ՀՀ հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված մարտական հենակետերից մեկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանն ասաց. «Այս ձեւաչափով աշխատանքը կարեւորում եմ, որովհետեւ այն ուղղված է՝ ներկայացնելու ձեզ մեր զորամիավորման ենթակա զորամասի առօրյան, թե ինչով են առօրյա գործունեության ընթացքում զբաղված մեր զինծառայողները, հատկապես ներկայացնել մարտական դիրքի իրական կյանքը, թույլատրելիի առավելագույն սահմաններում ներկայացնել ձեզ այն, ինչն այսօր հետաքրքիր է մեր հասարակությանը:
Մենք գտնվում ենք հյուսիսարեւելյան սահմանագոտու հայ-ադրբեջանական շփման գծում, ենթակա զորամասերից մեկի առաջնագծում: Աջ եւ ձախ հարեւանությամբ նույնպես կան գործող մարտական դիրքեր: Նշված ուղղությամբ հակառակորդի մարտական դիրքերը տեղակայված են տարբեր հեռավորության վրա, որոնցից ամենամոտ մարտական դիրքը 480 մետր է:
Վերջին ժամանակներում ստեղծված իրադրության պայմաններում գնահատելով օպերատիվ մարտական իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն: Հակառակորդի կողմից որպես այդպիսին, շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Հակառակորդը հիմնականում զբաղված է առօրյա մարտական հերթապահության գործունեությամբ, իրականացնում է մարտական հերթապահության ապահովման խնդիրներ: Հակառակորդի սահմանամերձ բնակավայրերում բնակչությունը զբաղվում է առօրյա կյանքով: Տեղանքի եւ տարածքի օպերատիվ նշանակության աշխատանքներ չեն իրականացվում եւ ներկա դրությամբ մարտական գործողությունների նախապատրաստման նախանշաններ չեն արձանագրվել:
Մեր զորամիավորումը ենթակա զորամասերով իրականացնում է ինչպես օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումներ, այնպես էլ՝ մարտական առօրյա հերթապահություն՝ ընդգրկելով համապատասխան ուժեր եւ միջոցներ: Մարտական հերթապահությունը գտնվում է ամենօրյա վերահսկողության տակ, պատրաստությունն ընթանում է սահմանված հաստիքային ռեժիմով: Հաշվի առնելով առկա մարտահրավերները՝ իրականացնում ենք նաեւ ստորաբաժանումների ներդաշնակում, անցկացնում համապատասխան զորավարժություններ եւ պարապմունքներ:
Կարդացեք նաև
Անձնակազմի, հրամանատարական կազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, պատրաստ են առկա ուժերով եւ միջոցներով իրականացնելու իրենց առջեւ դրված բոլոր մարտական եւ առօրյա խնդիրները»:
Մարտական դիքում կրտսեր սերժանտ Նարեկ Ղեւոնդյանը քչախոս էր: «Կոնկրետ ասելու շատ բան չկա: Ջոկը ըստ հաստատված գրաֆիկի իրականացնում է մարտական հերթապահությունը: Խնդիրներ չկան: Մեր սպաները միշտ մեր կողքին են: Լարվածություն չունենք: Ուզում եմ, որ բոլորը իմանան, որ զինվորները կատարում են իրենց պարտքը այնպես, ինչպես յուրաքանչյուրը կկատարեր իր ծնողի համար: Այնպես որ, հանգիստ եղեք, բոլոր զինվորները ձեր համար այստեղ կանգնած են»:
Նարեկը, որի ծառայությունը շուտով ավարտվելու է, նշեց, որ դիրքերում ծառայություն իրականացնելիս իրենք ավելի պարտավորված են զգում: Նաեւ ասաց, որ մինչեւ զորակոչվելը բանակում ծառայելն ավելի դժվար էր պատկերացնում: Նա հետագա կյանքը բանակի հետ կապելու նպատակ չունի: «Բայց եթե անհրաժեշտություն լինի, առաջինը կգամ մեր սահմանի այս հատվածը պահելու, որովհետեւ այստեղ եմ անցկացրել ծառայությունս, որոշակիորեն ծանոթ եմ տեղանքին ու իմ ավագ ընկերներն են այստեղ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ