Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ լրատվամիջոցների հզորացման կարևորությունը ապատեղեկատվության դեմ պայքարում

Մայիս 31,2023 16:46

Այսօր՝ մայիսի 31-ին, Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ պանելային քննարկում «Անկախ լրատվամիջոցների հզորացման կարևորությունը ապատեղեկատվության դեմ պայքարում» թեմայով:

Պանելային քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, քաղաքական հաղորդակցության փորձագետ Կարինա Ավետիսյանը, «Սիվիլնեթի» փաստերի ստուգման հարթակ Civilnetcheck-ի բաժնի ղեկավար Անի Գրիգորյանը:

Քննարկման մասնակիցներն անդրադարձան լրատվամիջոցների հեղինակության և հանրային վստահության խնդրին։

«Մի հետազոտության համաձայն՝ բնակչության 98 տոկոսը չի վստահում լրատվամիջոցներին: Սա մի կողմից աղետալի ցուցանիշ է: Սակայն մյուս կողմից էլ լավ է, որ այդ վստահությունը չկա ապատեղեկատվության նկատմամբ․ այն ինֆորմացիոն հոսքը, որ գալիս և հասնում է լսարանին շատ մեծ վերապահումով է ընդունվում», – ասել է Մելիքյանը։

Նա նշել է, որ հայաստանյան լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը խիստ բևեռացված է, բաժանված քաղաքական ճամբարների։

«Լրատվամիջոցները քաղաքական համակարգի մաս են կազմում, և առաջին հերթին սպասարկում են քաղաքական շահերը, իրենց քաղաքական և ֆինանսական հովանավորների շահերը և երկրորդ հերթին միայն հանրային շահն են սպասարկում», – ասել է Մելիքյանը։
Անդրադառնալով հանրության մեդիագրագիտության խնդրին, Անի Գրիգորյանը նշել է, որ դրա բացակայությունը պարարտ հող է ստեղծում ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածման համար։

«Սոցցանցերը և համացանցը փոխել են խաղի կանոնները և կեղծ լուրերը շատ ավելի արագ են տարածվում, ավելի շատ մարդկանց են հասնում: Սակայն մյուս կողմից պետական մարմիններն ընդհանրապես ճկուն չեն: Ընդհանրապես պատշաճ ձևով չեն իրականացնում համագործակցությունը լրատվամիջոցների հետ, ստեղծվում է ինֆորմացիոն վակում, որը լցվում է դավադրության տեսություններով և կեղծ լուրերով», – ասել է Գրիգորյանը։

Պետական մարմինների հաղորդակցության խնդիրներին է անդրադարձել նաև Լիլիթ Մինասյանը։

«Պետք է մեխանզիմներ կառուցել, որ լրատվամիջոցներն ավելի սերտ համագործակցեն, ինչ-որ կառուցակազմ ստեղծել, որ հրատապ, այրվող լուրերի դեպքում հնարավորություն չտրվի 30-օրյա վերլուծական աշխատանք կատարել», – ասել է Մինասյանը։

Քաղաքական հաղորդակցության փորձագետ Կարինա Ավետիսյանը նշել է, որ ապատեղեկատվությունն ավելի ու ավելի մեծ ճնշում է գործադրում աշխարհի ժողովրդավարական երկրների հասարակական կյանքի վրա:

«Նրանք, ովքեր ապատեղեկատվություն են տարածում նպատակ ունեն խաթարելու մարդկանց վստահությունը ճշմարտություն պահպանող ինստիտուտների նկատմամբ: Եթե դա նրանց հաջողվի, ապա ճշմարտությունը և ժողովրդավարությունը վտանգված կլինեն», – ասել է Ավետիսյանը։

Քննարկումը վարում էր «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոն ՀԿ նախագահ Արևիկ Սահակյանը:

Իրազեկ քաղաքացիների միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031