Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին: Միջոցառումն անցկացվում է երկրորդ անգամ՝ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով:
Ժողովրդավարության հայկական ֆորումին ներկա են եղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կառավարության անդամներ, պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Կարդացեք նաև
Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,
«Freedom House» կազմակերպության հարգելի նախագահ,
Հարգելի ներկաներ,
Ողջունում եմ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» անցկացումը՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ և հույս ունեմ, որ այս միջոցառումը, այս կարևոր իրադարձությունն իսկապես կշարունակվի ամեն տարի և կդառնա ամենամյա:
Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են: Բայց ես սա չեմ ուզում ընդգծել որպես նվաճում կամ ձեռքբերում, ես սա ուզում եմ ընդգծել որպես առօրեականություն, որը մեր բոլորի համատեղ աշխատանքի արդյունք է:
Երբ 2018 թվականին տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, և մենք ասում էինք, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, շատերը կասկածով էին վերաբերվում, որովհետև ասում էին, որ հետհեղափոխական էյֆորիայի պայմաններում կառավարությունն առանձնապես ազատություններ սահմանափակելու կարիք ու անհրաժեշտություն չունի էլ: Բայց այն փաստը, որ «Ժողովրդավարության հայկական ֆորումը» առաջին անգամ մեր երկրում տեղի ունեցավ 2022 թվականին և ոչ թե 2019 թվականին, կարծում եմ՝ բավական խոսուն փաստ է, որովհետև երբ մենք ընդգծում էինք 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ լինելը, էլի դա որոշակիորեն դրվում էր հարցականի տակ՝ իսկ ինչպիսի՞ն կլինեն ընտրություններն այլ պայմաններում: Ցավոք, այդ այլ պայմանները եղան, և արձանագրեցինք, որ այդ այլ պայմաններում ընտրություններն ամենևին էլ պակաս ազատ և ժողովրդավարական չեն, և դա միջազգային հանրության գնահատականն է, ինչը չի նշանակում, որ և՛ 2018 թվականին, և՛ 2019 թվականին ընտրությունները եղել են անթերի: Նկատի ունեմ, իհարկե, քաղաքական մթնոլորտը և քաղաքական կուլտուրան մի հարց է, որը դեռ պետք է հասցեագրվի:
Այս առումով, այո՛, պիտի ընդգծեմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, և սա մեր համոզմունքն է և մեր ռազմավարությունը: Դա ամենևին էլ հանգամանքների բերումով տեղի ունեցած պատահականությունների արդյունք չէ: Սա գիտակցված քաղաքական կուրս է, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ժողովուրդը վարում են:
Այս իմաստով պիտի ընդգծեմ նաև, որ սրանից բխող շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ դեռ ընթացքի մեջ են, որոնք իրենց հետ պիտի բերեն մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ, օրենքի գերակայության ավելի բարձր մակարդակ, հակակոռուպցիոն քաղաքականության ավելի բարձր մակարդակ: Բայց նաև ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը նաև այս ազատությունների արդյունքները վայելում է: Եվ ես համարում եմ, որ այն տնտեսական բարձր աճը, որ մենք այսօր ունենք, նաև տնտեսական ազատությունների արդյունք է, որովհետև եթե տնտեսությունը կառավարելի լիներ և կառավարվող լիներ պետության կողմից, ես կարծում եմ, որ հատկապես հետպատերազմական շրջանում մենք շատ լուրջ և խորը պրոբլեմներ կունենայինք: Բայց քանի որ այդ ազատությունները հասել են նաև տնտեսության մակարդակ, այդ ազատությունն ամենադժվար և վճռական պահին եկավ մեզ օգնության:
Ուզում եմ արձանագրել նաև, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությանն սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա: Ես սրանում համոզված եմ: Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանն սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են, և այդ վտանգները, իհարկե, հանրահայտ են և բոլորին տեսանելի: Բայց կարևոր է նաև, որ մենք ի վիճակի լինենք միասին ապացուցել և պատասխանել թերևս այսօր Հայաստանում ամենախիտ և ամենաթանձր հարցին, որն առկա է հանրության շրջանում: Իսկ հարցը հետևյալն է՝ արդյոք ժողովրդավարությունը ի վիճակի՞ է նաև ապահովել անվտանգություն: Սա իսկապես հարց է, որի դրական պատասխանին մենք հավատում ենք, բայց դա դեռ պետք է ապացուցել: Ես հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք և ինչ-որ տեղ համոզված եմ, որ ի վիճակի կլինենք այս հարցին դրական պատասխան տալ:
Այս առումով ուզում եմ ընդգծել, որ, այո՛, ժողովրդավարությունը շարունակելու է լինել Հայաստանի առանցքային, հիմնական բրենդը, բայց հույս ունեմ, որ այն նաև հարակից և աջակցող բրենդներ կունենա շարունակաբար, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը և երկրորդը՝ խաղաղությունը: Այս եռամիասնությունն է, որ պիտի ծառայի բուն նպատակին: Որովհետև, ի վերջո, մենք խոսում ենք ազատությունների մասին, բայց ազատությունն ինքը գերնպատակ չէ, ազատությունը միջոց է՝ ապահովելու մարդու բարեկեցությունն ու երջանկությունը:
Սա է այն բարձրագույն նպատակը, որը մենք մեր առաջ դնում ենք, որովհետև մեր խնդիրը հետևյալն է, որ ազատության և ժողովրդավարության պայմաններում մարդը Հայաստանի Հանրապետությունում լինի բարեկեցիկ, պաշտպանված, երջանիկ և կարողանա զբաղվել իր սիրած գործով և իր սիրած գործի բերած արդյունքներով ապահովի սեփական բարեկեցությունը և նաև երկրի բարեկեցությունը: Իհարկե, ժողովրդավարությունը, մեր ընկալմամբ, սրա համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, և մենք, իհարկե, պետք է ապահովենք ինստիտուցիոնալ մնացած նախադրյալները նույնպես, որպեսզի այս տեսլականը դառնա իրականություն:
Շնորհակալ եմ»:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ֆորումի շրջանակում անցկացվող «Ժողովրդավարական զարգացումը ազգային անվտանգության մարտահրավերների առկայության պայմաններում» խորագրով պանելային քննարկմանը և պատասխանել մի շարք հարցերի:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսությանը և նաև այն հարցին, թե ինչպես է 2020 թվականից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը փոխել պատկերացումները կառավարման համակարգի մասին՝ վարչապետը նշել է. «Մենք ասել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսությունը «իզմ»-երից անդին է: Դրանք որոշակիորեն տարբեր բաներ են: Եվ պիտի անկեղծ ասեմ՝ այս ընթացքում և դրանից առաջ, դրանից հետո էլ ես այդ թեմայի մասին շատ եմ մտածել, և նաև մեր կուսակցության ներսում այդ բանավեճերը կան: Իրականում մեր գաղափարախոսությունը եղել է հենց ժողովրդավարությունը: Ես այսօր ասացի, որ ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, բայց ժողովրդավարությունը հենց մեր գաղափարախոսությունն էր, որն առաջ էր մղում մեզ դեպի հեղափոխություն: Եվ դա է պատճառը, որ ժողովրդավարությունը դարձավ, եղավ և շարունակում է լինել Հայաստանի բրենդը:
Այս առումով Հանրապետության նախագահի ելույթի մեջ մի դրույթ կար, որը շատ հետաքրքիր զուգահեռի տեղիք է տալիս և կապ ունի Ձեր հարցի հետ: Նախագահը խոսեց ժողովրդավարության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարաբերությունների մասին: Սա լրջագույն թեմա է, և ինձ համար այդ թեմայի կարևորագույն պրոբլեմներից մեկը հետևյալն է, որ, ըստ էության, ժողովրդավարության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ծառայել է գործիք, որպեսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին: Սա շատ կարևոր նրբություն է: Ես, իհարկե, չեմ ուզում քաղաքական բանավեճի տեղիք տալ, քաղաքական բանավեճ հարուցել, բայց այն մոդելը, որ Ղարաբաղի հարցի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են մի քանի հոգի ընդամենը, դրա ամենավառ ապացույցն է, և ամենամեծ պրոբլեմը, որի հետ մենք բախվել ենք, հենց դա է: Եվ այս է պատճառը, որ հիմա մենք Ղարաբաղի հարցի մասին ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ ենք իմանում, հայտնի բառերի նոր իմաստներ և ենթատեքստեր ենք վերհանում, և սա շատ կարևոր նրբություն է»:
Խոսելով Կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է. «Վերջերս մենք քննարկում ենք ունեցել Կառավարությունում՝ դռնփակ աշխատանքային ռեժիմով, և քննարկման ընթացքում բանը հասավ այնտեղ, որ իսկապես մենք տեսնում ենք անընդհատ քաղաքացիական հասարակության ներգրավվածության առումով միշտ չէ, որ արդյունավետությունը պատշաճ կամ ցանկալի մակարդակի է: Մենք փորձեցինք արագ հետազոտել այդ խնդիրը և հասկանալ, թե ինչն է պրոբլեմը: Եվ ես երբ դահլիճին նայեցի, այնտեղ պաշտոնյաներ էին ներկա, հասկացա պրոբլեմը՝ բոլոր ներկաները քաղաքացիական հասարակությունից են: Այստեղ է կոնֆլիկտը, որ ոչ ոք քաղաքացիական հասարակության այդ բացակայությունը շատ հաճախ չի նկատում քննարկումների մեջ կամ դրան չի նայում այն հայացքով, ինչ հայացքով դա երևում է կողքից, որովհետև որ նայում ես, բոլորը քաղաքացիական հասարակությունից են: Այսօրվա մեր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը, քաղաքացիական հասարակությունն այսօր, ըստ էության, մեծամասնություն ունի, և սա շատ կարևոր նրբություն է: Բայց ես սա չեմ ասում նրա համար, որ պետք չէ ոչ մի բան փոխել: Ընդհակառակը, նախ պետք է հասկանալ պրոբլեմը՝ լուծելու համար, և ես ընդունում եմ, որ պետք է մեր քաղաքականությունների մշակման գործում ավելի շատ ներգրավենք և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն ապահովենք:
Մեկ պատճառ էլ կա, այնուամենայնիվ, դրա համար կուզեմ նշել, որ պատերազմից հետո, երբ շատ լուրջ բաժանարար գծեր են ի հայտ եկել, շատ հաճախ նաև քաղաքացիական հասարակության շրջանում քաղաքականացվածության միտումներ են ի հայտ գալիս, որը նույնպես լրացուցիչ պրոբլեմ է ստեղծում: Բայց ես միանշանակ ընդունում եմ, որ դա այսօր մեր համակարգային ամենամեծ պրոբլեմներից է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է պատշաճ ներգրավվածություն ունենա քաղաքականությունների մշակմանը: Ինչպե՞ս անել, որ դա լինի իսկապես ներգրավվածություն և լինի արդյունավետ և ոչ թե անընդհատ բերի կոնֆլիկտների: Դա ուրիշ խնդիր է, որը մենք անպայման կքննարկենք և կլուծենք»:
Վարչապետն անդրադարձել է պանելային քննարկման ընթացքում հնչած դիտարկմանը, որ ազատ ընտրությունները դեռևս բավարար չեն ժողովրդավարություն ունենալու համար. «Ես միանշանակ համաձայն եմ այդ ձևակերպման հետ և նաև իմ խոսքում դրա մասին նշեցի. շատ կարևոր է, որ ժողովրդավարական ընտրությունները և ժողովրդավարությունն իր հերթին բերի ժողովրդավարական ինստիտուտների կայացման: Առանց դրա հնարավոր չէ ժողովրդավարությունը դարձնել հենց ինստիտուցիոնալ: Եվ այս իմաստով, իհարկե, շատ մեծ մարտահրավերներ ունենք դատական համակարգի անկախության առումով: Շատ էական եմ համարում ժողովրդավարական, քաղաքական մշակույթի ձևավորումը: Ես 2021 թվականի ընտրությունների մասին խոսացի, դրանից հետո ձևակերպում մոտս առաջացավ՝ մուրճ-մանգաղի ընտրություններ, որը, իհարկե, շատ բարդ քաղաքական իրավիճակի արտահայտություն է: Օրենքի գերակայությունը, իհարկե, կարևորագույն պայման է ժողովրդավարության կայացման համար և իրավունքի գերակայությունը, որն արտահայտված է օրենքի գերակայությամբ: Ժողովրդավարությունը և ինստիտուտները կայանում են այն պայմաններում, երբ մարդը տեղյակ է իր իրավունքներին և իր իրավունքները պաշտպանելու մեխանիզմներին, որովհետև մենք այսօր տեսնում ենք բազմաթիվ պրոբլեմներ, որ գալիս-հասնում են ընդհուպ նախագահին, վարչապետին, կառավարությանը մեկ պարզ պատճառով՝ մարդը չգիտի իր իրավունքների մասին և չգիտի՝ ինչպես պաշտպանել»:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ վտանգավոր է ձևակերպումը, որ հարձակվում են այդ երկրների վրա, որտեղ ժողովրդավարական բարեփոխումներ են տեղի ունենում: «Դա, իմ կարծիքով, իրավիճակի ճիշտ ընկալում չէ, որովհետև բոլորս մոռանում ենք 2016 թվականի պատերազմը: 2020 թվականի պատերազմը բոլոր առումներով 2016 թվականի պատերազմի շարունակությունն է: Այլ բան, եթե ասեք՝ ժողովրդավարությունը չկարողացավ այնպես անել, որ այդ պատերազմը տեղի չունենա: Ես դա անընդհատ հիշեցնում եմ՝ ի վերջո, չմոռանանք, 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնս արել էր: Այն ժամանակ Հայաստանում դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել: Եվ սա շատ կարևոր ըմբռնում է՝ ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից: Հենց նախագահի նշած հանգամանքի պատճառով, որովհետև իշխանությունն առերեսվեց Ղարաբաղի հարցի հետ կապված ճշմարտության մի ծավալի, որն անմարսելի էր առաջին հերթին հրապարակից եկած իշխանության և էլ ավելի անմարսելի՝ հանրության համար: Սա է ֆունդամենտալ պատճառը, որովհետև երբ կարգախոսների տակ տեսնում ես՝ ինչ կա, և դա անմարսելի է իրականում»:
Կառավարության ղեկավարն ընդգծել է ազգային փոքրամասնությունների իրավունքների և ինքնության պաշտպանության կարևորությունը՝ ասելով. «Հայաստանի հասցեին կա քննադատություն, որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է: Չնայած դժվար է հասկանալ՝ դա ինչ մեղադրանք է, բայց, մյուս կողմից, պետք է ուրախությամբ արձանագրենք, որ մեր երկրում, խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացված են, և կարծում եմ, որ սա շատ կարևոր ինստիտուցիոնալ առանձնահատկություն է: Նաև շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան ոչ միայն քրիստոնեական տաճարներ, այլև մուսուլմանական մզկիթներ, եզդիական հավատքի տաճարներ, և սա չափազանց կարևոր է: Ընդ որում, Հայաստանում և՛ հայ կաթոլիկ համայնք կա, և՛ ավետարանական, և՛ հայ առաքելական, և ես չեմ կարծում, թե այսօր որևէ ուղղությամբ, որևէ մի համայնք կարող է ասել, որ իր կրոնական ազատությունները որևէ կերպով ոտնահարվում են»:
Ի պատասխան ժողովրդավարության արտաքին սպառնալիքներին և անվտանգային ինտեգրացիոն միավորումներին ՀՀ անդամությանը վերաբերող հարցադրմանը՝ վարչապետը նշել է. «Ես իմ խոսքում ասացի, որ Հայաստանում ժողովրդավարությունը, այո, համարում եմ անշրջելի ներքին առումով: Իսկ արտաքին առումով ի՞նչ վտանգներ կան: Ուզում եմ մեր ոչ վաղ անցյալի մասին խոսել:
Տեսեք, 2021 թվականի մայիսի 10-ին ուժի մեջ է մտնում իմ հրաժարականը, և խորհրդարանը լուծարվում է, այսինքն՝ երկրում փաստացի չկա ո՛չ կառավարություն, ո՛չ խորհրդարան, և մայիսի 12-ին տեղի է ունենում Ադրբեջանի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում: Զրո ռեակցիա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից: Այժմ քրեական գործով կան կալանավորված բարձրաստիճան զինվորականներ: Ինչի՞ համար են նրանք կալանավորված, որովհետև պարզվում է, որ նրանք ոչ մի գործողություն չեն ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար: Հասկանո՞ւմ եք: Ու նրանք չունեն բացատրություն, որովհետև ամեն ինչ կարող է ունենալ բացատրություն: Հիմա եկեք պատկերացնենք՝ եթե մեր ռեակցիաները լինեին, այսպես ասած, գծային 2021 թվականի մայիսին, մենք և՛ ժողովրդավարությունը կկորցնեինք, և՛ պետությունը, և ասվածի մեջ չափազանցություն չկա: Իհարկե, մենք ունենք մարտահրավերներ: Երբ Ուկրաինայի իրադարձություններն սկսվել էին, Հայաստանը փորձում էր, այսպես ասած, բալանսավորված որոշակի դիրքորոշումներ ունենալ իր քվեարկություններով և այլն: Այդ պայմաններում կար իրավիճակ, երբ դա որոշակի գոհունակություն էր ձևավորում, ըստ էության, բոլոր գործընկերների մոտ: Բայց, իհարկե, ես նաև հրապարակային ասել եմ, ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում Հայաստանի մանևրի և բոլորի մանևրի դաշտը նեղանում է: Սա, իհարկե, շատ լուրջ մարտահրավեր և պրոբլեմ է բոլորիս համար և Հայաստանի Հանրապետության համար առավել ևս՝ իր խոցելիությունն էլ հաշվի առնելով»:
Հարցին, թե արդյոք իշխանություններն ունեն կամք՝ ինստիտուցիոնալիզացնելու ժողովրդավարությունը Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՀՀ նախագահն այստեղ նստած է, ես այստեղ եմ, Կառավարության անդամներն այստեղ են՝ ինչի՞ համար ենք եկել այստեղ, եթե կամք չունենք: Այսինքն՝ սա նաև այդ կամքի արտահայտությունն է, բայց հարցն ուրիշ բանին էր վերաբերում՝ ինչպես անել, որ ոչ թե հույսն ինչ-որ մեկի կամքը լինի, այլ ինստիտուտները: Դա արդեն երկրորդ հարցն է, բարեփոխումների այն օրակարգը, որը մենք ունենք: Ընդ որում, այստեղ էլ ունենք, իմիջիայլոց, այդ հարցի պատասխանը, անկախ աղբյուրից, որովհետև Հայաստանի Հանրապետությունը Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում առնվազն 5 ուղղությամբ համարվում է առաջատար պետություն, և դրանցից մեկն անկախ դատական համակարգի կայացումն է, հակակոռուպցիոն քաղաքականությունը և ընտրությունների, հավաքների ազատությունը և այդպես շարունակ: Դուք ճիշտ եք՝ եթե, օրինակ, չկա հավաքների ազատություն, խոսքի ազատություն, համացանցի ազատություն, ընտրությունների ազատությունը միայն քվեարկությունը չէ, չէ՞, դա չի փոխի: Փառք Աստծո, մենք կարողացանք ամենադժվար պայմաններում այդ ամեն ինչն ապահովել: Բայց ես, միևնույն է, ուզում եմ վերադառնալ ավելի խորը ինստիտուցիոնալ բարեփոխումներին, և դա կրթությունն է, որովհետև, իմ համոզմամբ, ժողովրդավարությունն ուղիղ կապի մեջ է կրթության որակի և հասանելիության հետ, որովհետև այն, որ մեր հարյուրավոր գյուղերում կրթության պատշաճ պայմաններ չկան, ժողովրդավարության ամենամեծ մարտահրավերն է»:
Ամփոփելով խոսքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին անդրադարձել է ժողովրդավարության ինստիտուցիոնալացման կարևորությանը. «Ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման առումով ես, այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել նաև քաղաքացու բարեկեցությունը, ինչը շատ կարևոր է: Ես պատահական չէի նշում տնտեսական բարձր աճը, որովհետև խաղաղությունը, ժողովրդավարությունը պետք է ասոցացվեն բարեկեցության, երջանկության հետ, հակառակ դեպքում՝ եթե երկիրն աղքատ է, և մարդիկ ծայրահեղ աղքատության մեջ են, մեծ հաշվով մարդու, անհատի տեսանկյունից ինչ տարբերություն՝ ժողովրդավարակա՞ն է, թե՞ ժողովրդավարական չէ, կամ ինչքանո՞վ է ինստիտուցիոնալը ժողովրդավարական: Այսինքն՝ և՛ ժողովրդավարությունը, և՛ ազատությունը, և՛ օրենքի գերակայությունը, և՛ ինստիտուտները, ի վերջո, միջոց են ամենակարևոր նպատակի համար, որը մարդու երջանկությունն է: Եթե մենք այդ նպատակը մեր ռազմավարության հիմքում չենք դնում, կարծում եմ՝ ինչ-որ համակարգային սխալ կա: Երբ ժողովրդավարությունը չկար, այն հեռու էր թվում, կարող էր լինել նպատակ, բայց եթե ժողովրդավարությունն այստեղ է, ուրեմն հաջորդ նպատակը ո՞րն է՝ խաղաղությունը, տնտեսական աճը, մարդու բարեկեցությունը և երջանկությունը»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ