Մշակման փուլում է 2023-2026 թվականների համար հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը, որը մոտ մեկ ամսից կդրվի հանրային քննարկումների։ Այս մասին Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։ Նա նշեց, որ նոր ռազմավարությունը բավական հավակնոտ ծրագիր է եւ անդրադառնում է համակարգի կայացման համար կարեւոր խնդիրներին։ «Եթե այդ ամբիցիոզ ծրագիրն իրականացվի, իրականում մենք մեծ առաջընթաց կարող ենք արձանագրել։ Դա բարեվարքության համակարգն է, ազդարարման համակարգն է, հայտարարագրման համակարգը, բարեվարքության ստուգումների կատարելագործումը, կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողության ուժեղացումը, իրավապահ համակարգի կատարելագործումը, ինստիտուտների ամրապնդումը, կարողությունների զարգացումը, դատական համակարգի որոշ խոցելի հարցերի լուծումը։ Կրթությանն է մեծ ուշադրություն դարձվելու նաեւ»,- ասաց նա։
Սոնա Այվազյանը հավելեց, որ այդուհանդերձ դա բավարար չէ, քանի որ նպատակ է դրված Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 66-ից բարձրացնել մինչեւ 60։ Դա բավական հավակնոտ հանձնառություն է, եւ, ըստ Սոնա Այվազյանի, պետք է լայն պայքար մղվի կոռուպցիայի դեմ։
«Կոռուպցիան մենք նախընտրում ենք կոչել փչացածություն, որովհետեւ հենց բառն այպիսի իմաստ ունի։ Բացի դա, այն ցույց է տալիս ոչ միայն առանձին ինստիտուտների անարդյունավետությունը, այլ ընդհանուր հասարակության, մեր արժեքային համակարգի փչացածությունը, որը մենք ցավալիորեն դեռեւս չենք կարողացել հաղթահարել։ Մենք կարող ենք իրականացնել մեծ ռազմավարություններ, ամբիցիոզ ծրագրեր, բայց այդ ամբողջը կարող է շատ արագ ջուրն ընկնել, եթե մի քանի պաշտոնյա իրենց թույլ են տալիս անթույլատրելի վարքագիծ։ Այսինքն՝ պետք է համընդհանուր մոտեցումը փոխվի առհասարակ, պետք է լինի անհարմարության զգացում, ամոթի զգացում, որը մեզ մոտ ցավալիորեն բացակայում է»,- հավելեց Սոնա Այվազյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ