«Կարծում եմ, որ մեր հանրային միջավայրում առկա հիմնական խնդիրն այս պահին ծայրահեղ անհանդուրժողականության մթնոլորտն է, որը երբեւէ չի կարող տանել ճիշտ ճանապարհով, իրավական ճանապարհով, եւ, հակառակը, հանգեցնելու է հակաիրավական բազմաթիվ երեւույթների, որոնց այսօր էլ ականատես ենք լինում»,- այս մասին Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նա նշեց, որ ատելության խոսքը ոչ միայն հակաիրավական երևույթ է, այլ նաեւ շատ սխալ հասարակական, քաղաքական եւ իրավական մշակույթի է հանգեցնում։ «Այո, ես համամիտ եմ, որ մեր հասարակությունում չկա խնդիրները լուծելու պատշաճ մեթոդների վերաբերյալ տեղեկացվածություն։ Խնդիրը լուծելու մեթոդաբանությունը ոչ թե խնդիրը միասին լուծելն է, հարցը քննարկելը, այլ հակառակը, թե ով ավելի բարձր կարող է դիմացինին վիրավորել, ով ավելի շատ բռնություն կարող է կիրառել մյուսի նկատմամբ։ Եվ այս ամենը հանգեցնում է մեր հասարակությունում առկա ատելության խոսքի, ատելության ու անհանդուրժողական մթնոլորտի ձեւավորմանը, որն էլ իր հերթին հանգեցնում է շատ ավելի լուրջ հակաիրավական խնդիրների։ Շատ դեպքերում ատելության շարժառիթով կատարվող հանցագործությունների է հանգեցնում, նաեւ հասարակական տեսանկյունից շատ բացասական երեւույթների»,- ասաց նա։
Ըստ պաշտպանի՝ հետեւյալ ուղղություններով պետք է աշխատել։ Առաջինը՝ կրթական համակարգի լիակատար բարեփոխում պետք է իրականացվի։ «Շատ կարեւոր է, որպեսզի մենք ունենանք պատշաճ օրենսդրություն, կարողանանք ձեւավորել պատշաճ իրավակիրառ պրակտիկա»,- ասաց նա։ ՄԻՊ-ը նշեց նաեւ, որ հայ հասարակությունը բեւեռացված է գրեթե բոլոր հիմքերով։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ