Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն մոտ 523 նվեր է ստացել, անհայտ է, թե ումից եւ ինչի՞ դիմաց․ նախկինում դա կոռուպցիա էին անվանում»․ Թագուհի Թովմասյան

Մայիս 31,2023 15:08

Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

«Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքին վտանգներ չեն սպառնում ժողովրդավարությանը։ Ես ուզում եմ մի քանի ներքին սպառնալիքների մասին խոսել, որոնք իսկապես կան։ Կոռուպցիայի եւ դատական անկախության մասին բարձրաձայնումները դուք բոլորդ լսել եք, նաեւ Թրանսփերենսի ինթերնեյշնլի կողմից արձանագրված հետընթացի մասին գիտենք։ Դրանք ուղղակի այն ցուցանիշներն են, որոնք հենց սպառնում են Հայաստանի ժողովրդավարությանը։ Ընտրությունների մասին շատ խոսվեց, որ ընտրություններն ազատ են։ Ես ուզում եմ նախ արձանագրել, որ Հայաստանում իսկապես կար փոփոխությունների կարիք, եւ դրա համար եղավ հեղափոխություն։ Եվ այդ փոփոխություններից հետո՝ թղթի վրա միայն արձանագրել որոշակի փոփոխություններ, բայց իրականում դրանք չունենալ, դա չի նշանակում, որ եղավ փոփոխություն»,- ասաց նա։

Թագուհի Թովմասյանը օրինակ բերեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործը՝ նշելով, որ իշխանությունը կալանավորել է ամենաշատ ձայն հավաքած ուժի ղեկավարին։ Սա ժողովրդավարության հենց ներքին սպառնալիք է։ Նաեւ նա նշեց, որ ՏԻՄ ընտրություններում համապատասխան ձայներ ստացած ավագանու անդամների թեկնածուները տարբեր սպառնալիքների տակ ուղղակի հրաժարվել են մանդատից։ «Այսինքն՝ «կալանքը կամ մանդատը» ընտրության առաջ էին կանգնած»,- հավելեց նա։ Ըստ Թագուհի Թովմասյանի՝ իշխանությունը հենց նաեւ իր կուսակցության վարչության ընտրությունները կեղծեց, այդ սկանդալի մասին հենց իրենք են բարձրաձայնել։

«Եվ այս պայմաններում ասել, որ ինչ-որ բան է փոխվել, ես այդ կարծիքին չեմ, որովհետեւ մենք այլ ակնկալիք ու սպասելիք ունեինք։ Նաեւ կոռուպցիայի մասին։ Ամենաշատը խոսում ենք այն մասին, որ քաղաքական կուսակցությունների անկախությունը առաջնային է, բայց մենք ծանոթացանք անկախ աուդիտորական կազմակերպության կողմից տրված եզրակացությանը, որը տրվել էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գործունեությունն ուսումնասիրելիս։ Ես միայն մի թիվ եմ մտաբերում այս պահին՝ մոտ 523 նվերներ էր ստացել կուսակցությունը։ Անհայտ է, թե ումից, ի՞նչ հանգամանքներում եւ ինչի՞ դիմաց են դրանք տրվել իշխող կուսակցությանը: Նախկինում այս բոլոր երեւույթներն անվանվում էին մեկ բառով՝ կոռուպցիա։ Ես համարում եմ, որ հիմա էլ պետք է լինի այդ ձեւակերպումը, որովհետեւ այլ ձեւակերպում ուղղակի չի կարող լինել»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Անդրադառնալով ԿԸՀ նախագահի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ «Մենք յուրայինին չենք տարել նշանակել ԿԸՀ նախագահ, որ ընտրությունները կեղծի», Թագուհի Թովմասյանն ասաց․ «Դա արժանահավատ չէ։ Ինչքան էլ այս պահի դրությամբ ընտրությունների արդյունքների որեւէ բողոքարկում չի եղել, դա չի նշանակում, որ ԿԸՀ նախագահի կուսակցական լինելը պետք է որեւէ կերպ արդարացվի։ Համեմատության համար նշեմ, որ մեր հարեւան գրեթե ոչ մի երկրում կուսակցականը չի դառնում որեւէ անկախ մարմնի անդամ։ Էլ չենք խոսում այն մասին, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ նշանակվեց կամ ընտրվեց (երկու դեպքում էլ) մարդ, որը հրապարակավ հայտարարել էր, որ քաջալերվում է ՀՀ վարչապետի լուսանկարով, որը փակցված է իր գլխավերեւում։ Եվ այնքան էլ ճիշտ չէ խոսել անկախ դատական համակարգի մասին»,- հավելեց Թովմասյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաեւ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին։ «Դա ես համարել եմ որպես պատմական խայտառակություն, երբ իշխող խմբակցության քարտուղարն իրեն պահում էր պատգամավորին ոչ հարիր, սպառնում էր կտրել ընդդիմադիր թեկնածուի ականջներն ու լեզուն։ Եվ դրանից հետո, երբ ես Գլխավոր դատախազին ուղարկեցի համապատասխան գրություն՝ խնդրելով գործողություններ ձեռնարկել քրեաիրավական դաշտում, ստացել եմ մերժում, որ չկա հանցակազմ նրա սպառնալիքների մեջ»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031