաստացի խմբակցության ղեկավարը հեռացվեց կուսակցությունից այն պատճառով, որ բողոքում էր, որ համայնքի ղեկավարը պարտադրում է իրենց որոշումներ ընդունել առանց քննարկման, առանց խմբակցության նիստերի, այսինքն` կային որոշումներ, որոնք ուղղակի վիճելի էին, համայնքի շահերից չէին բխում, բայց բերվում էին առաջ, չէին թույլատրում քննարկել։ Ու այս հարցերի բարձրաձայնումը բերեց նրան, որ որոշում կայացվեց նրան ուղղակի հեռացնել կուսակցությունից, այսինքն՝ կուսակցական շահը գերադասվեց համայնքային շահից»,- ասաց տիկին Գրիգորյանը:

Aravot.am-ի տեղեկություններով՝ խոսքը ՔՊ Սպիտակի տարածքային խորհրդի նախկին նախագահ, ավագանու ՔՊ խմբակցության նախկին անդամ, այժմ անկուսակցական ավագանու անդամ Համլետ Մազմանյանի մասին է։ Նա Aravot.am-ի հետ զրույցում չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ, միայն նշեց, որ կուսակցությունից իրեն հեռացրել են այս տարվա հունվարին:

Վարդինե Գրիգորյանն անդրադարձավ նաեւ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի եւ Սարամեջ համայնքի ղեկավարի ամուսնու միջեւ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ համայնքապետի որդին ծեծի էր ենթարկել վարչական ղեկավարի ամուսնուն։ «Կամ նույն դեպքում ու նույն համայնքում մենք տեսանք համայնքի ղեկավարի որդու կողմից վարչական ղեկավարի ամուսնուն ծեծի ենթարկելը, ինչը անընդունելի է, ու այս դեպքը տեղի ունեցավ այն պատճառով, որ վարչական ղեկավարը թույլ էր տվել բնակչությանը բողոք ներկայացնել համայնքային խնդիրների վերաբերյալ»,-ասաց ՀՔԱՎ գրասենյակի ներկայացուցիչը։

Հավելեց, որ նշված դեպքերի մասով ոչ թե կարեւոր է թեման, այլ այն, որ փաստացի ընտանեկան ռազբորկաների մակարդակի կարելի է հասցնել ու ստեղծել տպավորություն համայնքում սեփական գերակայության, որն, ըստ նրա համոզման, չի բխում կուսակցության քաղաքականությունից. «Բայց իհարկե տեղական մակարդակում մեկնաբանվում է որպես այդպիսին, ու քաղաքացիների համար ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ իրենք տեսնում են, որ փախել էին այս ամեն ինչից, սրա դեմ էին ընդվզվել, բայց էլի ստացվում է, որ ուղակի փոխվել են թույլատրելի եւ անթույլատրելի գործողություններ անելու իրավասություն ունեցող մարդկանց շրջանակը»:

Վարդինե Գրիգորյանի խոսքով, նման երեւույթները թուլացնում են այն ժողովրդավարության հիմքերը, որը փորձում են ունենալ ու կառուցել:

Վարչապետն անդրադառնալով նշված հարցերին, ասաց՝ դրանք ինստիտուցիոնալ պրոբլեմներ են․ «Որովհետեւ կա մարդ, կա օրենք, այդ հարաբերությունները այդպես են կարգավորվում, ի՞նչ կապ ունի՝ ում որդին է, ում բարեկամն է եւ ում հորեղբոր տղան է, եւ ես ընդունում եմ, որ մենք քանի դեռ այս ձեւակերպումները օգտագործում ենք։ Գուցե բացի լրատվական վերնագրերի հետաքրքրությունից՝ նաեւ ինստիտուցիոնալ պրոբլեմների մասին է խոսում, որը անպայման պետք է հասցեագրել»։

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ կոնկրետ անդրադարձ չարեց ՀՔԱՎ ներկայացուցչի բարձրացրած հարցերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031