«Ուզում եմ գովեստի խոսքեր ասել հայ ժողովրդին՝ ժողովրդավարության ասպարեզում իրենց անսասան հանձնառության համար՝ ի հեճուկս անվտանգային դժվարությունների»,- այս մասին այսօր Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
«Սրանով Հայաստանը տարածաշրջանում դառնում է մի պայծառ կետ, ինչը մենք նկատեցինք Freedom House-ի անցած շաբաթ հրապարակած «Անցումային պետություններ» զեկույցում։ Միացյալ Նահանգներն այս ճանապարհին ձեր կողքին է, դեպի ավելի բաց, ավելի հաշվետու, բարեկեցիկ եւ ավելի անվտանգ ապագա։ Միացյալ Նահանգներում մենք կարեւում ենք մարդու իրավունքներն ամենուր, որովհետեւ հաշվի ենք առնում մեր պատմության դասերը, ինչպես պետքարտուղար Բլինքենն է ասել, այս մարտահրավերներին դիմակայելու մեր հանձնառության, մեր թերությունները իմանալու մասին։ Սրանով է տարբերվում ժողովրդավարությունը կառավարման մյուս ձեւերից»,- ասաց նա։
Դեսպանը հավելեց․ «Ես անչափ հպարտ եմ այն աշխատանքով, որը մենք իրականացնում ենք միասին Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Մենք քայլեր ենք ձեռնարկում՝ վերացնելու խտրականությունը։ Եվ խթանում ենք մի հասարակություն, որտեղ հարգվում են բազմազանությունը եւ հասարակության բոլոր անդամների իրավունքները՝ անկախ նրանց կարգավիճակից, դիրքից։ ԱՄՆ-ն աջակցում է ձեր ջանքերին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, ամրապնդելու օրենքի գերակայությունը, ինչը մեծացնելու է հասարակության վստահությունը ժողովրդավարական գործընթացների նկատմամբ։ Մենք միասին աշխատում ենք մամուլի ազատությունը խթանելու ուղղությամբ եւ ապահովելու տեղեկատվության ազատ հոսքը, խոսքի ազատությունը։ Մենք նաեւ կառուցում ենք առավել դիմակայուն հիմքեր ժողովրդավարության համար»։
Ըստ դեսպանի՝ երկրորդ ֆորումը կարեւոր հարթակ է՝ լավագույն փորձին անդրադառնալու եւ դաշինքներ ձեւավորելու համար։ «Միասին մենք կարող ենք հաղթահարել մարտահրավերները, կերտել ապագա, որտեղ ազատությունը, արդարությունը եւ ժողովրդավարությունը գերակայում են»,- ընդգծեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տիկին Դեսպան,
Քանի՞ հաջողած փորձ ենք (ես կիսում եմ այս տխուր փաստի պատասխանատվությունը) ունեցել «Միասին մենք կարող ենք հաղթահարել մարտահրավերները, կերտել ապագա, որտեղ ազատությունը, արդարությունը եւ ժողովրդավարությունը գերակայում են»: “Պայծառ կետ”-երը աշխարհով մեկ, իրականում դարձել են ապականման ու մշտական արյունահոսող կետեր: Բնակչությունը լքել է այդ “Պայծառ կետերը” և միգրացիոն ճդնաժամերը Ձեզ ապացույց: Այս օրերին NATO-ի ռազմական միջամտությունը անհրաժեշտ է նման “Պայծառ կետ” Կոսովոն հանդարտեցնելու համար: Վերջերս Էրդողանի վերընտրվելու գործիքներից մեկը Սիրիայի պատերազմի ~4 միլիոն փախստականներով Եվրոպան վողողելու վտանգն էր:
Միթէ՞ կարծում եք որ հայը այնքան անիրավունք է, որ չի հայտնի Ձեզ որ գիտի ինչն է բուն պատճարը Ձեր հիացմունքի:
Տիկին Դեսպան,
Երևի քաջատեղյակ եք, որ այս պահին երբ Դուք և պարոն Աբրամիվիչը (Freedom House) գովաբանում եք ժողովրդավար Հայաստանի զոհաբերումը իր ազգային շահերի հանուն մարդկության պայծառ ապագայի, հենց նույն այս պահին America House ֆորումի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների գծով օգնական Ջեֆրի Պայետը բարձր է գնահատում ոչժողորդավար, բռնապետ Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Նույն պետքարտուղարի երկու աշխատակից եք Դուք և պարոն Պայետը, կողմնորոշվեք պայծառ կետերի վերաբերյալ: