Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Երանոսյան, Ձեր հեռախոսը հեսա կառգրավեմ․ էս ի՞նչ եք անում։ Հիշում եմ՝ Տիգրան Կարապետիչ կար, իր մոտ հարցազրույց էր, ամբողջ ընթացքում հարամ արեցին»․ հումորային դրվագներ՝ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով դատական նիստին

Մայիս 31,2023 13:49

Հակակոռուպցիոն դատարանում այսօր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ եւս երկու նախկին պաշտոնյաների՝ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով դատական նիստի ընթացքում տեղի ունեցավ վկաների հարցաքննություն։
Հիշեցնենք՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանը եւ եւս երկու նախկին պաշտոնյաներ՝ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանը եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը մեղադրվում են պաշտպանության նախարարությունում եւ ոստիկանությունում գույք եւ պետական միջոցներ վատնելու, պաշտոնեական կեղծիք թույլ տալու ու մի շարք այլ հոդվածներով․ պետությանը պատճառվել է մոտ 114 միլիոն դրամի վնաս։


Դատարանի դահլիճում մայիսի 31-ին հարցաքննվեց Թաթոս Համբարյանը։ Նա ասաց, որ 2010-ին ՀՀ ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնն է զբաղեցրել։ Նշեց, որ հանկարծ մի օր անակնկալ հրաման է եկել, որ ինքը նշանակվում է օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնում ու մանրամասնեց․ «Դրանից հետո ես իմ տեղում եմ մնացել, ոչ մի պաշտոնի փոփոխություն չի եղել։ Մոտ երեք-չորս օրից հրաման է եկել, որ էլի նախկին պաշտոնին եմ նշանակվել»։

Նախագահող դատավորը հարցրեց՝ ո՞վ էր նշանակվել Ձեր պաշտոնին, նա պատասխանեց՝ Յուլյա Գասպարյանը։ Հարցին՝ նրան ճանաչո՞ւմ եք, վկան պատասխանեց՝ չէ, չեմ էլ տեսել։
Դատավորը հարցրեց՝ հրամանը ո՞վ բերեց Ձեզ ծանոթացման։ Թաթոս Համբարյանը պատասխանեց․ «Գործընթաց կա, եթե հրամաններ են գալիս, ամենքին գործավարուհին բերում, ծանոթացնում էր։ Այն ժամանակ Արամյան Վերան էր գործավարուհին։ Լինում է, որ եթե մենք գնում ենք քարտուղարություն, հրաման է լինում, տեղում ծանոթանում ենք»։
Դատավորը հարցրեց՝ որևէ մեկին դիմե՞լ եք, ասե՞լ եք, թե մեկ էլ՝ աշխատասենյակում նստած, հրաման է գալիս, որ իմ պաշտոնը փոխել եք։ Վկան պատասխանեց՝ չեմ հիշում։ Դատավորը հարցրեց՝ իսկ առհասարակ հրամանները քննարկվո՞ւմ են, Թաթոս Համբարյանը պատասխանեց․ «Որպես զինծառայող՝ հրամանները չեմ քննարկում»։ Դատավորն արձագանքեց․ «Սովետմիություն է եղել ձեր զորամասում՝ հրամանը չքննարկել։ Ինչի՞ չպետք է հրամաները քննարկվեն։ Մենք զինծառայող չենք եղե՞լ, չգիտե՞նք՝ զինծառայողն ինչ բան է»։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն, արձագանքելով դատավորին, ասաց․ «Հո բոլորը Ձեզ պես չե՞ն եղել»։

Դատական նիստի ընթացքում փաստաբանների միջնորդությամբ հրապարակեց վկայի՝ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը, քանի որ այնտեղ հակասություններ կային։ Մասնավորապես նա նախաքննական ցուցմունքում նշել է․ «2018-ին նստած էի իմ աշխատասենյակում, երբ Վերա Արամյանն ինձ ծանոթացրեց ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հրամանը, որի համաձայն՝ բաժանմունքի պետի պաշտոնից ազատվել եմ և ոստիկանության զորքերի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնում եմ նշանակվել։ Ինձ հետ որևէ խոսակցություն չէր եղել, որևէ մեկը չէր էլ ասել, որ փոխել է պաշտոնը։ Լևոն Երանոսյանն իմ նախկին պաշտոնին նշանակել էր Յուլյա Գասպարյանին, ում չեմ ճանաչում։ Անակնկալ եկած գնացի կադրերի բաժին ու պարզաբանում պահանջեցի։ Արման Ավետիսյանն ասաց, որ հրահանգ է եղել, որ նման հրամաններ ստորագրվեն։ Բայց ասաց, որ ես որևէ խնդիր չունեմ, մի քանի օրից նորից կնշանակվեմ իմ նախկին պաշտոնին»։

 

Նշենք, որ դատական նիստը բավականին ակտիվ ու երբեմն էլ հումորային մթնոլորտում էր անցնում։ Ընթացքում անընդհատ զանգեր էին գալիս Լևոն Երանոսյանի բջջայինին՝ ձայնն էլ միացրած։ Նախագահող դատավորը կես կատակ-կես լուրջ ասաց․ «Պարոն Երանոսյան, ձեր հեռախոսը հեսա կառգրավեմ․ էս ի՞նչ եք անում։ Պարոն Սաֆարյան, մի բան արեք, էլի։ Էն, որ ես շատ երիտասարդ էի, Տիգրան Կարապետիչ կար, իր մոտ հարցազրույց էր, ամբողջ ընթացքում հարցազրույցը հարամ արեցին։ Հիմա Դուք այսօրվա նիստը որոշել եք․․․»։ Լևոն Երանոսյանը ասաց՝ ճիշտն ասած՝ անջատված է ձայնը, բայց էլի ձայնը գալիս է։ Վլադիմիր Գասպարյանն էլ միջամտեց՝ մեծ մարդ է։ Դատավորը կատակով նշեց․ «Բայց էդ տարիքով ավագ լինելը մենակ Երանոսյանին է վերաբերում, Ձեզ՝ չէ։ Որ Ձեզ ասում են՝ տարիքով ավագ, Դուք ասում եք՝ ես չէ, ես ի՞նչ տարիքով»։ Վլադիմիր Գասպարյանն էլ ասաց՝ դրա մասին չէր խոսքը․ դա տարիքից է, տրամադրությունից։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031