Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում կա կոռուպցիոն դեպքերի աճ, լատենտային բնույթի հանցագործությունների աճը պետք է գնահատվի դրական»․ Սասուն Խաչատրյան

Մայիս 31,2023 15:32

Հայաստանում արձանագրվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճ։ Այս մասին Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ «Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը դրվել է ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ Ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե, Գլխավոր դատախազությունում համապատասխան վարչություն, ինչպես նաեւ ապօրինի գույքի վերադարձման հարցով վարչություն։ Ավարտին է մոտենում կոռուպցիոն գործերի քննության մասնագիտացված դատարանների ստեղծումը։ Գուցե ներկայումս տեսանելի չեն այն արդյունքները, որոնք գրանցվել են, բայց հավատացեք, որ արդյունքներ կան։ Որպես ապացույց՝ ես որոշ վիճակագրական տեղեկություններ կհայտնեմ»,- ասաց նա։

Սասուն Խաչատրյանը հավելեց, որ կա կոռուպցիոն դեպքերի աճ։ Իրավական վիճակագրության մեջ, ըստ նրա, կա աքսիոմատիկ ճշմարտություն, որ լատենտային բնույթի հանցագործությունների աճը պետք է գնահատվի որպես դրական երեւույթ։ «Այսօր մենք ունենք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճ, որը պայմանավորված է ոչ թե նրանով, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններն աճել են, այլ, իմ խորին համոզմամբ, աճն ընդամենը կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքների բարելավման մասին է խոսում։ Այս տարվա ընթացքում ծառայությունում քննվում են 1003 քրեական վարույթներ, այսօրվա դրությամբ կոռուպցիոն գործերով 61 վարույթ՝ 135 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ծառայությունում գործում են ընդամենը 40 քննիչներ, կարծում եմ՝ վատ ցուցանիշ չէ։ Մեր աշխատանքի հիմնական նպատակը հետեւյալն է՝ հանրության մոտ պետք է ձեւավորվի պատասխանատվության անխուսափելիության գիտակցում»,- հավելեց Սասուն Խաչատրյանը։

Ըստ նրա՝ կոռուպցիայից զերծ հասարակությունը պարտադիր նախապայման է մարդու իրավունքները հարգող, մարդուն որպես արժեք ընդունող հասարակություն ստեղծելու համար։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031