ՀՀ պետական բյուջեի 2022թ տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ունեն թե խնդիրներ, թե ձեռքբերումներ, սակայն կարեւորը երկուսի մասին էլ խոսելն է:
«Այս տարի 97,3 տոկոս կատարողական ունենք, դա փաստացի կատարողականն է՝ ճշտված բյուջեի նկատմամբ: 2021թ նկատմամբ 2022թ բյուջեն աճել է գրեթե 16 տոկոսով: Կապիտալ ծախսերի մասով ունենք աճ՝ 2021թ նկատմամբ շուրջ 9 մլրդ դրամով, ինչը կարեւոր եմ համարում, որովհետեւ կապիտալ ծախսերի շարունակական թերակատարումների մասին բոլոր ոլորտներում անընդհատ խոսում ենք, ու կարեւոր է տեսնել՝ արդյոք կա՞ դինամիկա, եւ այդ դինամիկան ինչպիսին է: Այդ իմաստով կարծում եմ՝ բավականին կարեւոր ցուցանիշ է, որ 2022թ կապիտալ ծախսերի մասով կարողացել ենք հասնել 19 մլրդ 357 մլն դրամի, եւ սա բավականին լուրջ առաջընթաց է 2021թ իրականացված գործընթացների համեմատությամբ»,-նշեց Ժաննա Անդրեասյանը:
«Միջոցների շուրջ 75 տոկոսը հատկացված է եղել կրթության ոլորտին, այստեղ ունեցել ենք նաեւ էական աճ՝ կապիտալ ծախսերի միջոցով: 2021թ համեմատ կապիտալ ծախսերը կրթության ոլորտում աճել են 104 տոկոսով, մշակույթի ոլորտում 120,7 տոկոսով, սպորտի ոլորտում՝ 201,8 տոկոսով: Սրանք զարգացման տանող ցուցանիշներ են եւ ցույց են տալիս, որ կապիտալ ծախսերի մեծացման ուղղությամբ մեր քաղաքականությունը շարունակական բնույթ է կրում»:
Անդրադառնալով խոշոր ծրագրերին՝ նախարարը խոսեց 300 դպրոցի եւ 500 մանկապարտեզի մասին. «Մենք բավականին մեծ ծավալի աշխատանք արդեն արել էինք նախորդ տարի: Նախ 2 հանգամանք պետք է ընդգծեմ՝ այս աշխատանքները ներառված չեն միայն ԿԳՄՍ նախարարության բյուջեում, եթե որեւէ մեկն ուզում է 300 դպրոցներին եւ 500 մանկապարտեզներին ուղղվող ծախսերը հաշվառել, ապա կարիք կա նայելու նաեւ ՏԿԵՆ-ի բյուջեն, քաղաքապետարանի ծրագրերը, սուբվենցիոն ծրագրերը, որոնք բոլորը միասին գալիս են լրացնելու այս մեծ ծրագիրը»
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ