Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԿԳՄՍ նախարարությունն արդյունավետության ստուգման սեփական մեխանիզմներ ունի՞». պատգամավորը՝ նախարարին

Մայիս 31,2023 14:56

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը մի քանի հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որը թվեր էի ներկայացնում՝ կապված 2022թ ոլորտի բյուջեի կատարողականի հետ:

Պատգամավորին մասնավորապես հետաքրքրում էր այն, որ ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարի տրամադրումը 75 տոկոս է կազմել, իսկ ատեստավորման նոր համակարգի ներդրմամբ որակի բարձրացումը՝ 81,6 տոկոս: «Ուսուցիչներից մտահոգություններ եմ ստանում՝ կապված ատեստավորման ընթացքի եւ ողջ գործընթացի հետ: Վստահաբար այս արտացոլումը բյուջեի կատարման մեջ նաեւ դրա դրսեւորումն է: Խնդրում եմ անդրադառնալ դրան»,-ասաց Լիլիթ Գալստյանը:

Նրա մյուս հարցերը վերաբերում էին նաեւ հաշվետու տարվա ընթացքում միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրմանը, 300 դպրոցներին ու 500 մանկապարտեզներին ուղղված ծախսերին: Լիլիթ Գալստյանը հետաքրքրվեց՝ այնուամենայնիվ հնարավո՞ր է ունենալ թվային հստակ պատկերը՝ կոնկրետ դպրոցների եւ մանկապարտեզների վերաբերյալ հաշվետու տարվա ընթացքում կատարված աշխատանքների, դրանց աշխարհագրության վերաբերյալ: Պատգամավորին հետաքրքրում էին նաեւ որակական ցուցանիշները, արդյունավետության գնահատումը, որոնք, նրա ձեւակերպմամբ, հանրությանը, հարկատուներին հետաքրքրում են ոչ պակաս, քան թվայինները: Բացի դրանից, նախարարությունն արդյունավետության ստուգման սեփական մեխանիզմներ ունի՞, թե՞ ոչ:

«Ծրագրային բյուջետավորման գործընթացը մինչեւ վերջ տանելն առաջին հերթին պետական մարմինների շահերից է բխում»,-ասաց Ժաննա Անդրեասյանը: Նաեւ հավելեց. «Որակյալ որակական ցուցանիշներ ֆիքսելու համար պետք է ունենալ գնահատելու ժամանակ»: Նա առաջարկեց միասին առանձին քննարկումներ ունենալ նշված թեմաներով: «Եթե մեկս մյուսին հարց տանք՝ ինչպես չափել հանրակրթության ոլորտի որակական ցուցանիշը՝ դպրոցների պահպանման ծախսերի հետեւանքով, սրա վերաբերյալ, թերեւս պետք է մի առանձին հետազոտություն լինի, որովհետեւ մի կողմից ունենք պարտավորություն ֆիքսելու այդ ցուցանիշները, մյուս կողմից պետք է հստակ պատկերացնենք այդ ցուցանիշների իմաստավորվածությունն ու նշանակությունը: Սա հաճախ կրել է իներցիոն բնույթ, որովհետեւ ունենք ցուցանիշներ, որոնք անհիշելի ժամանակներից գործում են ծրագրերի համար, եւ այստեղ կարիք կա վերանայելու»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերվում է ուսուցիչների ատեստավորմանը, նա հետեւյալը նշեց. «Կամավոր ատեստավորման գործընթացի մասով իսկապես ունենք շեղում պլանավորվածից, ինչի մասին խոսել ենք: Մենք ի սկզբանե ուսուցիչների ավելի մեծ մասնակցություն էինք պլանավորում: Բացի դրանից՝ կամավոր ատեստավորման գործընթացը նախորդ տարի իրականացրեցինք շատ բարդ ժամանակաշրջանում, առաջին ատեստավորումը սեպտեմբերի 17-ին էր… »:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031