Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում տարիներ շարունակ ժողովրդավարությունը ստորադասվել է անվտանգությանը, այսօր ժողովրդավարությունը կայացած փաստ է»․ Վահագն Խաչատուրյան

Մայիս 31,2023 11:12

«Անկախության ավելի քան երեք տասնամյակի ընթացքում ժողովրդավարության հաղթանակը մեր երկրում կերտվում էր բազմաթիվ ու տարաբնույթ խոչընդոտների, պետական կառավարման համակարգում արատավոր երեւույթների, կիսապատերազմական իրադրության, անվտանգային լրջագույն մարտահրավերների առկայության պարագայում։ Բայց ի պատիվ ՀՀ քաղաքացիների՝ մենք այսօր վստահությամբ կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարությունն արդեն իսկ կայացած փաստ է մեր երկրում»,- այսօր Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ֆորումը կազմակերպվել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից։

Ըստ Խաչատուրյանի՝ 2020 թվականի պատերազմը, դրան հաջորդած արտաքին ու ներքին խնդիրներն ու մարտահրավերները լուրջ փորձություն էին Հայաստանում ժողովրդավարական արժեքների ու գաղափարների համար։ «Բայց ամենակարեւորն այս իրադրության մեջ այն էր, որ հայաստանյան իշխանությունները, չնահանջելով ժողովրդավարության էությունից եւ սկզբունքներից, գնացին խնդիրների լուծման ամենադեմոկրատական եւ ընդունելի ճանապարհով։ Ես նկատի ունեմ 2021 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունը, որը դարձավ մեր քաղաքացիների կամարտահայտման ամենագործուն եւ թափանցիկ միջոցը»,- հավելեց նա։

Խաչատուրյանն ասաց, որ ցանկանում է անդրադառնալ նաեւ մի իրողության, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս։ «Գաղտնիք չէ, որ մեր երկրի արտաքին մարտահրավերների, Ղարաբաղյան հիմնախնդրի առկայության պայմաններում տարիներ շարունակ ժողովրդավարությունը ստորադասվել է անվտանգության խնդիրներին։ Ամենաբարձր մակարդակով անտեսվել է ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, որը փորձ է արվել ներկայացնել որպես սպառնալիք։ Նման հակադրությունը ոչ միայն անհիմն է, այլ ընդհակառակը, ժողովրդավարությունը պետության ամրության եւ հզորացման առաջնային երաշխիքներից է։ Ի վերջո, Հայաստանի Անկախության հանրաքվեն, առաջին նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կայացել են մեզ պարտադրված պատերազմի պայմաններում։ Ասել է, թե մեր պետականությունն ինչ-որ իմաստով նաեւ ժողովրդավարության ծնունդ է։ Նույն իրավիճակն է նաեւ այսօր, երբ դեռ թարմ են 2020 թվականի պատերազմի վերքերը, երկիրը դեռ նոր է ուշքի գալիս ծանր կորուստներից, երբ թվում էր, թե ժողովրդավարական ինստիտուտները պետք է հետին պլան մղվեին, բայց հայաստանյան իշխանությունը լուծումը գտավ հենց ժողովրդավարության մեջ։ Ես համոզված եմ, որ ժողովրդավարությունն է այն զենքը, որով մենք պետք է եւ կարող ենք ներկայանալ աշխարհին»,- ասաց նա։

Խաչատուրյանը հավելեց՝ ժողովրդավարությունը ենթադրում է նաեւ խաղաղություն, առանց դրա հնարավոր չէ կամ դժվար է ունենալ կայացած ժողովրդավարական ինստիտուտներ։ «Եվ այս առումով Հայաստանը հաստատակամորեն շարժվում է դեպի ժողովրդավարություն եւ դեպի խաղաղություն»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031