Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարող ասել՝ միտում է, բայց ինձ համար ոչ օբյեկտիվ դատական ակտ է»․ դատարանը մերժեց «Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողների բողոքը

Մայիս 31,2023 16:58

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժեց ՊԲ հրետանային դիվիզիոնի («Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոն) զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանի՝ դատախազության անգործության հիմքով բողոքը։

Հիշեցնենք՝ դեռեւս 2022թ․-ի ապրիլին զոհված զինծառայողների ծնողները, մասնավորապես՝ ՊԲ հրետանային դիվիզիոնի («Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոն) զոհված զինծառայողների ծնողները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետեւյալ հայտարարության հետքերով․ «Այո, կարող էինք կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն վիճակը, բայց առանց զոհերի»։ Այս հաղորդումն ընթացքում կցվել էր ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործին։

Լիպարիտ Սիմոնյանն այս մասին ասել էր․ «Մեր կարծիքով՝ ծնողների ներկայացրած հաղորդման վերաբերյալ դատախազությունը ցուցաբերել է անգործություն։ Համենայն դեպս, պարտավորություն ուներ նախկին քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով նախատեսված որոշումներից մեկը կայացնել, սակայն գրությամբ այն ուղարկել է Մովսես Հակոբյանին վերաբերող քրեական գործին կցելու ու համատեղ քննություն կատարելու։ Մինչդեռ այդ երկու գործերն էապես տարբերվում են, նույն թեմային չեն վերաբերվում։ Այդ գրությունն ուղարկելուց հետո մենք այս բողոքը ներկայացրինք դատարանին»։

Լիպարիտ Սիմոնյան

Դատարանը մերժեց գործը Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործից առանձնացնելու միջնորդությունը։ Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ որո՞նք են լինելու իրենց քայլերը, նա պատասխանեց․ «Քանի որ ծնողների հետ խոսել եմ, իրենք հակված են բողոքարկելուն»։ Մեր հիշեցմանը՝ երեկ հույս ունեիք, որ դատարանը բավարարելու է բողոքը, ուստի այս որոշումն ի՞նչ է նշանակում, ի՞նչ միտում կա, Լիպարիտ Սիմոնյանը պատասխանեց․ «Գիտեք՝ չեմ կարող ասել, որ միտում է, բայց, համենայն դեպս, ինձ համար ոչ օբյեկտիվ դատական ակտ է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031