«Ըստ էության, ժողովրդավարության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ծառայել է գործիք, որպեսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին»,- այս մասին այսօր Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա շատ կարեւոր նրբություն է, եւ ես չեմ ուզում քաղաքական բանավեճ հարուցել, բայց այն մոդելը, որ Ղարաբաղի հարցի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են մի քանի հոգի ընդամենը, դրա ամենավատ ապացույցն է։ Եվ ամենամեծ պրոբլեմը, որի հետ մենք բախվել ենք, հենց դա է։ Սա է պատճառը, որ հիմա մենք Ղարաբաղի հարցի մասին ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ ենք իմանում, հայտնի բառերի նոր իմաստներ եւ ենթատեքստեր ենք վերհանում։ Եվ սա շատ կարեւոր նրբություն է»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ պատերազմից հետ, երբ շատ լուրջ բաժանարար գծեր են ի հայտ եկել, շատ հաճախ Հայաստանի քաղաքացիական հասարակության շրջանում քաղաքականացվածության միտումներ են ի հայտ գալիս, որը լրացուցիչ պրոբլեմ է ստեղծում։ «Բայց ես միանշանակ ընդունում եմ, որ այսօր մեր համակարգային ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է պատշաճ ներգրավվածություն ունենա քաղաքականությունների մշակմանը։ Ինչպե՞ս անել, որ դա լինի իսկապես ներգրավվածություն, արդյունավետ եւ ոչ թե անընդհատ բերի խնդիրների, դա ուրիշ խնդիր է, որը մենք անպայման կքննարկենք ու կլուծենք»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ