Լրահոս
Օրվա լրահոսը

Շարքային Պարգեւ Սահակյան. «Ծնողներս ինձ ասել են. մենք քեզ 18 տարի պահել ենք, հիմա դու երկու տարի պետք է երկիրը պահես»

Մայիս 31,2023 14:32

ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցներն այցելեցին հանրապետության հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված զորամաս եւ մարտական հենակետերից մեկը, ծանոթացան զինծառայողների առօրյային, զորամասում անցկացվող ուսումնական պարապմունքներին, իսկ առաջնագծում սեփական աչքով տեսան մարտական հերթապահության կրման պայմանները:

Այցի ընթացքում լրագրողներին հնարավորություն ընձեռվեց զրուցել ինչպես բարձրաստիճան սպաների, այնպես էլ հայրենիքը պաշտպանող մեր հերոս զինվորների հետ: Սակայն որպեսզի հնարավորինս չխաթարվի զորամասի առօրյայի բնական ընթացքը, լրագրողները հակիրճ մեկնաբանություն էին ստանում ոլորտների պատասխանատուներից ու միայն կարճատեւ ընդմիջումների ժամանակ էին զրուցում զինվորների հետ:


Կապիտան Նարեկ Շահնազարյանը, որը զորամասի ֆիզիկական պատրաստվածության եւ սպորտի պետն է՝ ասաց, որ կարեւորություն է տրվում անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության աստիճանի բարձրացմանը, մասնավորապես, մեծ ուշադրություն է դարձվում ուժային եւ ֆիզիկական դիմացկունության վրա: «Իրականացվում են վարժությունների համալիրներ պտտաձողի, մարմնամարզական այլ գործիքների վրա, ամեն օր տարբեր տեղանքներում անցկացվում են տարբեր տարածությունների հաղթահարման վազքեր»,-տեղեկացրեց նա:

Կապիտանը նշեց, որ ֆիզիկական ակտիվությունը նաեւ սպայական անձնակազմի ամենօրյա բաղադրիչն է: Հարցին, թե նորակոչիկի եւ արդեն զորացրվող զինվորի միջեւ ֆիզիկական պատրաստվածության առումով տարբերությունը մե՞ծ է, սպան պատասխանեց, որ նորակոչիկը, որը նոր է սկսում զինվորի համազգեստ կրել եւ զինվորական ծառայությունն ավարտող նույն տղան կոփվածությամբ միմյանցից անճանաչելիորեն տարբերվում են: «Մերոնք քաղաքացիական կյանք ենք վերադարձնում արդեն կոփված ու առողջ հասուն տղամարդու»,-ասաց նա:

Շարքային Պարգեւ Սահակյանը, որի ծառայության ավարտին քիչ ժամանակ է մնացել, հայոց բանակ զորակոչվել է, երբ արդեն ուսանող էր եւ ուսումնասիրում էր իրավագիտություն առարկան: Նրա խոսքով զինվորի կյանքին սովորելու դժվարություն չի ունեցել: «Դա գալիս է ծնողներիցս, որոնք ինձ դրան նախապատրաստել էին՝ ասելով՝ մենք քեզ 18 տարի պահել ենք ու հիմա դու երկու տարի պետք է երկիրը պահես: Այսինքն, դու արդեն դու չես: Թերեւս միայն առաջին օրն եմ մի փոքր անհարմարություն զգացել: Բայց դրանից հետո այն գիտակցությունն է, որ երկու տարի դու պետք է հայրենիքի հանդեպ քո պարտքը կատարես»:

Բայց Պարգեւը նաեւ գիտակցում է, որ միայն այս երկու տարին չէ, որ իրենից պահանջվում է: «Չի բացառվում, որ ծառայությունս ավարտելուց հետո էլ իմ երկիրն իմ կարիքը զգա: Ու մենք բոլորս պարտավոր ենք օգնել մեր հայրենիքին ինչով հնարավոր է»,-ասաց զինվորը:

Հայրենիքի պաշտպանը ծառայության ընթացքում սովորած ամենակարեւոր բանը համարում է կարգապահությունը, ինչը շատ պետքական է լինելու ամբողջ կյանքում»,-վստահ է նա: Ու որպես խոսքերի ապացույց, նրա կրծքին շողացող «Հայոց բանակի գերազանցիկ» մեդալն է, որ տրվում է բարեխիղճ ծառայության եւ բարձր կարգապահության համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031